«Թրա՞մփ, թե՞ Քլինթոն. ո՞վ կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում և ի՞նչ խնդիրներ պետք է դնի ԱՄՆ հայ համայնքը նորընտիր նախագահի առջև». ամփոփում է Սուրեն Սարգսյանը
Նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների, Հանրապետական Դոնալդ Թրամփի կամ Դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակի հնարավորությունների, ընտրապայքարի առանձնահատկությունների շուրջ 168.am-ը զրուցել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, եթե նախագահական ընտրությունների նախօրեին ամփոփենք թեժ ընտրապայքարը, որին բավականին երկար ժամանակ մենք բոլորս հետևեցինք, ի՞նչ ցույց տվեց այս ընտրապայքարն ամերիկյան քաղաքական կյանքի մասին, այսինքն՝ ինչո՞վ նշանավորվեց, ինչո՞վ առանձնացավ։
– Ընտրապայքարը գնահատելիս՝ պետք է ընդգծենք, որ սա իսկապես բացառիկ ընտրապայքար էր ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ։ Այն առանձնացավ իր ագրեսիվությամբ, թեկնածուներն առավել կենտրոնացան անձերի, քան հիմնական խնդիրների վրա, որոնք այսօր կան ԱՄՆ-ում։ Բացառիկ ագրեսիվ էր իրեն դրսևորում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն այս ողջ ընթացքում՝ վիրավորելով և՛ մյուս թեկնածուին, և՛ նրա ընտրազանգվածին։ Այսինքն՝ բավականին ագրեսիվ և բացառիկ մրցապայքար էր։
– Միջազգային մամուլը, փորձագիտական հանրությունը քննարկում է, թե որն էր Դոնալդ Թրամփի՝ մինչ այս փուլը հասնելու հաջողության գրավականը։ Ամերիկացի քաղաքական գործիչները, քաղաքագետները ծիծաղելի էին համարում նրա հաղթանակի հնարավորությունը, այնուամենայնիվ ներկայումս նա քիչ է զիջում իր մրցակից Քլինթոնին։ Դուք նրա ֆենոմենն ինչո՞վ եք բացատրում։
– Գլխավոր պատճառն այն էր, որ նրան լուրջ չէին վերաբերվում։ Երկրորդը՝ Թրամփը չափազանց պրոֆեսիոնալ աշխատանք կատարեց, նրա քաղաքական թիմը լուրջ աշխատանք կատարեց, որպեսզի Թրամփին հասցնի նրան, որ Թրամփը դառնա Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուն, քանի որ Հանրապետական կուսակցությունը չափազանց թանկ գին վճարեց դրա համար, որովհետև մեծ հաշվով կուսակցության ներսում ևս երկպառակություն առաջացավ Թրամփի թեկնածության շուրջ։ Կարծում եմ՝ պետք է առանձնացնել նաև Թրամփի նախընտրական արշավի պրոֆեսիոնալ աշխատանքը, որովհետև շատ լուրջ աշխատանք էր տարվում, և սոցիալական հարցումների, մարկետինգի տեսանկյունից՝ շատ լավ ուսումնասիրվում էր, թե ինչ է ցանկանում շարքային ամերիկացին լսել Թրամփից կամ Հանրապետական կուսակցության թեկնածուից, և հենց դա էլ ասում էր։ Զարմանալիորեն, երբ նա խոսում էր մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու մասին, ամերիկաբնակ մուսուլմանների շրջանում, իսկ այնտեղ մոտավորապես 3 միլիոն մուսուլման է բնակվում, Թրամփի հայտնիության կամ աջակցության գործակիցը զարմանալիորեն աճում էր, այսինքն՝ կան ԱՄՆ-ում մարդիկ, ովքեր համարում են, որ պետք է թույլ չտալ մուսուլմանների ներգաղթն ԱՄՆ։ Սա զարմանալի, բայց աշխատող տարբերակ էր։ Նույնը տեղի էր ունենում լատինաամերիկացիների հետ կապված, երբ Թրամփը հայտարարում էր, որ պետք է պատ կառուցել և արգելել մեքսիկների մուտքն ԱՄՆ, նրա վարկանիշը կրկին բարձրանում էր։ Այսինքն՝ լուրջ, պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել Թրամփի նախընտրական շտաբի կողմից, ինչը տվեց իր արդյունքները, և Թրամփը կարողացավ հաղթել այնպիսի գիգանտ թեկնածուի, ինչպիսին Ջեբ Բուշն էր, որի հայրը և եղբայրն ԱՄՆ նախագահներ էին եղել։
