«Մենք այսօր անջատում ենք Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի անալոգային ազդանշանի հեռարձակումը». Արթուր Առաքելյան
Այսօրվանից մեկնարկում է անալոգայինից թվային հեռուստահեռարձակմանն անցնելու գործընթացը: Այս մասին հայտնի դարձավ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն ու «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
«Այսօր հոկտեմբերի 20-ն է, և այսօրվանից մեկնարկում է անալոգային հեռարձակման ցանցի փուլային անջատման ծրագիրը: Մենք այսօր անջատում ենք Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի անալոգային ազդանշանի հեռարձակումը: Սա պայմանավորված է բոլորիս հայտնի 2009 թվականին հաստատված հայեցակարգով, որով մենք մեկնարկեցինք թվային հեռարձակմանն անցնելու ռեֆորմի կատարմանը: Ըստ էության, պլանավորված ժամկետներում 2015թ. հուլիս ամսին մենք ավարտեցինք ՀՀ տարածքի 100 %-ի վրա թվային հեռարձակման ազդանշանների տեղակայումը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:
Թե ինչո՞վ են պայմանավորված անալոգային հեռարձակման այս փուլում իրականացվող անջատումները, բանախոս Ա. Առաքելյանը մեկնաբանում է. «Կառավարությունում ըստ էության որոշում կայացվեց, որպեսզի հաշվի առնվի սոցիալական բաղադրիչն ու առավելագույնս մեղմ կազմակերպվի անցումը՝ հնարավորինս մեծ թվով անապահով ընտանիքների անվճար ապահովելու համար ընդունիչ սարքերով, որոնք հնարավորություն են տալիս առանց հեռուստացույցը փոխելու՝ ընդունել և դիտել թվային հեռարձակումը»:
Բանախոսը նշում է՝ ռեֆորմի հիմքում դրված են եղել մի քանի սկզբունքներ. «Առաջինը սոցիալական սկզբունքն էր, որով պայմանավորված՝ մենք անվճար սկզբունքներով մոտավորապես 110 հազար ընդունիչ կցորդ սարքեր տրամադրեցինք անապահով ընտանիքներին, երկրորդ սկզբունքը՝ դաշտում գործող սուբյեկտները պետք է առավելագույնս տեղ գտնեն հանրային մուլտիպլեկսորում, ինչը տեղի ունեցավ: Արդյունքում՝ Երևանում և հարակից տարածքներում թվով 18 հեռուստաալիք հեռարձակվում է և անվճար սկզբունքներով մտել է հանրային մուլտիպլեկսորի մեջ, և երրորդ սկզբունքը՝ ՀՀ տարածքի 100 տոկոսանոց ծածկույթն էր, ինչը ևս ապահովվեց»:
Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացի տեխնիկական մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց նաև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը. «Թվային հեռարձակման տարբեր ձևաչափեր կան, որոնք ունեն էական տարբերություններ: Հայաստանի Հանրապետությունը, որպես տեխնիկական ձևաչափ, ընդունեց DVD T 2, որը եվրոպական հեռարձակման ձևաչափերից է, և դրականորեն տարբերվում է հայտնի այլ ձևաչափերից, այդ թվում՝ նաև սոցիալական տեսակետից: Մենք ընտրեցինք արբանյակային հեռարձակման տեխնիկական ձև, որը քաղաքացիներին հնարավորություն կտա հեշտությամբ և կայուն ձևով ընկալել հեռուստաազդանշանները»:
Երևանում հեռարձակվող 18 հեռուստաալիքից 5-ն արդեն հեռարձակվում են HD՝ բարձր որոշակիության ձևաչափով, իսկ մյուսները՝ ստանդարտ որոշակիության ձևաչափով. «Երբ խոսքը գնում է երևանյան հեռարձակման գոտու մասին, ապա սա չի սահմանափակվում քաղաքի վարչական տարածքով՝ մասնակիորեն ընդգրկելով իր մեջ Արարատի, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրեր, իսկ բնակչության տեսակետից՝ 18 հեռուստաալիքից դիտող քաղաքացիների թիվը հասնում է ՀՀ բնակչության 54 %-ին»,- ասում է Գրիգոր Ամալյանը:
Խոսելով անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացի ֆինանսական կողմի մասին՝ Գրիգոր Ամալյանը մանրամասնում է. «Ընդհանուր ծրագիրը Հայաստանի Հանրապետության համար կազմել է 15,6 մլն դոլար, որից մոտավոր հաշվարկներով՝ 12 մլն դոլարը կազմել է ենթակառուցվածքների, տեխնիկական համակարգերի, դրանց ծրագրային ապահովման, երաշխիքների և սպասարկման ծառայությունների ձեռքբերման ծախսերի համար: Սոցիալական ծրագրի իրականացումը երկրի համար արժեցել է 1,7 մլն դոլար: Մնացած գումարը հարկերի և տուրքերի տեսքով վերադարձվել է ՀՀ պետական բյուջե»:
Բնակչության անապահով խավի համար թվային ծածկույթի ապահովման մանրամասների մասին՝ ստորև ներկայացված տեսանյութում: