Կարեն Կարապետյանի անկեղծ խոստովանությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետը խոստովանում է. այո՛, Հայաստանը ոչինչ չի ստացել ԵԱՏՄ անդամակցությունից։ Եվ այստեղ մի քանի հարց է ծագում։

Շաբաթ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հարցերին պատասխանելիս խոստովանեց, որ Հայաստանը ոչինչ էլ չի շահել Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալով։ Մյուս կողմից ՝ վարչապետն ասում է, որ չկա վերլուծություն, թե ինչ կլիներ, եթե «այնտեղ չմտնեինք այս ճգնաժամային իրավիճակում, այն շուկայի վերաբերյալ, որի վրա մենք աշխատում ենք»։

«Պատկերացնենք՝ մենք ԵԱՏՄ-ի շուկայի մեջ լինեինք, մեր ապրանքը հիմնականում ուղղված լիներ դեպի այդ շուկաները, եւ ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինեինք։ Այդ անալիտիկան չկա։ Երկրորդը՝ լինելով ԵԱՏՄ-ի շուկայում՝ մենք բացառո՞ւմ ենք այլ շուկաներում աշխատելը, ոչ։ Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք, եւ ինչ-որ ձեւով ԵԱՏՄ-ն մեզ խանգարո՞ւմ է, իհարկե՝ ոչ։ Այդ իսկ պատճառով մենք կարո՞ղ ենք ԵԱՏՄ-ի անդամակցությունից օգտվել՝ հիմնականում մեզնից է կախված։ Եթե մենք այդքան էլ չենք օգտվում, մեղքը գցել ուրիշների վրա, կարծում եմ, ճիշտ չէ։ Մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ-որ մեկի դեմ չենք անում, չէ՞, ընկերությունը։ Եվ ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում»,- ասում է Կարեն Կարապետյանը։

Ի՞նչ է ստացվում։ Այդ ի՞նչ ճգնաժամ էր, «ճգնաժամային իրավիճակ», երբ Հայաստանը պիտի ոչ այլ կերպ, քան մտներ այդ միության մեջ։ Թարմացնենք մեր հիշողությունը։ 2010 թվականից Եվրամիությունն Ասոցացման պայմանագրերի շուրջ բանակցություններ սկսեց ԵՄ Արեւելյան գործընկերության անդամակցող վեց պետություններից չորսի հետ՝ ներառյալ Հայաստանը, բացառությամբ Ադրբեջանի եւ Բելառուսի։ Ընդ որում, խոսք էր գնում տնտեսական հարաբերությունների միջոցով մերձեցման մասին առանց ԵՄ անդամակցության որեւէ հեռանկարի՝ հաշվի առնելով այն, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը նույնպես մերձեցման քաղաքական կուրս են վերցրել, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը սեղմել են «վերբեռնման» կարմիր կոճակը, Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիան համարվել է որպես մի անհաջող «պատահար» եւ մատնվել է մոռացության։

Իսկ 2013-ի ամռանը հայտարարվեց, որ բանակցություններն ավարտված են, պայմանագրերը՝ համաձայնեցված, մնում է ստորագրել Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի պարագայում, կամ նախաստորագրել, ինչին պատրաստ է Հայաստանը։ Հիշեցնենք նաև, որ դեռ 2013 թվականի գարնանից Ռուսաստանն անցավ բացահայտ սպառնալիքների՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ Վրաստանին եւ Մոլդովային եւ հատկապես՝ Ուկրաինային։

Հիշեցնենք նաեւ, որ դրան հետեւեց սեպտեմբերի 3-ի խայտառակությունը, իսկ մոտ երեք ամիս անց «պայթեց» ուկրաինական Մայդանը, որին էլ հաջորդեց Ղրիմի անօրինական բռնակցումը Ռուսաստանին, Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումը, ռուսական զորքերի ուղղակի ներխուժումն Արեւելյան Ուկրաինա, պտժամիջոցներ Ռուսաստանի դեմ եւ ռուսական տնտեսության սրընթաց անկում՝ նավթի գներին զուգահեռ։

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է, որ «չկա անալիտիկա», թե ի՞նչ կլիներ, եթե մենք չմտնեինք այդ դեպքում ԵԱՏՄ։ Խորը «անալիտիկայի» կարիք չկա, որպեսզի պարզ լիներ, ռուսներն առանց աչքը թարթելու Հայաստանը կվերածեին երկրորդ Դոնբասի։ Ռուսաստանի դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչը խոստանում էր «սոցիալական պայթյուն» արդեն հոկտեմբերին, Դուգին-Գլազյեւ-Կուրգինյան-Միհրանյան շրջանակը տարբեր՝ «Կրեմլին կից փորձագետների» հետ միաձայն խոստանում էին Արցախի կորուստ։

Այսինքն՝ Ռուսաստանի քաղաքական մուտացիայի ժամանակագրությանը հետեւելը բավարար է՝ պատկերացնելու համար, թե ի՞նչ էր մեր «դարավոր բարեկամը» կանխատեսում, առանց «անալիտիկայի» որեւէ անհրաժեշտության»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս