«Մի շարք հիմնադրույթներ, որոնք ամրագրում են իրավիճակը, այսօր անթույլատրելի են». Մհեր Շահգելդյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ օրենսդրության հիմքում դրված է հուսալիության երաշխիքների ապահովումը, որպեսզի «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն այնպիսի ցուցանիշներ սահմանի, որն առկա է արտադրող կայանների և համակարգի ամբողջ շղթայում։ «Իհարկե, այստեղ որոշակի սահմանափակումներ կան՝ կապված չլիցենզավորված գործունեության հետ, վերաիմաստավորված է կարգավարի ֆունկցիան։ «Օպերատորը» կարգավարն է, իհարկե, որոշակի ճշգրտում կա նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետ։ Արձանագրված է, որ տեխնիկական կանոնակարգերը, որոնք գործում են, տնտեսական հենք չեն պարունակում, բայց ՀԾԿՀ-ն, այնուամենայնիվ, ընդունում է տնտեսական բնույթի որոշումներ. սա նույնպես պետք է արձանագրել»։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով՝ ջրի հաշվարկների և ջրի երաշխիքների հետ կապված հարցը ևս կարևորագույն հարցերից մեկն է:

«Կոչ եմ անում, որ այս օրենքին հետագայում դրականորեն վերաբերվենք»,- հարակից զեկույցի ժամանակ ասաց Մելքումյանը:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը Մ. Մելքումյանից հետաքրքրվեց, թե օրենքի նախագիծը քննարկելու ընթացքում հիմնավորման մեջ  ներկայացված մի շարք դրույթներին արդյո՞ք ուշադրություն դարձրել և քննարկել են։

«Մի կողմից՝ շատ դրական է, որ այդ դրույթներն ազնվորեն ներկայացված են հիմնավորման մեջ, բայց մյուս կողմից՝ մի շարք հիմնադրույթներ, որոնք ամրագրում են իրավիճակը, կարծում եմ՝ այսօր անթույլատրելի են»,- ասաց նա՝ բերելով մի քանի օրինակներ։

Ի պատասխան՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ հիմքեր չունեն կասկածելու օրենդրական նախաձեռնության հեղինակներին և իսկապես կարծում են, որ գրված է ազնիվ մղումներով.

«Բայց քանի որ խնդիրներն առաջանում են նաև գործունեության ընթացքում, և ամեն տարին մեկ օրենքները չեն փոխվում, ըստ երևույթին՝ այս խնդիրներն առաջ են եկել, ու մարդիկ արձանագրել են։ Կարծում եմ՝ նաև խնդիր է առաջանում երկու-երեք պետական կառույցների փոխհարաբերությունների հստակեցումից. առաջին հերթին՝ ՀԾԿՀ-ի, երկրորդ՝ Էներգետիկայի նախարարության, և երրորդ՝ Ջրային պետական կոմիտեի։ Բայց արձանագրենք, որ սա էներգետիկայի օրենքում լրացումներ անելու մասին է։ Այնպես որ, ես համաձայն եմ ձեր հարցադրմանը, այստեղ փորձ է արվում շտկել եղած խութերը։ Ես հավատացած եմ, որ էլի խնդիրներ կան. մենք կփորձենք առաջիկայում անդրադառնալ նաև դրանց»։

Տեսանյութեր

Լրահոս