«Թե ինչքանո՞վ միջնորդը կգնի գյուղացուց, դա իր և գյուղացու խնդիրն է». պաշտպանության նախարարը՝ Նիկոլ Փաշինյանին
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարց ուղղեց միջնորդների կողմից գյուղացիներից կարտոֆիլը էժան գնով ձեռք բերելու ու ՊՆ-ի վրա թանկ գնով վաճառելու վերաբերյալ. «Գյուղնախարարի ու պաշտպանության նախարարի հետ խոսակցություններից հետո կարտոֆիլի գինը 40-ի փոխարեն դարձել է 50 դրամ, համենայնդեպս, գյուղացիներն ասում են, որ հիմա 50 դրամով գնելու առաջարկ են ստացել։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս գինը նույնպես ինքնարժեքի մեջ չի տեղավորվում, և կարծում եմ, որ արդարացի կլինի կառավարության և ՊՆ-ի միջամտությամբ այդ 40-50 դրամ գնման գինը դառնա 55-60 դրամ։ Դա առանց պետբյուջեի ու ՊՆ ծախսերը մեծացնելու կարելի է անել»։
Պաշտպանության նախարարը պատասխանեց, որ պատգամավորներից մի քանիսի հետ խնդիրը քննարկելու առիթ ունեցել են, խոսել են նաև մարզպետների հետ, իսկ գյուղատնտեսության նախարարը վարչապետի հանձնարարությամբ եղել է տեղում և զրուցել ֆերմերների հետ. «Խնդիրը շատ հստակ է, որովհետև կարտոֆիլի, կաղամբի և գազարի պարագայում, ի տարբերություն մեր բոլոր մնացած սննդամթերքի գնումների, մատակարարը բավականին ծավալուն աշխատանք է իրականացնում։ Նա գյուղացուց գնելով այդ մթերքները՝ պահեստավորում է, որովհետև բանակը միանգամից չի ընդունում, այլ մատակարարողին հանձնարարում է կոնկրետ զորամասեր մատակարարել տարվա ընթացքում։ 84-100 դրամ գնի տատանումն ուղղակիորեն կապ ունի այն զորամասի հեռավորության հետ, որտեղ հասցվում է կարտոֆիլը։
Կիլոգրամի մեջ մինչև 14 դրամը տրանսպորտային, վառելիքի ծախսերն են։ Եվ երրորդ՝ եթե դուք ունեք որևէ փաստ, որ զորամասում զինվորը բեռնաթափում է պարենային մթերքով մեքենան, ես շատ շնորհակալ կլինեմ, որ անհապաղ դրա մասին հայտնեք։ Դա անթույլատրելի է ու նման դեպքերի մասին ահազանգեր վերջին շրջանում չենք ստացել։ Այդ ծառայությունը զորամասում կազմակերպվում է մատակարար ընկերության կողմից։ Այլ խնդիրներ էլ են անցել պայմանագրային աշխատանքի ոլորտ, օրինակ՝ մաքրման աշխատանքները, որոնք բավականին լուրջ վեճերի առիթ էին դառնում զինվորների միջև, ճաշի պատրաստումը, և այլն»։
Վ. Սարգսյանը նաև հավելեց, որ գնման ոլորտում ՊՆ-ն ունի շատ լուրջ խնդիրներ և անելիքներ. «Այս պահին ընթանում է մի շարք թերմատակարարված ապրանքների մթերում ու շատ խիստ դրվել է խնդիրը, որ բանակի հետ գործ ունեցող մատակարարները կարճ ժամանակահատվածում կատարեն պայմանագրային բոլոր պարտավորությունները»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ մատակարարները, որպես կանոն, ոչ թե իրենց պահեստներում են պահեստավորում, այլ գյուղացիների. «Նաև, առնվազն բեռնավորման աշխատանքները կոնկրետ Վարդենիսի տարածքում իրականացնում են գյուղացիները։ Իմ ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ 5-10 դրամի պահանջը գյուղացիների կողմից արդարացի է։ Տրանսպորտային ծախսը կարող է լինել 14 դրամ, բայց մենք երբեմն գործ ենք ունենում 60 դրամի հետ»։
Պաշտպանության նախարարն էլ նշեց, որ 14 դրամը ոչ թե ամբողջ տրանսպորտային գինն է, այլ տրանսպորտային գնի տարբերությունը Հայաստանի ամենահեռավոր մարզ և ամենամոտակա զորամաս տեղափոխելու մեջ. «Ինչ վերաբերում է նրան, թե երբ է գյուղացու պահեստից մատակարարը վերցնում, դա գյուղացու և մատակարարի պայմանագրային հարաբերությունների դաշտում խնդիր է։ Մեր խնդիրն այն է, որ մատակարարն իր շահույթը չափից ավելի բարձր չդնի։ Այդտեղ մենք ունենք գործառույթ։ Թե ինչքանո՞վ միջնորդը կգնի գյուղացուց, դա իր և գյուղացու շուկայական հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի խնդիր է։ Մենք գյուղնախարարի հետ միասին գյուղացիներին առաջարկել ենք, որ, եթե կարողանան ձևավորել այնպիսի կոոպերատիվներ, որոնք կկարողանան ծառայությունների շղթան ապահովել՝ մինչև զորամաս մատակարարել, մենք շատ ուրախ կլինենք, որ նրանք նույնպես մասնակցեն այդպիսի մրցույթների»։