«Վերջնական տարբերակը կլինի առավել համաձայնեցված». Քաղաքագետը՝ Հայաստան-ԵՄ բանակցությունների մասին
«Կարծում եմ՝ պրոցեսը բավականին տեխնիկական պրոցես էր, որն ուներ որոշակի խնդիրներ՝ կապված Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ խոսելով օրերս Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունների հերթական փուլի մասին։
Նա նկատեց, որ ԵՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ տնտեսական համագործակցության հնարավորությունները պետք է հստակեցվեին ԵՄ-ի հետ.
«Վերջերս հայտարարությունները շատ բովանդակային չէին բանակցային փաթեթի վերաբերյալ, բայց նշվում էր, որ դեռևս կան շատ զգայուն խնդիրներ, որոնց շուրջ դեռ պետք է համաձայնություն ձեռք բերվի։ Քաղաքական մասով համաձայնություն, կարծես թե, կա, այսինքն՝ ուղենշված են այն ոլորտները, ուղղությունները, որոնց շուրջ պետք է համագործակցեն կողմերը, բայց տնտեսական բովանդակության վերաբերյալ շատ մանրամասնություններ հայտնի չեն»։
Ն. Գալստյանը չի ակնկալում, որ լուրջ խոչընդոտ կլինի, որովհետև նաև հենց 2013 թվականից Արևելյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցավ, այսպես կոչված, փիլիսոփայության փոփոխություն.
«Ըստ այդմ, կարծում եմ, որ վերջնական տարբերակը կլինի առավել համաձայնեցված, և քաղաքական ֆակտորներն ազդեցություն չեն ունենա։ Նկատի ունեմ կոնկրետ այն խնդիրը, որ ծագեց՝ 2013 թվականի Մաքսային միության անդամակցության հետ կապված, այսօր այդ խնդիրը կարծես թե հաշվի առնված է բանակցություններում՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ստանձնել ենք հստակ պարտավորություններ, և ԵՄ-ի շրջանակներում ստանձնած մեր պարտավորությունները չեն կարող հակասել դրանց»։