
«Ռազմական գիտությունների ոլորտում դոկտորներ չկան». ԲՈՀ նախագահ

Բարձրագույն որակավորման հանձնաժողովը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բարեփոխումների լուրջ գործընթաց է սկսել: Հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների և բուհերի մասնագետների կարծիքները` ԲՈՀ-ը վերանայել է աստիճանաշնորհման անվանացանկը` այն համապատասխանեցնելով հայաստանյան ներկայիս գիտական ներուժին: «Հայաստանում կան մասնագիտություններ , որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման դեպքերում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ»,- նշեց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
Բարեփոխումների գործընթացը միտված է ՀՀ կառավարության 2016-2017 թթ. միջոցառումների ծրագրի իրականացմանը, որն է «Գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում, եվրոպական երկրների հետ համադրելի համակարգի ստեղծում»:
«Ռազմական գիտությունների ոլորտում դոկտորներ չկան: Ֆիզիկական և տնտեսական աշխարհագրությունները միավորվել են, բայց ոչ մի մասնագիտություն չի կորել: Այս կամ այն մասնագիտությամբ դոկտորական պաշտպանել ցանկացողների համար գուցեև արտերկրից մասնագետներ հրավիրվեն»,- ընդգծեց նախագահը:
Ավարտին է մոտենում նաև մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը: Նոր անվանացանկի հիմքով ստեղծվել են նոր մասնագիտական խորհուրդներ, նոր չափանիշներով. մասնավորապես յուրաքանչյուր գիտնական կարող է լինել միայն մեկ խորհրդում և մեկ մասնագիտությամբ:
ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը ստեղծվել է 1993 թվականին` անկախության հաստատումից հետո: Այս կառույցը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի գիտության ոլորտում որոշակի չափանիշների պահպանման և գիտական աստիճանի վկայագրերի ճանաչման տեսանկյունից: