«Լիահույս եմ, որ Հայաստանին տրվող միասնական օժանդակության հաջորդ ծրագրի արդյունքը տեսանելի կդառնա». Պյոտր Սվիտալսկի

«ՀՀ կառավարության մոտեցումը համընկնում է ԵՄ մոտեցման հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵՄ-ն հետևում ՀՀ կառավարությանը տրվող գումարների ծախսման արդյունավետությանը։ Պյոտր Սվիտալսկին նշեց, որ  այդ թեման  նոր վարչապետի  հետ քննարկել է, և վարչապետի մոտեցումը համընկնում է իրենց մոտեցման հետ, որը հետևյալն է՝ եկեք  գնահատենք՝ ինչ ենք արել մինչ օրս, և  փորձենք այս նոր շրջանակը, նոր մոտեցումն  օգտագործելով՝ մեր համագործակցությունն ավելի  արդյունավետ  և արգասաբեր դարձնել։

«Որպես ԵՄ, մենք վերլուծել ենք իրավիճակը 23 տնտեսական ոլորտներում, և ոչ միայն՝  տնտեսական։ Փորձել ենք առանձնացնել  խնդիրները, փորձել ենք  տեսնել  ԵՄ օժանդակության հնարավորությունները Հայաստանի վերափոխման համար։ Այս  վերլուծության  արդյունքները տրամադրվել են մեր հայ գործընկերներին, իրենք էլ են դրա  իրականացմանը մասնակցել։

Ներկայացրել են իրենց մեկնաբանությունները, որոնք հաշվի առնվել են, և մեզ համար սա է  հիմքը, որով այժմ պետք է շարունակել, որովհետև մենք իսկապես մտադիր ենք վերափոխման գործընթացին մեր օժանդակությունը  դարձնել ավելի արդյունավետ։ Ես չեմ ուզում վերադառնալ անցյալի փորձին։ Իհարկե, տարբեր փորձառություններ են եղել, ինչպես գիտեք, մենք շատ խիստ մեթոդաբանություն  ունենք, որով գնահատում ենք, թե ինչպես են մեր տրամադրած գումարները ծախսվում, բծախնդիր կերպով վերլուծվում են, և  գումարը, որ մենք  տրամադրում ենք այստեղ՝ Հայաստանում, հիմնված է շատ քննադատական վերլուծությունների վրա, մասնավորապես՝ նպատակների իրագործման»,- ասաց Սվիտալսկին՝ շարունակելով, որ երբեմն  համաձայն չեն լինում   հայ գործընկերների հետ, երբեմն համաձայնում են։

Սակայն, ըստ նրա, իրենք ունեն ակնհայտ հենանիշեր և մեթոդաբանություն, չափման միավորներ։ «Այլ հարց է, թե ինչպես է  դա ընկալվում հանրության կողմից»,- նկատեց Սվիտալսկին՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է դիտարկել  հարաբերականության հարթությունում։

Կարդացեք նաև

Որպես օրինակ՝ ԵՄ պատվիրակության ղեկավարը հիշեցրեց ԵՄ օժանդակությունը՝ ուղղված ՀՀ պետական քոլեջների շենքերի թարմացմանն ու կահավորմանը։ «Եթե նայում եք, թե ինչի ենք մենք հասել՝ մեր  հայ գործընկերների հետ միասին, տեսանելի է, ցանկացած քոլեջում կտեսնեք, որ գնահատում են դա, որովհետև շենքն ավելի բարետես է,  արտադրամասերում տեխնիկական սարքավորումներն ակնհայտորեն նպաստում են  կրթության ավելի լավ կազմակերպմանը, ու մանկավարժները, ուսանողներն ասում են՝ «այո», ԵՄ-ն շատ օգտակար է եղել։

Սակայն, երբ նույն քոլեջից դուրս եկած մասնագետներն աշխատանք չեն գտնում, հասկանում ենք, որ այս օժանդակությունը մի կողմից՝ հաջողված է, մյուս կողմից՝ ոչ, որովհետև  պետական քոլեջների շրջանավարտներն են  ապագան, նրանք պետք է ունենան աշխատանք, որն իրենց հավակնություններին կբավարարի, բայց դա դեռ լիովին չի իրագործվել։ Լիահույս եմ, որ այժմ մենք միասնական օժանդակության հաջորդ ծրագրով առաջ կտանենք մեր համագործակցությունը, կկենտրոնանանք այն ուղղությունների վրա, որոնցում Եվրոպական միության աջակցությունն իմաստավորված կլինի, և դա կանենք այնպես, որպեսզի մեր արդյունքը տեսանելի և շոշափելի դառնա»,- նման կարծիք հայտնեց Պյոտր Սվիտալսկին։

Տեսանյութեր

Լրահոս