«Ես լուրջ ռեզերվներ տեսնում եմ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման համար». Միքայել Մելքումյան
«Քիչ առաջ նշվեց, որ ապագայում սպասվում է սակագների վերանայում, և հնարավոր է՝ լինի սակագների նվազեցում։ Ապրիլին քաղաքական մեծ գործընթաց է սպասվում, մտավախություն չունե՞ք, որ ապրիլից հետո նորից վերանայում կլինի, ու բարձրացումների կգնանք։ Որպես քաղաքական գործիչ՝ ի՞նչ խորհուրդ կտաք. Արդյո՞ք սա չի օգտագործվի այս գործընթացում»,- այսօր ԱԺ-ում ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանին նման հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նկատի ունենալով Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ի պատասխան՝ Մ. Մելքումյանն ասաց, որ հարցը լայնածավալ է ու խորիմաստ, բայց չի կարծում, որ կառավարությունը կգնա նման քայլի.
«Ինչ վերաբերում է իջեցմանը, եթե առաջինը սահմանի վրա գազի գնի իջեցումն է, մյուսը՝ այլ ֆինանսական ռեսուրսների հայթայթումն է։ Բայց այդ իջեցումը պետք է ունենա նպատակ։ Բիզնես սուբյեկտների մասով, եթե դու իջեցնում ես, ակնկալիքներ ունես, այսինքն՝ և՛ հարկային արտոնություններ տալուց, և՛ գներ իջեցնելուց դու գնում ես մրցունակության բարձրացման։ Եթե այդ հաշվարկը կառավարությունն ունի, որ այդ բոլոր իջեցումներն ու մյուս դրական գործիքների կիրառումն արվում է՝ ակնկալելով, որ դա կտանի աշխուժացման, ուրեմն՝ դա արդարացված է։ Բայց լայն առումով՝ ես լուրջ ռեզերվներ տեսնում եմ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման համար»։