«Երկրորդ անգամ Կարեն Կարապետյանի նման մարդը նույն գետը չէր մտնի». Գագիկ Համբարյան
«Շատ նորմալ, իրատեսական ծրագիր էր, հույս ունեմ, որ գոնե այս 6-7 ամիսների ընթացքում նոր կառավարությանը կհաջողվի այդ ծրագրի մեծ մասը իրագործել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով կառավարության ծրագրի մասին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուս վարչապետների, որոնք 5-6 հարյուր էջանոց զազրախոսություններ էին ներկայացնում, բայց իրականում ոչինչ չէին անում, Կարեն Կարապետյանը շատ լակոնիկ ներկայացրել է՝ լավ հասկանալով, որ Ազգային ժողովի 95 տոկոսը չի էլ կարդալու այդ 5-6 հարյուր էջանոց ծրագիրը։
«Ես հույսով լի եմ, որ կիրագործվեն այդ դրույթները, որովհետև Կարեն Կարապետյանը մի անգամ մտել է այս նույն գետը՝ այլ պաշտոնում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում, և 10 ամիս հետո հրաժարական է տվել։ Երկրորդ անգամ Կարեն Կարապետյանի նման մարդը նույն գետը չէր մտնի, այսինքն՝ ինքն ունի երաշխիքներ նախագահի կողմից, որ կարող է բավական ազատ գործել»,- նշեց քաղաքագետը։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսական բլոկը լիովին ապաքաղաքականացված է և համալրված է բավական պրոֆեսիոնալ անձանցով. «Կառավարության առաջին քայլերն ինձ մոտ հույսեր ներշնչել են, խնդիրն այն է, թե հետագայում ինչպես կգնա գործընթացը, այստեղ շատ մեծ դերակատարություն ունի նաև ՀՀ նախագահը, նա վերջին ելույթներում հասկացրել է, որ «մեկս մյուսիցս չնեղանանք, ինչքան լափեցիք, օգտվեցիք, հիմա երկիրը ծայրաստիճան վատ վիճակում է»»։
Մեր ճշտող հարցին, թե՝ Դուք իշխանությունների մոտ տեսնո՞ւմ եք այդ խնդիրների և դրանց վտանգավորության գիտակցումը, Գ. Համբարյանը պատասխանեց, որ «Սասնա ծռերի» գործոություններից առաջ ինքը նկատում էր, որ մեզ մոտ իշխանությունների և հասարակության ջրբաժանն այնքան մեծ է, որ իշխանությունները, իրոք, չէին պատկերացնում, թե ՀՀ-ում հասարակությունն ինչ ծայրահեղ վատ սոցիալ-տնտեսական վիճակում էր ապրում։
««Սասնա ծռերի» գործողությունները, որոնք իրավաբանորեն հանցագործություն էին, ողջունվեցին հասարակության 95 տոկոսի կողմից, սա սարսափելի ապտակ և նոկդաուն էր գործող վարչակարգի համար։ Նրանք սրանից պետք է սթափվեն և հասկանան, թե ինչ օրն են գցել հասրակությանը, որ այդ հասարակությունը ողջունում է «Սասնա ծռերի» տղաների գործողությունը։ Իմ կարծիքով՝ իշխանությունները հասկացան, որ այս ամենը կարող են կորցնել, որովհետև հասարակության համբերության բաժակը շատ վաղուց լցված է։ Ինձ թվում է՝ սա ստիպեց իշխանություններին, որպեսզի վերջիններս ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկեն ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար։ Ապրիլյան կարճատև պատերազմը ևս ցույց տվեց, որ մենք բացարձակ պատրաստ չենք երկարատև պատերազմի»,- նշեց մեր զրուցակիցը։