«Դատելով Անի Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումներից՝ որոշ խնդիրներ են ծագել ուսանողների հետ». ԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանը՝ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դստեր հեռացման պատճառների մասին

Նախկին դասախոս Անի Ներսիսյանը, ով մինչև վերջերս աշխատում էր Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԹԿՊԻ), օրեր առաջ բուհից հեռանալու դիմում էր ներկայացրել, որին հաջորդել է նրա բաց նամակը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Այսօրինակ որոշումն ու արդեն ներկայացված հեռացման դիմումն Անի Ներսիսյանը պատճառաբանել էր այսպես.

«Հարգելի պարոն Կարապետյան և պարոն Մկրտչյան հարցը, որ ուզում եմ բարձրացնել կարծում եմ շատ կարևոր է մեր երկրի և մեր պետության համար:

Չորս տարի սովորել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում, եվս երկու տարի ուսանել եմ մագիստրատուրայում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի հենց այդ նույն ինստիտուտում՝ որպես դասախոս, և աշխատել հինգ տարի: Ջանք և եռանդ չեմ խնայել, աշխատել եմ մեծ սիրով, որովհետև սիրել եմ միշտ մասնագիտությունս և աշխատանքս:

Բայց այս հինգ տարիների ընթացքում հասկացել եմ, որ դասախոսի, մանկավարժի աշխատանքը, ցավոք սրտի, չի գնահատվում երկրի և պետության կողմից: Ես հիմա գրում եմ ոչ միայն իմ մասին, այլ բոլոր վաստակաշատ մանկավարժների և դասախոսների մասին, ովքեր սերունդ են դաստիարակում և կրթում, մասնագետներ են տալիս մեր երկրին, բոլոր այն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչների, ՀՀ ժողովրդական արտիստների, դոցենտների,պրոֆեսորների, ինչո՞ւ չէ, նաև երիտասարդ դասախոսների մասին, ովքեր չգնահատվելով պետության կողմից՝ խղճուկ աշխատավարձով սերունդ են կրթում:

Կարդացեք նաև

…Եթե ուզում ենք ունենալ ամուր պետություն, պետք է ունենանք կրթված հասարակություն: Այդ խղճուկ, ծիծաղելի, ողորմելի աշխատավարձով ինչպե՞ս շարունակի աշխատել ուսուցիչը, դասախոսը, որն ընտանիք ունի, երեխաներ ունի, երազանքներ ունի, արժանապատիվ ապրել է ուզում, և վերջապես մարդ է: Ես վստահորեն կարող եմ ասել, որ բոլորն էլ ուզում են բողոքել, գոռալ, որպեսզի իրենց խոսքը տեղ հասնի: Ինստիտուտի ներսում խոսում են, ասում են, վրդովվում են, բայց հետո համակերպվելով և տեսնելով, որ ոչինչ չի փոխվում, շարունակում են լուռ ու մունջ ընդունել ամեն ամսվա ողորմությունը:

Ես դիմում եմ բոլոր իմ կոլեգաներին, բավական է, հերիք է, լռեք, մի բան պետք է անել, մենք մարդ ենք և մենք էլ պիտի ինքներս մեզ հարգենք: Էլ չեմ խոսում ուսանողների ցավալի խնդիրների մասին և նրանց իրավունքները խախտելու մասին, որի ականատեսն եմ եղել ինքս: Ծնողները մեծ գումարներ են վճարում ինստիտուտին, որոշ ուսանողներ հազիվ հասցնելով՝ նաև աշխատում են՝ ուսման վարձը վճարելու համար, բայց արդյունքում իրենց իրավունքները նույնպես ոտնահարվում են: Սակայն սա առանձին ցավալի թեմա է, որին պետք է անդրադառնալ անպայման:

Պարոն վարչապետ, պարոն նախարար, հուսով եմ, որ չեք անտեսի և այս ցավալի հարցին կանդրադառնաք և լուծում կտաք: Հնարավորություն կտաք դասախոսին շարունակել արժանապատիվ աշխատել և պիտանի լինել մեր պետությանը:

Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ նվաստիս, սրտի մեծ ցավով կասեմ, որ այլևս չդիմանալով բոլոր այս անարդարություններին, որ տեղի էին ունենում ինստիտուտում, չդիմանալով այս վիրավորանքին, որովհետև այդ ողորմությունն անձամբ ինձ համար մեծ վիրավորանք է, որը չեմ կարող այլևս մարսել, միայն ուսանողների հանդեպ մեծ սեր ունենալով՝ դիմացել եմ հինգ տարի շարունակ, այսօր արդեն բանը բանից անցել է, հասկանում եմ, որ բոլոր կողմերից միայն անշնորհակալ վերաբեմունք եմ ստացել, հարվածներ մեջքիս, դավաճանություն և վիրավորանք, այդ իսկ պատճառով շատ դժվարությամբ և ցավով դիմում եմ գրել և խնդրել ինձ ազատել աշխատանքից: Ես այլևս չեմ աշխատում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Երազում եմ և ակնկալում, որ մի օր ամեն բան կփոխվի, կտեղաշարժվի, դեռ հավատում եմ, որ ամեն ինչ չէ, որ արժեզրկված է»,- գրել էր դերասաններ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը՝ նամակը ստորագրելով՝ «Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի Անի Տիգրանի Ներսիսյան»:

Ստեղծված իրավիճակի շուրջ հակառակ կողմի՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դիրքորոշումն իմանալու նպատակով 168.am-ը հանդիպեց և զրուցեց բուհի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի հետ:

– Պարոն Մուրադյան, մակագրե՞լ եք օրիորդ Անի Ներսիսյանի դիմումը, որով վերջինս ցանկություն էր հայտնել հեռանալու բուհից:

– Իհա՛րկե մակագրել եմ: Անին ազատման դիմում է ներկայացրել, բայց ինքն անձամբ չի բերել: Իսկ ինչո՞ւ պետք է չմակագրեի, եթե աղջիկը չի ցանկանում աշխատել այստեղ և ազատման դիմում է ներկայացնում, որից մի քանի օր անց արդեն սկսվում է հայտնի պատմությունը:

– Բաց նամա՞կը նկատի ունեք, երևի: Ծանոթացե՞լ եք այդ նամակի բովանդակությանը:

– Այո, կարդացի:

– Ե՞վ:

– Գիտեք, մեծ հաշվով ցանկալի է, որ մեր մանկավարժները և առհասարակ, հումանիտար բնագավառի մարդիկ՝ կլինեն գրադարանի, թանգարանի աշխատողներ, թատրոնի և կինոյի դերասաններ, գիտնականներ թե պրոֆեսորադասախոսական կազմ, շատ ավելի լավ վճարվեն, բայց կան ռեալ իրողություններ, որոնք տարանջատում են մեր բարի ցանկություններն առկա հնարավորություններից:

– Ի՞նչ սկզբունքով է վճարվում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոսական կազմը:

– Մեզ մոտ ժամավճարային սկզբունքն է, և սա վերաբերում է այստեղ աշխատող բացառապես բոլոր դասախոսներին: Ընդ որում, տարակարգերը տարբեր են, տարբեր են նաև վճարվող գումարի չափերը: Գոյություն ունի համապատասխան սանդղակ՝ գիտական աստիճան կամ կոչում ունեցողներ, այդպիսի աստիճան կամ կոչում չունեցողներ: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե դասախոսն առավոտյան ժամը 9-ին գալիս է և երեկոյան 5-ին գնում ու ստանում, այսպես ասած, համեստագույն աշխատավարձ: Հնարավոր է, որ դասախոսի զբաղվածությունը կազմի շաբաթական միայն երկու օր:

– Պարոն Մուրադյան, եթե խոսքը տվյալ պահին Անի Ներսիսյանի մասին է, խնդրում ենք հստակեցնել՝ ի՞նչ հաճախականությամբ էր նա լինում բուհում և որքա՞ն էր վարձատրվում:

– Ինքն իր հրապարակումներում գումարի չափը չի նշում, որովհետև գուցե դա ընդունված կարգ չէ՝ հանրայնացնել գրպանի պարունակությունը: Ես դա նույնպես չեմ անի, կարող եմ միայն ասել, որ այս ուսումնական տարում Անին ունեցել է 352 ժամ, իսկ գիտական աստիճան չունեցող դասախոսի մեկ ժամն այս պահին կազմում է 1200 դրամ: Ի դեպ, հավելեմ, որ գումարի չափը վերջին երկու տարվա ընթացքում աճ է ունեցել նախորդ տարիների համեմատ: Չեմ կարող ասել, որ սա բավարար է, բայց, օրինակ, 2015թ. պրոֆեսորներին վճարվող 1500 դրամի դիմաց՝ այժմ վարձատրում ենք 2000 դրամ, դոցենտի՝ 1400 դրամի դիմաց, այժմ՝ 1800 դրամ է: 2017թ. բյուջեն կազմելիս մենք նախատեսել էինք վերաբաշխումների միջոցով ներքին շեմն էլ բարձրացնել, որը հնարավորություն կտար աճ ապահովել արդեն գրանցված աշխատավարձերի պարագայում, բայց այս պահին հարցը դա էլ չէ:

Համաձայն եմ, որ վճարվող գումարի չափը ցածր է, բայց այստեղ աշխատող ցանկացած դասախոս, յուրաքանչյուր ուսումնական տարվա շեմին՝ օգոստոսի վերջին շաբաթին կամ սեպտեմբերի առաջին օրերին, աշխատանքային պայմանագիր են ստորագրում, որտեղ հստակ նշված է ըստ տվյալ տարվա բաշխված դասաժամերի նախատեսվող գումարի չափը: Անի Ներսիսյանը ստորագրել է այդ պայմանագիրը:

– Անի Ներսիսյանը հինգ տարի շարունակ աշխատել է այս բուհում, և ինչպես վերջինիս մայրն է նկատում հարցազրույցներից մեկում, վերջին երեք տարին աղջիկը մշտապես դժգոհել է աշխատավարձի չափերից: Ինչո՞ւ հանկարծ նա հենց հիմա որոշեց հրապարակայնորեն հեռանալ բուհից, հատկապես, եթե ուսումնական տարվա մեկնարկին իրազեկված էր սպասվող աշխատավարձի չափի մասին:

– Դժվարանում եմ մեկնաբանել՝ հատկապես, եթե աշխատավարձերի հարցը մասնավոր անձի պրոբլեմ չէ, այլ համակարգային հարց է: Դատելով իր ֆեյսբուքյան գրառումներից, Անի Ներսիսյանի մոտ որոշ խնդիրներ են ծագել ուսանողների հետ, բայց այդ խնդիրը լավ կլինի ինքը մեկնաբանի:

– Իր հնգամյա դասախոսական աշխատանքի ընթացքում Անի Ներսիսյանը երբևէ կոնֆլիկտներ ունեցե՞լ է պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

– Որքանով ես տեղեկացված եմ՝ դասախոսական կազմի հետ որևէ խնդիր չի ունեցել: Այս մասին ես խոսել եմ նաև ամբիոնի վարիչ, հարգարժան մարդ և պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի հետ: Որքանով տեղեկացա, Ռուբեն Բաբայանը վերջերս նրան այլ առարկայի գծով լրացուցիչ դասաժամեր է առաջարկել, իր իսկ նախընտրությամբ՝ բեմական շարժում, իսկ դրա կարիքը մենք ունենք: Նրան առաջարկվել է դասավանդման համապատասխան ծրագիր ներկայացնի, իսկ առանց դրա չի լինի, բայց աղջիկը հրաժարվել է, և ահավասիկ՝ հոկտեմբերի վերջերին հայտնվում է այս նամակը… Մղումը հասկանալի է, մարդն ուզում է, որ մասնագետը լավ վարձատրվի, բայց մյուս կողմից՝ ինստիտուտը որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկում է, և փոփոխություններ արդեն կան, որի մասին արդեն ասացի:

Վերջիվերջո, եթե այդ խնդիրներն այդքան անհանգստացնող էին, կարելի էր այդ հարցը քննարկել ղեկավարության հետ, հատկապես, որ Անի Ներսիսյանի նկատմամբ այստեղ մշտապես մարդկային համակրանք է եղել:

– Պարոն Մուրադյան, Դուք ակնարկեցիք Անի Ներսիսյանի՝ ուսանողների հետ ունեցած որոշակի խնդիրների մասին, այս ենթատեքստում կուզենայի անդրադառնալ բաց նամակում վերջինիս ուսանողների ոտնահարված իրավունքների մասին ակնարկին: 

– Սա արդեն տարակուսանք հարուցող մի բան է, որ ինձ շատ հետաքրքիր է, և Անի Ներսիսյանը պետք է փաստերով հիմնավորեր, թե որո՞նք են այդ ոտնահարված իրավունքները, որոնց ես կարողանամ պատասխան տալ, որովհետև սա արդեն մեղադրանք է՝ ուղղված բուհին և նրա հեղինակությանը: Ինձ մի փոքր մտահոգեցին այն գնահատականները, որ այս օրերին Անի Ներսիսյանի մերձավոր շրջապատից տրվեցին կրթական համակարգին և մասնավորապես՝ մեր բուհին:

Կարծում եմ, լավ կլիներ այս իմաստով ավելի կոռեկտ գտնվել ու պատասխանատու, որովհետև այստեղ աշխատում են այդօրինակ գնահատականներ տվողի կոլեգաներն ու ընկերները, ոչ պակաս գիտակ և տաղանդավոր: Այստեղ մշակված է մի ողջ ուսումնական համակարգ, և այդօրինակ գնահատականները, հասկանում եմ էմոցիոնալ դրդապատճառներ ունեցող, սակայն հասարակական կարծիքը ապակողմնորոշող, ընդունելի չեն: Ընդունելի չէ նաև մեկ այլ բան, որ գուցե ստացվել է ակամայից, այս նամակի շուրջ ստեղծված աղմուկի և թոհուբոհի արդյունքում՝ հերոսի պատմուճան հագնելը, պատվանդանի վրա կանգնելը, սա նույնպես ճաշակ է վիրավորում: Հիմա մենք հո չե՞նք կարող մեզ թույլ տալ՝ վրեժխնդիր լինել այդ երեխայից, որի վերջին արարքը պարզապես ջահելություն կարելի է որակել, և միգուցե, երբ նա մեծանա, գուցեև զղջա այսօրինակ պահվածքի համար:

– Տեղյա՞կ եք Անի Ներսիսյանի բաց նամակի առիթով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի արձագանքին:

– Այո, ծանոթ եմ: Նախարարն ազնիվ է գտնվել ու ասել է այն, ինչ իրողություն է՝ աշխատավարձի բարձրացում պետությունն այս պահին չի կարող նախատեսել, այլ բան է, որ մենք բուհի ներքին ռեսուրսների հաշվին փորձենք դա անել, ինչպես ես Ձեզ արդեն ասացի՝ վերանայելով ներքին շեմի ժամավճարները:

– Ի պատասխան ԿԳ նախարարի արձագանքի, Անի Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում սպառնում է հեռանալ երկրից՝ ուղղակի արտագաղթել:

– Դա արդեն Անի Ներսիսյանի սուվերեն իրավունքն ու գործն է: Իր սերնդակից ու տարիքի մեծ թվով դասախոսներ ունենք, նույնիսկ կուրսի ղեկավար, ովքեր, ի տարբերություն նրա, նույն աշխատավարձի չափով, փորձում են միասին պայքարել, միասին ուժերով լավագույն պայմաններ ստեղծել բուհի ու երկրի համար: Ինստիտուտի ներսում խռովություններ հրահրելու ակնարկներով ու դժգոհության ալիքներ բարձրացնելու փորձերով որևէ օգտակար գործ անել հնարավոր չէ: Ես ուրախ կլինեի, որ Անին ընդուներ Ռուբեն Բաբայանի առաջարկը, լրացուցիչ ժամեր վերցներ ու շարունակեր ստեղծագործական աշխատանքը: Գուցե այն մեկնաբանությունը, որով նա հայտարարում է արտագաղթելու իր ցանկության մասին, նախապատրաստող արգումենտացիա է ընդամենը, ու ոչ ավելին…

Հ.Գ. 168.am-ի հետ զրույցում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը տեղեկացրեց, որ Անի Ներսիսյանի բուհից հեռանալուց և հրապարակած բաց նամակից հետո չի հանդիպել վերջինիս հետ, սակայն տեղյակ է դեկան Աննա Հեքեքյանի և Անի Ներսիսյանի վերջին զրույցի մանրամասներին, որի մասին մենք ռեկտորի միջնորդությամբ զրուցեցինք նաև Աննա Հեքեքյանի հետ, որը կհրապարակվի առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս