Ժպտացող զինվոր Դավիթ Գրիգորյանն արդեն քայլում է. բժիշկը նոր տեսանյութ է տարածել
Բժիշկ օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ապրիլյան պատերազմում երկու ոտքը կորցրած Դավիթ Գրիգորյանը վիրահատությունից հետո քայլում է:
Դավիթի ու իր լուսանկարը ամիսներ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով՝ բժիշկ Մկրտիչ Գինոսյանը այն մակագրել էր հետևյալ կերպ. «Դավիթ Գրիգորյան (Ժպտացող տղան)»:
19-ամյա Դավիթ Գրիգորյանը, ով կոչումով կրտսեր սերժանտ է, ամիսներ առաջ պատմել էր, թե ինչպես էր տեղի ունեցել դեպքը. «Դասակի հրամանատարի շնորհիվ եմ փրկվել: Միանգամից երկու ականի վրա եմ պայթել: Ինքն է եկել ինձ հանել, հետո ինձ տարել են շտապօգնության մեքենայով»:
Նա նաև պատմել էր, որ դիրքի ավագն է եղել, գնացել էր՝ փշալար կապելու: «Գործս վերջացրի, ետդարձի ճանապարհին էի՝ մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից: Րոպեներ անց մեր դասակի հրամանատարը մտավ ականապատված դաշտ ու սկսեց զգուշորեն մոտենալ ինձ»,- պատմել էր նա:
Տեսանյութը՝ այստեղ.
Լուսանկարը՝ Արեգ Վարդանյանի