«Այս ժողովուրդն անկախություն չի ուզում». Սամվել Շահինյան

«Ոչ մի հույս չեմ կապում կառավարության փոփոխության հետ. ուղղակի ռուսամետ կլանը հաջողության է հասել: Ես ուզում եմ հայկական իշխանությունները վարեն մեր կեցվածքին, պատմությանը, մշակույթին հարիր քաղաքականություն: Եթե այսօր ռուսաստանաբնակ իմ ընկերները, որոնք բավականին կիրթ, պատմությունն իմացող մարդիկ են, ինձ ասում են՝ արա, դե միացեք Ռուսաստանին, պրծեք, էլի, ես ապշում եմ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության փոփոխությանը՝ նման կարծիք հայտնեց «Ազգային պետություն» կուսակցության նախագահ, ազատագրական ջոկատի հրամանատար, Հայաստանի վերջին Գերագույն խորհրդի  (ԳԽ) պատգամավոր և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, այժմ՝  Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը:

Նրա խոսքով՝ մեզ դեռևս ղեկավարում է սովետական մարդը: «Նայեք իշխանություններին՝ կամ նախկին կոմսոմոլներ են, կամ կուսակցականներ են, կամ նոմենկլատուրայի երեխաներ են»,- ասում է նա:

Նրա կարծիքով՝ մեր ժողովուրդն էլ է դեռևս հոմոսովետիկուս.

«Հոմոսովետիկուսն այն տնօրենն է, որն աշխատում է հացի գործարանում ու չի կարողանում պատկերացնել, որ իր կինը պետք է գնա՝ հացի խանութից հաց գնի… Այդ ժողովուրդն է դեռ: Եթե մարդուն ընտրել են դեպուտատ կամ նախագահ, մտածում է՝ այդ ամբողջը պետք է վերցնի, տանի տուն, ինչպես այն հացի գործարանի տնօրենն իր տուն պետք է տաներ ոչ միայն հացը, այլև հատուկ վարպետների կողմից պատրաստված տորթը»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ երբ իր թոռնիկի հետ է խոսում, տեսնում է նոր մարդուն.

«Նա թքած ունի՝ ինչ է մտածում իր հայրը, առավել ևս, թքած ունի, թե քաղաքականության մասին ինչ է մտածում: Նա գիտի, որ հայ է, իր հողի վրա է, ու, որ գիտելիքն ամենաբարձր արժեքն է. մի բան, որի վրա հայրը թքած ունի, իսկ պապն էլ սխալ է օգտագործում, չի օգտագործում՝ որպես արժեք: Ինքը դա որպես արժեք է օգտագործում, ասում է՝ իմանամ, որ հետո լավ ապրեմ: Մեզնից ոչ մեկն այդպես չէր մտածում, չէր մտածում, որ գիտելիքով փող են աշխատում: Սովետական մարդիկ պաշտոնով ու ծանոթով են փող աշխատել, գիտելիքով ոչ ոք փող չի աշխատել»:

Հունիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից  Երևանի հիմնական ոստիկանական բազաներից մեկի` ՊՊԾ գունդը գրավելու գործողություններից հետո էլ, ըստ նրա, ժողովրդի գիտակցության մեջ ոչինչ չի փոխվել.

«Ժողովուրդը ոչ մի բանից չի փոխվում, պարզապես բողոքավորներն են շատ: Դրա համար ժողովուրդը ջերմ վերաբերմունք էր ցույց տալիս այդ «հերոսներին»: Բայց ես նրանց հերոս չեմ համարում, այլ՝ ստրկական ապստամբության կերպարներ, որովհետև նույն ժողովուրդը, որը հերոսացնում էր, այս վերջերս Գագիկ Ծառուկյանի անհեթեթ արտահայտությունից, թե՝ ձեզ կպահեմ, բոլորը ոգևորվեցին: Նորմալ, իրեն հարգող մարդը հաշվեհարդար կտեսնի յուրաքանչյուրի հետ, ով կասի՝ ես քեզ կպահեմ: Երևանում շատ մարդիկ ուզում են իրենց պահող գտնել: Այս ժողովրդի մեծ մասն ասում է՝ Սովետի ժամանակ այնքա՜ն լավ էր, ու ասողների մի մասին ես ճանաչում էի ու սարսափում դրանից: Այս ժողովուրդն անկախություն չի ուզում»:

Նա նաև նշեց, որ բոլորը, այդ թվում՝ հանրապետության նախագահը, շահեցին «Սասնա ծռերի» գործողություններից. «Կրեմլի քաղաքական ամբողջ մտածողությունն արմատապես փոխվեց, նրանք փոխեցին իրենց վերաբերմունքը Հայկական հարցի նկատմամբ: Նրանք հասկացան, որ անհնար է մեզ թելադրել»:

Տեսանյութեր

Լրահոս