«Սա այլընտրանք չունեցող քայլ է». ԱՆ փոխնախարար

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանն այսօր ներկայացրեց կառավարության ծրագրի շրջանակներում նախատեսվող սկզբունքային ուղղություններն ու գործողությունները։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն ասաց, որ առաջին գործնական ուղղությունը պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումն է։

«Եթե դիտարկում ենք հարցի ֆինանսական կողմը, պետությունն այսօր մոտ 85 մլրդ դրամ է ծախսում առողջապահության վրա (Առողջապահության նախարարության բյուջեն կազմում է 85 մլրդ 772 մլն դրամ), ըստ էության, մոտ 77 մլրդ-ը պետական առողջապահական գործակալության միջոցով պետպատվերի շրջանակներում գնվող ծառայություններն են։ Պետությունը վճարում է բուժհիմնարկներին՝ պետական և մասնավոր, քաղաքացիների համար բժշկական ծառայություն գնելու համար»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ գործող մեխանիզմներում ցանկանում են մեծացնել թափանցիկությունը և գլոբալ վերանայման միջոցով և առավել արդյունավետ օգտագործել այդ սահմանափակ ռեսուրսը, այն լինի առավել հասցեական։ «Հարցը պետք է դիտարկենք երկու կտրվածքով՝ ում է հասնում դա, և ինչի համար ենք վճարում։ Սա բավականին հետաքրքիր, բայց մեծ ջանքեր պահանջող աշխատանք է, որը նախատեսում ենք իրականացնել մոտակա 1-2 ամսվա ընթացքում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ամբողջական նոր «պրոդուկտ» և պատկեր կունենանք 2018թ. համար։ Նա նշեց, որ այս առնչությամբ ցանկը, փաստաթղթերը պետք է պարզ, հստակ լինեն։

Հաջորդ ուղղությունը, ըստ Սամվել Մարգարյանի՝ էլեկտրոնային առողջապահության ներդրումն է. «Համաշխարհային բանկի աջակցությամբ դեռ 2-3 տարի առաջ սկսվել էր, այսպես կոչված, e-health համակարգի մշակումը, որին մասնակցում էին թե ապահովագրական ընկերությունները, թե առողջապահության համակարգը՝ ի դեմս Առողջապահության նախարարության, թե մի քանի IT ընկերություններ։

Մշակվել է մի համակարգ, որը թույլ է տալիս, կոպիտ ասած, ամբողջ առողջապահությունը կառուցել մեկ էլեկտրոնային պլատֆորմի վրա։ Սա լուրջ ճկունություն է տալիս, սա վերահսկողական լուրջ մեխանիզմ է բժշկության նկատմամբ և անգամներով ավելացնում է բուժհիմնարկներ-պետություն կապի արդյունավետությունը, պոտենցիալում՝ բուժհիմնարկներ-ապահովագրական ընկերությունների կապի իմաստով»։ Փոխնախարարի խոսքով՝ սա կազդի յուրաքանչյուր անձի բուժման պրոցեսի վրա. բժիշկը կկարողանա տեսնել նախորդ միջամտությունները։

Կարդացեք նաև

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա լուրջ ազդեցություն է ունենում անհետաձգելի դեպքերում, երբ մարդուն անգիտակից վիճակում տանում են հիվանդանոց. այն բոլոր հարցերի պատասխանները, որ բժիշկը պետք է տար, ըստ էության, արդեն կան համակարգում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ սա այլընտրանք չունեցող քայլ է. ցանկացած երկիր, որը ցանկանում է կայացնել առողջապահությունը, պետք է ունենա այս համակարգը։ Ըստ Սամվել Մարգարյանի՝ սա նաև մեծացնում է առողջապահական համակարգի թափանցիկությունը։ Նրա խոսքով՝ ծրագրի պիլոտային փուլն արդեն հաջողությամբ ավարտվել է, այժմ աշխատանքային խումբը զբաղվում է ծրագրի գործնական ներդրմամբ։

Երրորդ ուղղությունը, ըստ նախարարի տեղակալի՝ բժշկական ուղեցույցների տեղայնացումը և ներդրումն է։ Նա նշեց, որ մարդկային լեզվով ասած՝ ներկայացված են բուժման կանոնները. սա բարձրացնում է բուժական պրոցեսի թափանցիկությունը. մյուս կողմից՝ բժշկին զերծ է պահում սխալ քայլերից։ Սա ևս հսկայական աշխատանք է։ Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է նաև բժշկական հաշտարարի ինստիտուտ ներդնել. նախատեսվում է բողոքների երկաստիճան համակարգ։ Առաջին փուլում բողոքն ուղղվում է բուժհիմնարկին, չբավարարվելու դեպքում՝ կարող են դիմել հաշտարարին։

Անդրադառնալով հեծանիվով աշխատանքի գալու և առհասարակ հեծանիվով շրջելու փաստին՝ փոխնախարարն ասաց, թե սովոր է, որ քննարկեն իր աշխատանքը, և ոչ թե՝ անձը. «Ես կկիսեմ, ճիշտն ասած, այն բոլոր մարդկանց կարծիքը, որ ժամանակավրեպ է, որ բոլորը հեծանիվ քշեն։ Մեր քաղաքում հեծանիվ քշելն ամենաանվտանգ գործողություններից մեկը չէ։ Այդպես ստացվել է, որ ես մի փոքր ավելի արհեստավարժ եմ ու լավ եմ քշում։ Դա իմ անձնական որոշումն է։ Ինձ մի անգամ էլ հարցրին՝ Դուք կուզե՞ք օրինակ ծառայել. ամենևին, ես այդ միսիան չունեմ, ու դա PR քայլ չէր, և ես ամենաշատն եմ զղջում, որ դա ինչ-որ ձևով հայտնվեց մամուլում, սոցիալական ցանցերում, նույնիսկ ինձ ստիպեց հեռանալ սոցիալական ցանցերից»։ Նախարարի տեղակալն ասաց, որ շարունակում է հեծանիվ վարել, և դա իր անձնական որոշումն է։

Տեսանյութեր

Լրահոս