– Այս պահին թեկնածուների հաղթելու հնարավորությունները որքա՞ն եք գնահատում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հարցումները ցույց են տալիս, որ նրանց հնարավորությունները համարյա թե հավասար են՝ մի քանի տոկոսի տարբերությամբ։
– ԱՄՆ ընտրական համակարգն առանձնահատկություններ ունի։ Պետք է հաշվի առնել, որ երկու գործընթաց է տեղի ունենում՝ դա ժողովրդի կողմից ընտրությունն է և ընտրությունն ընտրիչների կողմից։ Երբ ժողովուրդը գնում-մասնակցում է ընտրություններին, ձայնը տալիս է իր թեկնածուին, իրականում ձայնը տալիս է ոչ թե թեկնածուին, այլ ընտրիչներին, ովքեր գնում են և ընտրում իրենց կուսակցության թեկնածուին, այսինքն՝ մեծ հաշվով՝ սա երկաստիճան ընտրական համակարգ է, որն ԱՄՆ պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ եթե նույնիսկ մեծամասնությունն ընտրի, ենթադրենք, Թրամփին, ապա, շատ հնարավոր է, որ այդ ընտրիչների մեխանիզմի շնորհիվ, որոնց թիվը 270-ն է, այսինքն՝ այդքան ձայն է անհրաժեշտ, որպեսզի հաջորդ նախագահն ընտրվի, ընտրության վերջնարդյունքն այլ լինի։ ԱՄՆ պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ, օրինակ, ավելի շատ ձայներ ստացավ Ջոն Քերին, բայց արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Ջորջ Բուշը, որովհետև ընտրիչները չորս ձայնով ավելի էին քվեարկել Բուշի օգտին։ Սա առանձնահատկություն է, որը պետք է խորը ուսումնասիրել և հասկանալ դրա իմաստն ու նպատակը։
Կարծում եմ, որ հաղթանակը տրվելու է Հիլարի Քլինթոնին, բայց բավականին մեծ դժվարությամբ։ Պետք է նաև հաշվի առնել, որ Հիլարի Քլինթոնի կողմնակիցները շատ վստահ են, որ Հիլարին հաղթելու է, և սա շատ վտանգավոր երևույթ կարող է լինել, քանի որ միգուցե շատ մարդիկ հանգիստ լինեն, որ Հիլարին կընտրվի, և չմասնակցեն ընտրություններին, ինչն ուղղակիորեն կբարձրացնի Թրամփի հնարավորությունները, քանի որ վերջինիս կողմնակիցներն առավել ագրեսիվ, առավել տրամադրված են և մեծ ակտիվությամբ մասնակցելու են ընտրություններին՝ քվեարկելով իրենց թեկնածուի օգտին։
– Մեզ թեկնածուների ծրագրում հետաքրքրում է Հարավային Կովկասը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունները, 907-րդ բանաձևի ուղղությամբ քայլերը։ Եթե ուսումնասիրել եք, ի՞նչ պետք է ակնկալել Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունից յուրաքանչյուր թեկնածուի հաղթանակի դեպքում։ Եթե Քլինթոնի դեպքում այդ քաղաքականությունը որոշակիորեն ուրվագծված է՝ հաշվի առնելով նրա պետքարտուղարության ժամանակահատվածը, ապա Դոնալդ Թրամփի վերաբերմունքն այս տարածաշրջանի նկատմամբ անհայտ է։
