«Պայթեցի, տեսա, որ երկու ոտքս չկա: Մի ոտքս շալվարիս գոտիով կապեցի, իսկ մյուս ոտքս՝ բատինկիս շնորոկով». պատմում է ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողը

Ապրիլի 1-7-ն Արցախում վիրավորված մի շարք զինծառայողներ այժմ բուժում են ստանում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

19-ամյա Դավիթ Գրիգորյանը, ով կոչումով կրտսեր սերժանտ է, այսօր պատմեց, թե ինչ է տեղի ունեցել. «Դասակի հրամանատարի շնորհիվ եմ փրկվել: Միանգամից երկու ականի վրա եմ պայթել: Ինքն է եկել ինձ հանել, հետո ինձ տարել են շտապօգնության մեքենայով»:

«Պայթեցի, տեսա, որ երկու ոտքս չկա: Մի ոտքս հենց շալվարիս գոտիով կապեցի, իսկ մյուս ոտքս՝ բատինկիս շնորոկով: Շնորոկը հանեցի, կապեցի»,- շարունակեց զինծառայողը՝ նշելով, որ գլխի տակ կոշտ բան է զգացել, ականը հանել: Այդ պահին ցավ ընդհանրապես չի զգացել: Դավիթ Գրիգորյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրել է ծառայությունը շարունակելու հնարավորություն տալ. «Նախարարին խնդրել եմ, ինքն էլ ասել է՝ կանենք: Հիմա էլ պատրաստ եմ գնալ»: Զինծառայողն ասում է՝ այսօր իրեն ամենաշատ անհնագստացնող հարցն այն է, որ «տղերքը դիրքերում են, իսկ ես՝ ստեղ եմ»:

Լուսանկարը՝ Արեգ Վարդանյանի

Տեսանյութեր

Լրահոս