«Էրդողանն ամեն ինչ անում է փոքրամասնություններին վերջնականապես լռեցնելու համար». քուրդ գործիչը՝ աղմկահարույց ձերբակալությունների մասին

«Էրդողանն, օգտագործելով հեղաշրջման տապալված փորձը, որպես պատճառ, բռնաճնշումներ է սկսել իր բոլոր ընդդիմախոսների նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Նազմի Գյուրը՝ անդրադառնալով իր կուսակից պատգամավորների ձերբակալությունների փաստին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի լույս 4-ի գիշերը ձերբակալվել են Թուրքիայի խորհրդարանի 13 քուրդ պատգամավոր։Թուրքիայի վարչապետի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է, որ պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնող օրենքի ընդունումից հետո քուրդ պատգամավորները Դատախազության կողմից կանչվել են իրենց դեմ ներկայացված գործերով հարցաքննության, սակայն չեն ներկայացել։ «Դատախազությունն էլ որոշում է կայացրել բռնի ներկայացնել պատգամավորներին դատարան»,- նշվել է հայտարարության մեջ։

Սակայն որոշ տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված պատգամավորները կասկածվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ կապեր ունենալու մեջ: Պատգամավորները տարվել են Անկարա՝ Գլխավոր դատախազություն, որտեղ պետք է ցուցմունքներ տան իրենց վերագրվող մեղադրանքների առնչությամբ։

Նշենք, որ ԺԴԿ ղեկավար և ժամեր առաջ ձերբակալված Սալահեդդին Դեմիրթաշը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քանիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և հայ-թուրքական սահմանը բացելու օգտին: Նազմի Գյուրը մեզ հետ կարճ զրույցում ասաց, որ Թուրքիայի իշխանությունների բռնաճնշումները պետք է դիտարկել Թուրքիայում անցկացված ռազմական հեղաշրջման փորձի տապալման կոնտեքստում։ Ինչպես և, ըստ նրա, իրենք էին կանխատեսում, հեղաշրջման տապալված փորձն առիթ տվեց Էրդողանին ճնշումներ սկսել իր ընդդիմախոսների նկատմամբ բոլոր ուղղություններով՝ թե երկրի ներսում, թե սահմաններից դուրս՝ պատճառաբանելով դա Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերով։

«Ակնհայտ է, որ պարզապես ծիծաղելի է վարչապետի տարածած հաղորդագրությունը, քանի որ նման պատճառով մեր պատգամավորական թիմը չէր ձերբակալվի։ Սա Թուրքիայի իշխանությունների շատ ավելի լայն քաղաքականության մի մասն է, որը տարածվում է ինչպես՝ Սիրիայում, Իրաքում, այնպես էլ՝ երկրի ներսում, և միտված է քուրդ ժողովրդի թուլացմանը և Թուրքիայի ներսում քրդական ինքնավարության հեռանկարների ոչնչացմանը»,- նման տեսակետ հայտնեց Գյուրը։

Վերջինս տեղեկացրեց, որ իր գործընկերների առողջական վիճակը լավ է, փաստաբանի միջոցով միշտ կապի մեջ են միմյանց հետ և աշխատում են նրանց ազատություն վերադարձնելու ուղղությամբ։

«Մեր տեղեկություններով, ճնշումներ կան նաև այլ քաղաքներում և շրջաններում, որտեղ քրդեր են բնակվում, քուրդ գործիչների նկատմամբ։ Քուրդ գործչի համոզմամբ, Էրդողանի՝ ժամեր առաջ սկսած արշավը ևս մեկ անգամ ազդանշան է միջազգային հանրության՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի համար, որ Էրդողանի այս քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չկան կոշտ արձագանքներ և պատժամիջոցներ Արևմուտքի կողմից։ «Էրդողանը շարունակում է ապացուցել, որ փոքրամասնությունները տեղ չունեն ոչ Թուրքիայի կյանքում, ոչ, առավել ևս, քաղաքական կյանքում։ Ամեն ինչ արվում է Էրդողանի կողմից փոքրամասնությունների ձայնը Թուրքիայում վերջնականապես լռեցնելու համար»,- ասաց Գյուրը։ Նրա համոզմամբ՝ նույնը տեղի կունենար հայ համայնքի հետ, եթե նրա ներկայացուցիչները որոշեին ընդվզել։

Տեսանյութեր

Լրահոս