«ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում չի փոխվի». վրացի դիվանագետ

«Պետք է հաշվի առնել, որ Թրամփը լինելու է մի երկրի նախագահ, որտեղ գործում են կայացած ինստիտուտներ, որոնք կարող են զսպել նախագահին անհրաժեշտության դեպքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ԱՄՆ-ում հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակին։

Դիվանագետն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները պատմական որակեց՝ ընդգծելով հատկապես Դոնալդ Թրամփի կերպարը, որը, նրա գնահատմամբ, թվում էր, թե հարիր չէ ԱՄՆ նախագահի պաշտոնին։ Սակայն, ըստ նրա, պարզվեց, որ նրա թիմն իսկապես լավ աշխատեց և արտահայտեց այն ամենը, ինչ ցանկանում էր լսել ամերիկացի ժողովուրդը։

«Իհարկե, այս արդյունքը վախեցնող է՝ հաշվի առնելով Թրամփի՝ ոչ ավանդական քաղաքական գործչի կերպարը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նա լինելու է մի երկրի նախագահ, որտեղ գործում են կայացած ինստիտուտներ, որոնք կարող են զսպել  նախագահին անհրաժեշտության դեպքում, թեև Կոնգրեսում և Սենատում ևս հանրապետականները մեծամասնություն են կազմում, այնուամենայնիվ, կարծում եմ, զսպումների և հակակշիռների մեխանիզմն այնտեղ գործում է արդյունավետորեն։ Իմ համոզմամբ, Կոնգրեսում հանրապետականների մեծամասնությունը մեծ աջակցություն չի լինելու Թրամփի համար, քանի որ նրա թեկնածության շուրջ հանրապետականների կարծիքները կիսվել էին, ավելին, լուրջ տարաձայնություններ էին առաջացել։ Դեռ վաղ է բացասական կանխատեսումներ անելու համար, քանի որ ԱՄՆ-ը կայացած քաղաքական համակարգ և ինստիտուտներ ունեցող երկիր է։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ Հիլարիին ամերիկացի ժողովուրդը հիշում էր դեռևս իր նախորդ պաշտոններում վարած քաղաքականությամբ, ինչը միանշանակ չէր, կարծում եմ՝ այդ հանգամանքը բավականին բարձր դերակատարություն ունեցավ»,- նման տեսակետ հայտնեց վրացի դիվանագետը։

Հարցին, թե ինչպիսի՞ մոտեցումներ կորդեգրի Թրամփն արտաքին քաղաքականության հարցում,  Մենագարիշվիլին պատասխանեց, որ դատելով Թրամփի նախընտրական ելույթներից՝ կար մի քանի ուղղություն, որոնցից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն էր և  ԱՄՆ-ի միջազգային կապերի, պարտավորությունների հավասարակշռումը, ինչպես Ճապոնիայի հետ հարաբերություններում, և այլն։

«Ուշագրավ է, թե ինչպես է Թրամփը սկսելու հաղորդակցվել Ռուսաստանի հետ, որի առնչությամբ արդեն բազում հայտարարություններ է արել՝ խոստանալով կառուցել նախանձելի հարաբերություններ Պուտինի հետ, չմեղադրել նրան Ուկրաինայի, Սիրիայի համար։ Սրանք վիճահարույց հարցեր են, քանի որ կա՛մ Թրամփը պետք է ամբողջությամբ զիջի ԱՄՆ-ի դիրքերը Ռուսաստանի առջև, կա՛մ էլ դիմակայությունը պետք է շարունակվի։ Կարծում եմ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն անփոփոխ կմնան, դա պայմանավորված է ԱՄՆ-ի կայացած քաղաքական համակարգով, պարզապես կնկատվի մոտեցումների տարբերություն նախորդ և ներկայիս նախագահների միջև»,- պարզաբանեց նախկին նախարարը։ Նրա համոզմամբ՝ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունը չի փոխվի։ «Վրաստանն ընթանում է եվրաատլանտյան ինտեգրացիայի ուղիով, այս համատեքստում գործընկերային են վրաց-ամերիկյան հարաբերությունները, որոնք կպահպանեն իրենց ծավալը։ Կարծում եմ՝ նույնը վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Թուրքիային, թե՛ Իրանին, թե՛ Ադրբեջանին։ Չեմ բացառում ամերիկյան քաղաքականության փոփոխություն Սիրիայում, դիրքերի թուլացում»,- նկատեց նա։

Հարցին, թե ի՞նչ կարելի է ԱՄՆ դիրքորոշումից սպասել ԼՂ հակամարտության գոտում՝ Մենագարիշվիլին պատասխանեց, որ ԱՄՆ տարածաշրջանային ներկայության «կետերը» չեն փոխվի։ Դրանցից մեկը, նրա որակմամբ, ԼՂ հակամարտությունն է, որում ԱՄՆ-ը՝ որպես միջնորդ, իր դերակատարությունն ունի։ «Կարծում եմ՝ այստեղ ոչինչ չի փոխվելու, եթե այլ անակնկալներ ի հայտ չգան։ Ամեն դեպքում Թրամփից անդրադարձ Հարավային Կովկասին չեմ լսել»,- ասաց վրացի վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս