«Կողմերից ոչ մեկը չի կարող ընտրել կարգավորման իրեն նպաստավոր տարրը, կարգավորումը փաթեթ է». Ջեյմս Ուորլիք
«Եթե ԼՂ շրջակա տարածքների վերադարձի հարց կա, ապա ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկում ևս պետք է լինի»,- այս մասին այսօր Երևանում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմաններ չեն ստեղծվել։
Ուորլիքը նշեց, որ վերջին տարիների ընթացքում պետքարտուղար Քերին կարգավորման հարցերով բավականին մտահոգ է։ Ամերիկացի համանախագահը հիշեցրեց իր ղեկավարի նախաձեռնությունները, որոնցից առաջինն Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակում Սարգսյան-Ալիև հանդիպումն էր Քերիի հրավերի համաձայն, ապա այս տարի՝ Վիեննայում, որտեղ քննարկումներն արդյունավետ էին ՌԴ ԱԳ նախարարի ու Ֆրանսիայի պետնախարարի մասնակցությամբ։ «ԱՄՆ-ը, համանախագահների հետ միասին, պատրաստ է առաջ շարժվել կարգավորման բանակցային ճանապարհով: Եթե ոչ՝ հիմա, ապա ե՞րբ: Կան գաղափարներ, առաջարկներ, որոնք սեղանին են, կարող ենք դրանց շուրջ աշխատել: Ի՞նչ ենք մենք ուզում։ Մենք ուզում ենք տեսնել քաղաքական կամք նախագահների կողմից, վստահ եմ, որ այդ քաղաքական կամքով մենք կկարողանանք առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում»,- ասաց Ուորլիքը։
Մեկնաբանելով իր Բաքվի ասուլիսի ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ների լուսաբանումները, որոնցում շեշտը դրվել էր «օկուպացված տարածքների վերադարձ» ձևակերպման վրա, Ջեյմս Ուորլիքն ասաց, որ այսօր բանակցային գործընթացում խոսք է գնում համապարփակ լուծման մասին։ Ըստ նրա, դա կարգավորման բոլոր այն տարրերն են, որոնք պետք է լինեն սեղանին և պետք է քննարկվեն։ « Չենք կարող մեկ տարր առանձնացնել և առանձին դիտարկել, եթե շրջակա տարածքների վերադարձի հարց կա, ապա ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկում ևս պետք է լինի։ Մենք պետք է խոսենք փախստականների, ներքին տեղահանվածների, միջազգային խաղաղապահ ուժերի մանդատի մասին, սրանք բոլորն այն տարրերն են, որոնք համապարփակ լուծման բաղադրիչներն են, կողմերից ոչ մեկը չի կարող ընտրել իրեն նպաստավոր տարրը, սա փաթեթ է։ Հակամարտությունը չի կարող լուծվել, եթե բոլոր խնդիրները չեն լուծվում»,- ընդգծեց ամերիկացի համանախագահ Ուորլիքը։
Հարցին, թե ի՞նչ փուլում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը, երբ տպավորություն կա, թե Ադրբեջանի նախագահը համաձայնություններ է տվել, բայց անում է ամեն բան՝ դրանք տապալելու և պատերազմ չսկսելը՝ որպես զիջում ներկայացնելու, համանախագահների հետ այդ դիրքերից երկխոսելու համար, Ջեյմս Ուորլիքը պատասխանեց, որ գոհունակությամբ կարող է նշել, որ ապրիլյան դժվարին օրերից հետո Վիննայում և Սանկտ Պետերբուրգում հնարավոր դարձավ հրադադարի նկատմամբ հարգանքը վերականգնել:
«Մեկ զոհն անգամ շատ է, բայց ԵԱՀԿ առաքելության ղեկավար Կասպրչիկի հաղորդումների համաձայն՝ բռնությունների մակարդակը վերջին ամիսների ընթացքում նվազել է, իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, սա նախագահների միջև կայացած հանդիպումների արդյունքն է: Այդ հանդիպումների կոնկրետ արդյունքը դեսպան Կասպրչիկի առաքելության ընդլայնումն է։ Նախագահները համաձայնել են դրան Վիեննայում, ապա առաքելության ընդլայնման մասին հանձնառությունը վերահաստատել են Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Իդեալական տարբերակում այդ համաձայնությունները կյանքի կոչված պետք է լինեին, բայց հստակեցումը ժամանակ է պահանջում։ Վստահ եմ, որ կհասնենք նաև այդ հանգրվանին։ Ներկայումս խոսում ենք այդ մանրամասների մասին, կողմերից ոչ մեկը մյուսին չպետք է մեղադրի, կգա այդ պահը, և դեսպան Կասպրչիկի առաքելության ընդլայնումը կարևոր քայլ կլինի՝ կատարված ճիշտ ուղղությամբ»,- մանրամասնեց Ուորլիքը։
Նրա խոսքով, տարածաշրջանային այս այցի շրջանակում հստակեցումներ են ընթանում ընդլայնվող առաքելության բյուջեի, հավելյալ դիտորդներ վարձելու և այլ դետալային հարցերի շուրջ։ «Հետաքննությունների մեխանիզմների հարցը կրկին սեղանին է։ Համանախագահներս աջակցում ենք այդ հարցին, պլան է դիտարկվում, դա կրկին այնպիսի հարց է, որ մեր այցի նպատակներից է»,- ասաց համանախագահը։
Անդրադառնալով այն հնարավոր լծակներին, որոնք ունեն համանախագահները հակամարտող երկրների նկատմամբ, Ջեյմս Ուորլիքն ասաց, որ համանախագահների աշխատանքը միջնորդությունն է։ «Մենք աջակցում ենք նախագահների միջև քննարկումներին, որոնք կհանգեցնեն կարգավորման։ Նախագահները պետք է միմյանց հետ աշխատեն, ակնկալում ենք, որ կողմերը կատարեն իրենց հանձնառությունները: Մենք գալիս ենք տարածաշրջան, կանոնավոր պարբերական հանդիպումներ ենք ունենում, մենք միջնորդական աշխատանք ենք կատարում, անում ենք այն, ինչ կարող ենք: Չենք կարող դա միայն մենք անել, բարի քաղաքական կամք է պահանջվում նախագահների կողմից, միայն միջնորդների ջանքերով չի կարող արդյունք լինել»,- ամփոփեց Ջեյմս Ուորլիքը։