«Ղարաբաղի հարցում Արևմուտքն ու Ռուսաստանը հանդես են գալիս կոնսոլիդացված դիրքորոշումներով». քաղաքագետ
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե շատ փորձագետներ աշնանն ապրիլյան պատերազմի սցենար էին կանխատեսում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին անկտիացումը, արդյո՞ք առաջիկայում ևս իրավիճակը կարող է սրվել, ասաց, որ մինչև ապրիլյան դեպքերն էլ էր Ադրբեջանն ակտիվ, ուղղակի մենք էինք քնած.
«Ապրիլյան պատերազմը մեզ արթնացրեց։ Հիմա մեր հասարակությունն ու քաղաքական վերնախավը բավականին արթուն վիճակում է։ Մարդիկ տեսան, որ պատերազմի հնարավորությունը բավականին մեծ է, և մարդկանց աչքն արդեն վախեցած է։ Նախկինում, երբ Ադրբեջանն ակտիվ էր խոսում, ասում էին՝ Ադրբեջանն է, դե խոսում է, էլի, մեկ է՝ ոչինչ չի լինելու, ոնց հանգիստ ապրել ենք, այդպես էլ կշարունակենք ապրել… Չի լինելու նման բան. մենք պետք է ինքնախաբեության թմբիրից դուրս գանք։ Պաշտպանության նորանշանակ նախարարի այն թեզը, որ ռազմական արդյունաբերությունը կարող է դառնալ երկրի տնտեսության քաշող էլեմենտներից մեկը, իհարկե, ողջունելի է։ Ինչ վերաբերում է դիվանագիտական ֆրոնտին, ապա այն ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Իսկ միջնորդների վերջին ակտիվությունը, հայտարարություններն արտացոլում են այն փաստը, որ ապրիլյան պատերազմը վախեցրել է միջնորդներին»,- ասաց Ե. Բոզոյանը։
Քաղաքագետի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են ամեն ինչ անել, որ կանխեն հնարավոր պատերազմը.
«Նրանք ամեն ինչ կանեն, որ այդ պատերազմը տեղի չունենա։ Ադրբեջանը փորձեց որոշակի տարբերություններ դնել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների միջև, բայց Քերիի և Պուտինի օգնականի վերջին հայտարարությունները, որ, ըստ էության, կողմերը պատրաստ չեն լուրջ փոփոխությունների, ցույց տվեցին, որ Ադրբեջանին դա չի հաջողվում ու չի էլ հաջողվում։ Մեծ հաշվով, գոնե Ղարաբաղի խնդրի հետ կապված՝ Արևմուտքն ու Ռուսաստանը հանդես են գալիս կոնսոլիդացված դիրքորոշումներով, ու դա շատ դրական է մեզ համար։ Ղարաբաղը՝ որպես խնդիր, տարբեր հարթությունների մեջ է դրվում Ուկրաինայի համեմատ, ինչը մեզ համար շատ դրական է»։