Կառավարությունը նոր միջոցներ տրամադրեց Ախուրյանի անօթևանների բնակելի շենքերի համար
Հայաստանի Կառավարությունը 44.5 մլն դրամ կհատկացնի Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում 3 շենքի եւ բակերի կառուցապատումն ավարտին հասցնելու համար: Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ 3 նորակառույցներում կտեղադրվեն գազօջախներ, կբարեկարգվեն բակային հատվածները:
ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված 798 մլն. դրամով Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվում է Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը:
Ավարտին են հասցվելու «Գլենդել-Հիլզ» կազմակերպության կառուցած 3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքները: Հատկացված գումարի սղության պատճառով նախագծա-նախահաշվային փաստաթղթերում չէին ընդգրկվել բնակարանների թվով 104 գազօջախների ձեռք բերման և տեղադրման, ինչպես նաև որոշ հատվածների բարեկարգման շինարարական աշխատանքներ: