Բաժիններ՝

ԿԲ-ն կստիպի բացահայտել իրական շահառուներին

Հոկտեմբերի 17-ին հրապարակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդի 2016 թ. սեպտեմբերի 13-ին ընդունված «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թ. հունվարի 27-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, որով նոր կարգավորումներ են նախատեսվում պետական գրանցման գործընթացում իրավաբանական անձի կողմից իրական շահառուների բացահայտմանը ներկայացվող պահանջների առնչությամբ: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Որոշման իրագործումը հնարավորություն կտա իրավաբանական անձանց պետական գրանցումների, այդ թվում՝ փոփոխությունների գրանցումների, փուլում բացահայտել իրավաբանական անձանց իրական շահառուներին՝ անկախ իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևից, ինչպես նաև ձեռք բերել առավել ամբողջական տեղեկատվություն իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ՝ այդպիսով ապահովելով իրավաբանական անձանց թափանցիկությունը:

Որոշման ընդունումը բխում է Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի, իրավաբանական անձի իրական շահառուների բացահայտման վերաբերյալ ՖԱԹՖ հանձնարարականների, դրանք մեկնաբանող ուղեցույցների պահանջների իմպլեմենտացման անհրաժեշտությունից և միտված է ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված բացերի և թերությունների վերացմանը:

Հարկ է նշել, որ 2014-2015 թթ. ընթացքում Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից իրականացվել է ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 5-րդ փուլի գնահատում, որի ընթացքում միջազգային փորձագետների կողմից մանրամասն վերլուծության է ենթարկվել ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը՝ թե՛ ՖԱԹՖ հանձնարարականների տեխնիկական համապատասխանության և թե՛ համակարգի արդյունավետության մասերով:

Հաշվետվությամբ ՀՀ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը տեխնիկական համապատասխանության տեսանկյունից համապատասխանող կամ հիմնականում համապատասխանող է գնահատվել ՖԱԹՖ 40 հանձնարարականներից 35-ի առնչությամբ, չկան չհամապատասխանող հանձնարարականներ:

Ինչ վերաբերում է ՀՀ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի արդյունավետությանը, ապա արդյունավետության էական մակարդակ է արձանագրվել միջազգային համագործակցությանը, ֆինանսական հաստատությունների կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, իրավաբանական անձանց չարաշահումը կանխարգելելուն ուղղված միջոցառումներին, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումներին վերաբերող մասերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս