Բաժիններ՝

Իրաքը Թուրքիային անակնկալ առաջարկ է արել

Իրաքի իշխանությունները Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում տեղակայված թուրքական 2 հազարանոց զորամիավորման շուրջ թուրք­իրաքյան լարված հարաբերությունների ֆոնին Թուրքիային անակնկալ առաջարկ են արել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

«Բաշիքայի ռազմակայանում գտնվող թուրքական 2 հազարանոց զորամիավորումը թող մնա, բայց Իրաքի վերահսկողության ներքո».­ ասվում է Բաղդադի առաջարկում: Թուրք­իրաքյան հարաբերությունները լարվել էին, երբ Թուրքիայի մեջլիսը կողմ էր քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:

Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում` պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Թուրքական կողմը, սակայն, մերժել էր այդ պահանջը:

Հոկտեմբերի 5­ին Անկարան և Բաղդադը կանչել էին հակառակ երկրի դեսպաններին` հայտնելու իրենց մտահոգությունը խնդրի առնչությամբ:

Իրաքը հոկտեմբերի 6­-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ գումարել` կապված իր տարածքում թուրքական զինված ուժերի ներկայության անօրինականության հետ:

Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բեշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015 թվականից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդական փեշմերգային վարժեցնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս