«Հայկական տեղական ժանտախտին ճնշելու համար կարող է բերվել ռուսական խոլերան». Ռուբեն Մեհրաբյան

«Հայաստանն ընթանում է դեպի նոր՝ խորհրդարանական համակարգ, և քաղաքական ուժերն ըստ այդմ վերադասավորվում են, ու բոլոր քաղաքական գործընթացները ենթարկվում են այդ տրամաբանությանը։ Կառավարության փոփոխությունը նույնպես իրականացվել է հենց այդ կոնտեքստում։ Գաղտնիք չէ, որ իշխանության կուսակցությունը չի թաքցնում, որ ուզում է այդ ընտրությունների արդյունքում մնալ՝ որպես իշխանություն, և դրա համար անում է ամեն ինչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է բուն կառավարությանը, ապա ըստ փորձագետի՝ կառավարությունն ի սկզբանե ունի շատ կարևոր գործառույթներ, և այն, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարելի է համարել տապալված՝ բոլոր առումներով, ըստ նրա՝ լռելյայն իշխանությունն էլ է ընդունում.

«Հակառակ դեպքում՝ այս ռիսկային ժամանակահատվածում նա չէր գնա այս կտրուկ և ռիսկային փոփոխությանը. հանգամանքները ստիպեցին գնալ այս քայլին։ Նոր կառավարությունը հանգամանքների, պարտադրանքի բերումով է դարձել այդպիսին»։

Ռ. Մեհրաբյանը նկատեց՝ նոր վարչապետի կողմից փաստացի ունենք բավականին կոշտ գնահատականներ, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսությունում.

«Նա արձանագրում է, որ տնտեսական վիճակը ծանր է, բայց մյուս կողմից՝ լսում ենք իշխանության կուսակցության ոչ վերջին անձանցից, որ այս կառավարությունը նախորդ կառավարության շարունակությունն է, հեղափոխություն չի եղել, և հեղափոխական փոփոխություններ չսպասենք։ Բայց մենք տեսանք, որ առավել հնչեղ անուններ, որոնք կային կառավարությունում և խորհրդանշում էին բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, կոռուպցիան, արատավոր, անպատասխանատու գործելակերպը, այդ անձինք մի գրչի հարվածով հեռացան իշխանության լծակներից գոնե ներկա դրությամբ։ Չնայած՝ շատ է խոսվում, որ այդ մարդիկ մնում են իշխանության կուսակցության կարևոր անձանցից»։

Փորձագետի խոսքով՝ այնուամենայնիվ, օլիգարխիայի խնդիրը բարձրացվում է կառավարության կողմից.

«Հայաստանում օլիգարխիան վերածվել է ժանտախտի, և այդ գիտակցումը կառավարությունն ունի։ Սակայն ի՞նչ է անում կառավարությունը, բացի նրանից, որ ասում է նույնը, ինչ նախորդ կառավարություններն էլ էին ասում։ Մենք տեսնում ենք ախտանշաններ, որ հայկական տեղական օլիգարխիային՝ ժանտախտին, ճնշելու համար այստեղ կարող է բերվել ռուսական խոլերան։ Դա հարցի լուծում համարելը շատ սխալ է, որովհետև մենք կունենանք ժանտախտ՝ գումարած խոլերա։

Բացի դրանից՝ բաց է մնում նաև քաղաքական պատասխանատվության հարցը. Այդպես էլ ոչ ոք պատասխան չտվեց, թե այդ ինչ ճգնաժամ տեղի ունեցավ 2013թ. (որի մասին խոսում է Կարեն Կարապետյանը, երբ պատասխանում է հեռուստալրագրողների հարցերին), որը ստիպեց Հայաստանին մտնել ԵՏՄ։ Այդ ի՞նչ ճգնաժամ էր, ո՞վ էր այդ ճգնաժամի հեղինակը։ Եվ երկրորդ՝ Կ. Կարապետյանն ասում է, որ ԵՏՄ կոչված այդ ախոռը Հայաստանի համար անհրաժեշտություն էր ու չկա անալիտիկա, թե ինչ կլիներ, եթե մենք այդտեղ չմտնեինք։ Շատ լավ էլ անալիտիկա կա»։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում մնացել են եզակի ու շատ փոքր, ոչ ազդեցիկ ընդդիմադիր ուժեր, որոնք նաև միավորված չեն.

«Մնացածը դարձել է կրկես»։ Նա նաև կարևորեց մամուլի դերը, որը կարող է հասարակությանը ցույց տալ, թե իրականում ինչ է կատարվում. «Հայկական լրատվությունն ունի թե՛ պատշաճ որակավորում, թե՛ ինտելեկտ, թե՛ համարձակություն՝ այդ ամենը ցույց տալու համար։ Եթե ոչ՝ լրագրողները, ապա էլ ո՞վ։ Եվ թող քաղաքական ուժերը գան, ձգվեն և հասնեն մամուլի ներկայացրած ստանդարտին. սա է ճանապարհը, ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում»։

Տեսանյութեր

Լրահոս