ՍԱՊԾ-ն ամփոփել է նրբերշիկի շուկայում ուսումնասիրության արդյունքները
Նրբերշիկների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել մի քանի ուղղություններով՝ դիտարկելով թե ներկրված, թե Հայաստանում արտադրված ապրանքատեսակները, ինչպես նաև՝ դրանց իրացման և արտադրության փուլերը:
Գործողություններ և լաբորատոր փորձաքննություն
Ծառայությունը, «Հետք»-ից ճշտելով իրենց կողմից փորձարկման ներկայացված ներբերշիկների գնման վայրերը, նշված վաճառքի կետերից հայտնաբերել է ներկրված նրբերշիկների միայն երկու տեսակ: «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Կոմիտաս 60/2 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում հայտնաբերվել է 06.10.2016 թվականի արտադրության կանադական «Ֆարմ» ընկերության «Maplelodge» ապրանքանիշի հավի նրբերշիկ (179 տուփ 450 գրամ), որը պահվում էր -9°C-ում, իսկ Մաշտոցի 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ բրազիլական «Կոմպանիա Մինուանու Դե Ալիմենտուս» ընկերության «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկ (48 տուփ 375 գրամ), որը պահվում էր -14°C-ում: Քանի որ երկու դեպքում էլ պահման պայմանները խախտվել էին (պահման անհրաժեշտ ջերմաստիճանը -18°C է), սուպերմարկետներին տրվել են «Պետական վերահսկողության ընթացքում արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագրեր:
Միաժամանակ, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշներ են ուղարկվել լաբորատորիա (ՀԱԲԼԾԿ), որի արդյունքներով՝ «Maplelodge» ապրանքանիշի հավի նրբերշիկը համապատասխանել է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, իսկ «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկի նմուշը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ ցուցանիշներով, չի համապատասխանել: «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկի վերը նշված խմբաքանակը ճանաչվել է վտանգավոր և ամբողջությամբ` 48 տուփ, ոչնչացվել է՝ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման պահանջներին համապատասխան:
Տեղական արտադրության նշված ապրանքատեսակների հայտնաբերման նպատակով` Ծառայությունը բոլոր մարզերում և Երևանում իրականացրել է դիտարկումներ, սակայն սպառողական ցանցում նշված ապրանքախմբերը չեն հայտնաբերվել: Ծառայությունը նաև տեղական արտադրողներին գրավոր տեղեկացրել է «Հետք»-ի հրապարակման արդյունքների մասին և պահանջել տեղեկատվություն տվյալ ապրանքախմբի արտադրման ծավալների և մատակարարման մասին, ինչին ի պատասխան արտադրողները տեղեկացրել են, որ արտադրված քանակությունն իրացման ցանցում առկա չէ: Ծառայությունն ուսումնասիրել է նաև նրբերշիկ արտադրող կազմակերպություններում տվյալ ապրանքախմբերի առկայությունը՝ նրբերշիկների նշված խմբաքանակների հնարավոր մնացորդը կամ արտադրողների կողմից հավաքած քանակությունը հայտնաբերելու նպատակով. ոչինչ չի հայտնաբերվել:
Ծառայությունն ուսումնասիրել է նաև «Հետք»-ի հրապարակման մեջ նշված նրբերշիկի տեսակներն արտադրող «Նատալի Ֆարմ», «Բարի սամարացի», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Բեկոն պրոդուկտ» կազմակերպությունների արտադրական գործընթացը և պահման պայմանները. խախտումներ չեն հայտնաբերվել: Նաև՝ տեղում կատարվել է նմուշառում արտադրված խմբաքանակից և ներկայացվել փորձաքննության: Երեք արտադրողների մոտ շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ չորրորդի մոտ վերահսկողական գործողություններն ընթացքի մեջ են:
Նշենք, որ թե ներբերշիկների ներմուծման ժամանակ պետական վերահսկողության շրջնականերում, թե «Հետք»-ի հրապարկման համար, թե տեղական արտադրողների մոտ Ծառայության դիտարկումների ընթացքում լաբորատոր փորձաքննությունը կատարել է միևնույն լաբորատորիան՝ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ն:
Ծառայությունն իրավասո՞ւ է մասնավոր նախաձեռնության արդյունքներով կասեցնել այս կամ այն արտադրանքի իրացումը: ՍԱՊԾ-ն չունի նման իրավասություն:
Մամուլում քննարկման առարկա դարձավ այն հարցը, թե ինչո՞ւ ՍԱՊԾ-ն միանգամից գործողություններ չի կատարում, եթե «Հետք»-ն արդեն իսկ պատվիրել է փորձաքննություններ և հրապարակել հնարավոր խախտումների մասին տեղեկություն: Պարզաբանենք. «Հետք»-ի կողմից կատարված նմուշառումները, դրանց փորձարկումները և արդյունքները ենթակա են պաշտոնական հաստատման կամ հերքման, ուստի չհաստատվելու դեպքում տնտեսավարողի գործունեությունը կասեցնելը անթույլատրելի է և հակաօրինական, և այս գործելաոճով կամ տրամաբանությամբ կարող է ստեղծվել նախադեպ և պայմաններ, երբ, ամենատարբեր շահերից և նպատակներից ելնելով, ցանկացած մեկը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտ, կարող է սեփական նախաձեռնությամբ կամ պատվերով կատարել նմուշառում անհայտ պայմաններում և, իրեն ձեռնտու արդյունքներով, լաբորատոր փորձաքննությամբ՝ պահանջել կասեցումներ և պատասխանատվության միջոցներ: Սրա բացասական հետևանքները ոչ միայն հասարակության, այլ նաև տնտեսության համար կստեղծեն համատարած անվստահության մթնոլորտ և մեծ վնաս կհասցնեն սպառողական շուկային:
Առաջարկ «Հետք»-ին
Ծառայությունն առաջարկում է լրատվամիջոցին նմուշները ստերիլ պայմաններում հանել փաթեթավորումից՝ դիմազերծել և միայն կոդավորված նմուշներ ներկայացնել փորձաքննության, իսկ լաբորատոր արդյունքները հրապարակել ոչ թե հոդվածի հրապարակման օրը, այլ ստանալուն պես, կամ էլ՝ նույն օրը դրանք ուղարկել Ծառայություն (տեղեկացնենք, որ «Հետք»-ի կողմից նրբերշիկների փորձաքննության արդյունքները Ծառայությանը տրամադրելու խնդրանքը մերժվել է):
«Հետք»-ի հրապարակումները կատարվում են փորձաքննության արդյունքների ստացումից շատ ավելի ուշ, երբ հրապարակման մեջ նշված սննդամթերքն այլևս սպառված կամ պիտանիության ժամկետը լրացած է: Չի բացառվում նաև, որ արտադրողն արդեն զգուշացված է: Ստացվում է, որ հրապարակված փորձարկումների արդյունքները հաստատելու կամ հերքելու համար չկան տվյալ ապրանքախմբի արտադրատեսակներ՝ պաշտոնական նմուշառումներ կատարելու և լաբորատոր հետազոտության ներկայացնելու համար:
Ծառայությունը միաժամանակ կարևորում է սննդամթերքի անվտանգության ցանկալի մակարդակի ապահովումը և համագործակցությունը հասարակական հատվածի, տնտեսավարողների, սպառողների հետ: Պարզապես առաջարկում ենք առավել արդյունավետ ձևաչափ՝ հասարակությանը սպառիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Մասնավորապես, առաջարկում է հասարակական այսպիսի հնչեղություն ունեցող տեղեկությունները հրապարակել մի քանի լաբորատորիաներում հիմնավորելուց հետո միայն: Ծառայությունը պատրաստակամ է ցուցաբերել մասնագիտական աջակցություն, ինչպես նաև նմուշառման համար տրամադրել համապատասխան մասնագետներ և ապահովել պահանջվող պայմանները, բացի այդ՝ սեփական միջոցների հաշվին ապահովել նույն արտադրանքից վերցված նմուշի լաբորատոր զուգահեռ փորձաքննություն:
«Հետք»-ի կողմից հրապարակված սննդամթերքի այլ տեսակների վերաբերյալ պաշտոնական ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հաջորդիվ: