Բյուջետային փոքրիկ ողբերգություններ

2017թ. բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման նկատմամբ հասարակական հետաքրքրությունն առանձնապես մեծ չէ: Դրան, իհարկե, բազում հիմնավորումներ կարելի է գտնել: Նախ` որ նոր է կայացել կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: Երկրորդ` որ նոր կառավարությունը ներքաշվել է անընդհատ քննարկումների գործընթաց:

Մինչդեռ հասարակությանն ամենաշատը կառավարության աշխատանքի արդյունավետությունն է հետաքրքրում: Ի վերջո, խելոք խոսող ու «ժողովրդի սրտից ջուր խմող» վարչապետների ելույթներ բազմաթիվ անգամ ենք ունկնդրել: Հատկապես` նրանց պաշտոնավարման առաջին ամիսներին: Մյուս կողմից էլ` անցած 25 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք ճշտել, թե երբ է կառավարություն փոխելու ամենահարմար պահը:

Միշտ, երբ կառավարությունը փոխվել է տարվա սկզբին, պարզվել է, որ նախորդ տարվա բյուջեի կատարողական-հաշվետվությունը դառնում է զուտ խորհրդանշական: Օրենքը, կարծեմ, պարտադրում է նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը խորհրդարանին ներկայացնել մինչև մայիս ամիս:

Հետևաբար` մեր խորհրդարանականներն այդ հաշվետվությանը լուրջ չեն վերաբերվում՝ հասկանալով, որ նոր կառավարությունը պարզապես հին կառավարության կատարողականն է ներկայացրել և պատասխանատու չէ դրա համար: Իսկ եթե կառավարությունը փոխվում է տարվա երկրորդ կեսին, միանգամից երկու տարվա բյուջե է իր բնույթով դառնում խորհրդանշական (կամ անիմաստ՝ եթե կուզեք):

Այս տարվա բյուջեի կատարողականի համար եկող տարվա մայիսին նոր կառավարությանը պատասխանատվության կանչելն իսկապես անհեթեթ կլինի: Ի վերջո, տարվա մեծ մասը հին կառավարության գործունեության շրջան էր: Մյուս կողմից էլ` հնարավոր չէ պահանջել, որ նոր կառավարությունը եկող տարվա «պատասխանատու» բյուջեի նախագիծ հասցնի պատրաստել: Կառավարությունը նման աշխատանքի համար բավարար ժամանակ չունի: Բայց բոլոր դեպքերում կա Բյուջեի մասին օրենք, որի պահանջները ձևականորեն միշտ կատարվում են:

Միշտ էլ կառավարությունը` անկախ իր ձևավորման պահից, գործող օրենքի համաձայն և բյուջեի նոր նախագիծ և հնի հաշվետվություն է ներկայացնում խորհրդարան: Հավանաբար այս պատճառով է, որ մեր 14-15 կառավարություններից որևէ մեկը երբեք պատասխանատվության չի կանչվել բյուջեի հաշվետվության արդյունքում: Որքան էլ բյուջեն հայտարարենք երկրի տնտեսական կյանքի հիմնական փաստաթուղթ ու օրենք, այն մեր քաղաքական ու հասարակական կյանքում մտահայեցողական բնույթի թղթի կտոր է ընկալվել: Եվ ընկալվում: Հավանաբար դրանով կարելի է բացատրել «Բյուջե 2017-ի» հանդեպ հետաքրքրության պակասը:

«Բյուջե 2017-ը», ի տարբերություն կառավարության բավական հավակնոտ ծրագրի, համեստ նախագիծ է: Այդ նախագծով կառավարությունը մեզ եկող տարվա համար 3,2 տոկոսանոց տնտեսական աճ է խոստանում: Իշխանամետ տնտեսական փորձագետների համար բարդ չի լինի հասարակությանը համոզել, որ վերջին տարիների տնտեսական տեղատվության ֆոնին 3,2 տոկոսանոց աճը իսկապես դրական լուրջ քայլ կլինի: Եթե, իհարկե, կառավարությանը հաջողվի կատարել իր խոստումը: Բայց զուտ սոցիալ-տնտեսական իրավիճակի տեսանկյունից` աճի այդ չափը երկրի տնտեսական կյանքում էական ազդեցություն չի ունենա:

Հատկապես, որ կառավարությունը չգնաց պոպուլիստական քայլերի: Չգնաց ու բյուջեի նախագիծը ներկայացնելիս` բաց տեքստով հայտարարեց, որ 2017-ին թոշակներն ու նպաստները չեն բարձրանա: Կարելի էր ենթադրել, որ կառավարությունը թոշակ-նպաստ չբարձրացնելու հաշվին խնայված միջոցները կուղղի տնտեսական զարգացման ծրագրերին: Բայց այդ միջոցներն իրականում չկան, որ խնայվեին: Ի վերջո, նախագծով եկող տարվա բյուջեի 30 տոկոսը կրկին ուղղված է լինելու սոցիալական ոլորտին: Տնտեսական վերջին պաշտոնական տեղեկատվությունը չի կարողանում «մեղմել» բացասական տպավորություններն ու հետևանքները:

Սեպտեմբեր ամսվա տնտեսական ցուցանիշներն ամփոփելիս` պաշտոնապես հայտարարվում է, որ ապրանքաշրջանառության ծավալը նկատելիորեն նվազել է: Իսկ դա հնարավոր է` նախ` եթե նվազել է բնակչության գնողունակությունը (կամ ավելի պարզ ասած` բնակչությունը շարունակում է աղքատանալ): Երկրորդ` նվազել է երկրի բնակչության թիվը: Երրորդ տարբերակ կարող է լինել միայն այդ երկու պատճառների համադրումը, ինչը, իհարկե, ավելի տրամաբանական է:

Եկող տարվա բյուջեի «ցնցող» փոփոխություն կարելի է համարել խորհրդարանի ծախսերի կրճատումը 4,3 մլրդ դրամի չափով: Մեր խորհրդարանականները, իհարկե, կփորձեն կառավարությանը համոզել այդքան լուրջ չափով չկրճատել բյուջետային իրենց բաժինը: Բայց ակնհայտ է, որ խորհրդարան պահելն ավելի էժան է արժենալու: Գոնե եկող տարի: Որովհետև ենթադրվում է, որ 2017թ. ընտրություններից հետո 30 հոգով պակասելու է երեսփոխանների քանակը: Շատերի համար սա լուրջ մխիթարություն է: Հատկապես, որ կառավարությունը խոսում է նաև գործադիր իշխանության ապարատում կրճատումների մասին:

Փաստորեն, «Բյուջե 2017»-ի ամենատեսանելի հետևանքը կարող է լինել գործազրկության աճը պատգամավորների ու չինովնիկների շրջանակում: Հնարավոր է, որ նրանց մի մասն արտագաղթի: Բայց դժվար թե արտագաղթի այս դրսևորումը բացասական ազդեցություն ունենա երկրի տնտեսական կամ քաղաքական կյանքի վրա: Էլ չասենք, որ ահագին կմեղմվի հանրահայտ «գաղջ մթնոլորտը»:

Տեսանյութեր

Լրահոս