– Թեկնածուներից որևէ մեկը երբևէ հայտարարություն չի արել Հայաստանի, ԼՂ հիմնախնդրի, Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ։ Առանձին հայտարարություններ եղել են մշտապես Ռուսաստանի վերաբերյալ, Իրանի, Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, բայց դրանք եղել են աշխարհաքաղաքական կամ երկկողմ կոնտեքստում։
Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա Հիլարի Քլինթոնը, կարծում եմ, ընտրվելով նախագահի պաշտոնում՝ շարունակելու է այն քաղաքականությունը, որը որդեգրել էր Պետդեպարտամենտը ղեկավարելիս, և այն նույն քաղաքականությունը, որը Բարաք Օբաման վարում է այսօր։ Ըստ էության, այս քաղաքականության առանձնահատկություններին մենք տեղյակ ենք, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Քլինթոնը բավականին լավ է ճանաչում տարածաշրջանը, երկու անգամ եղել է Երևանում, Ցեղասպանության խնդրի հետ կապված ունի դիրքորոշում, որը երբևիցե չի արտահայտել, շատ լավ տիրապետում է ԼՂ հիմնախնդրին։
Այս բոլոր խնդիրներին չի տիրապետում Դոնալդ Թրամփը, բացարձակ պատկերացում չունի տարածաշրջանի վերաբերյալ, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, այդ իսկ պատճառով երբևէ որևէ հայտարարություն չի արել։
Սակայն անդրադառնանք երրորդ բաղադրիչին՝ հայկական համայնքի դերին ու նշանակությանն այս ընտրություններում։ Նախ՝ ասեմ, որ հայկական համայնքը շատ պասիվ դեր է ստանձնել, պարզապես քվեարկողի դեր։ Հայկական կազմակերպությունները միայն հայտարարել են, որ որևէ կերպ չեն աջակցելու ոչ Հիլարի Քլինթոնին, ոչ Դոնալդ Թրամփին, բայց մեր համայնքն այսօր պետք է արդեն թեկնածուների առջև խնդիր ձևակերպեր և ասեր, որ ներկայումս Հայաստանը չափազանց լուրջ անվտանգության խնդիր ունի։ Ողջ հայությունը պետք է միասնական կերպով պահանջի ԱՄՆ նորընտիր նախագահից աջակցություն ՀՀ անվտանգությանը կամ երաշխիքներ ՀՀ-ին և ԼՂՀ-ին։ Սա իսկապես լրջագույն մարտահրավեր է, որի առջև կանգնած են այսօր ՀՀ-ն ու ԼՂՀ-ն։ Այս հարցը կարող է բարձրացվել երկկողմ հարաբերությունների մակարդակով, բազմակողմ հարաբերությունների մակարդակով, սա կարող է լինել ՄԽ համանախագահների ձևաչափով, բայց ինչ-որ կերպ ԱՄՆ-ն պետք է կարևորի ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությունը, քանի որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ այսօր ՀՀ-ի և ԼՂՀ-ի առաջին մարտահրավերը հենց պատերազմի անմիջական վտանգն է, որն իր ետևից կարող է բերել շատ հետևանքներ, այդ թվում՝ Ցեղասպանության կրկնություն։
1992 թվականին ԱՄՆ Սենատն ու Կոնգրեսը համատեղ ընդունել էին 907-րդ բանաձևը, որի համահեղինակներն էին ներկայիս պետքարտուղար Ջոն Քերին և փոխնախագահ Ջո Բայդենը։ Այդ ժամանակներն անցել են, նրանք հետևողական չեն եղել այս նախագծի վերաբերյալ, նույնկերպ անհետևողական են գտնվել հայ համայնքի ներկայացուցիչները։ 907-րդ բանաձևը, մեծ հաշվով, արգելում է ԱՄՆ-ին՝ օգնություն տրամադրել Ադրբեջանին։ 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ԱՄՆ նախագահը խնդրեց Կոնգրեսին և Սենատին իրեն հնարավորություն տալ աջակցություն տրամադրել Ադրբեջանին, որպեսզի միասին պայքարեն ահաբեկչության դեմ։ Այդ հնարավորությունն ամեն տարի ԱՄՆ օրենսդիրը տալիս է նախագահին, և՝ պայմանով, որ Ադրբեջանը չի օգտագործի այս հնարավորությունը Հայաստանի և ԼՂՀ-ի ժողովրդի դեմ։ Բայց Ադրբեջանը սկսեց ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանալ ռազմական կրթության տեսքով, այսինքն՝ տարեկան միլիոնավոր դոլարների ծրագրեր են իրականացվում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի սպայական անձնակազմի վերապատրաստման համար։ Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ հայկական զինված ուժերի կողմից ԼՂ Թալիշ գյուղում ոչնչացվեցին երկու ադրբեջանցի պրոֆեսիոնալ դիվերսանտներ, որոնք պրոֆեսիոնալ կրթություն էին ստացել ԱՄՆ բարձրագույն ռազմական և ռազմահետախուզական ուսումնական հաստատություններում։ Այսինքն՝ այստեղ լուրջ խնդիր է առաջացել, քանի որ Ալիևը խաբել է Պենտագոնին, իսկ Պենտագոնն իր հերթին՝ խախտել է օրենքը։ Ուստի, եթե մենք այս հարցում հետևողական աշխատանք տանենք, կարծում եմ, որ հնարավոր կլինի պահանջել, որպեսզի Ադրբեջանին որևէ օգնություն որևէ կերպով ԱՄՆ-ը չտրամադրի։ Դա շատ կարևոր խնդիր է, որի վրա մեր ամբողջ համայնքը պետք է ուշադրություն դարձնի և բացառի Ադրբեջանի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը, քանի որ Ադրբեջանն անվստահելի գործընկեր է, և Ադրբեջանի գործողությունների հետևանքով խախտվել է ԱՄՆ-ի օրենսդրությունը։
– Ի՞նչ գործիքներ եք տեսնում 907-րդ բանաձևի ամրապնդման համար։
– Մենք ունենք լոբբիստական լուրջ ազդեցություն Վաշինգտոնում, ունենք կայացած կառույցներ, որոնք էական աշխատանք են կատարել այս տարիների ընթացքում Հայաստանի համար և լուրջ խնդիրներ են լուծել և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի համար։ Չմոռանանք, որ ԱՄՆ-ը ՀՀ-ից հետո միակ պետություն է, որն ուղղակի աջակցություն է տրամադրում ԼՂՀ-ին։ Սա նույն լոբբիստների աշխատանքի արդյունքն է և մի շարք այլ աշխատանքներ, որոնք եղել են չափազանց արդյունավետ։ Ներկայումս ժամանակն է, որպեսզի հայ համայնքը և հայկական լոբբիստական կառույցները միավորվեն և սկսեն ԱՄՆ-ից պահանջել օգտագործել ԱՄՆ ազդեցությունն Ադրբեջանի, Հայաստանի նկատմամբ՝ հնարավորինս սահմանափակելով Ադրբեջանի հնարավոր ագրեսիան, որը ժամանակ առ ժամանակ պոռկթում է, և մենք գիտենք, թե ինչ հետևանքների է հանգեցնում։
– Պարոն Սարգսյան, ավարտելով մեր զրույցի հիմնական թեման, գտնում եք, որ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում Հարավային Կովկասում Օբամայի վարած արտաքին քաղաքականության էական փոփոխություն չե՞նք տեսնելու։
– Ես կանխատեսում եմ, որ ԼՂ բանակցային գործընթացում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվելու: Այսինքն՝ այն, ինչ ԱՄՆ-ը ասում, անում և հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, մնալու է նույնը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հիլարին հաղթանակի դեպքում վերադառնալու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, չնայած այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ձևաչափով՝ արձանագրությունների՞, թե՞ այլ, բայց ես վստահ եմ, որ նման փորձ ԱՄՆ ղեկավարությունն իրականացնելու է։