«Դժվարանում եմ ասել՝ որն է այստեղ նվաճումը». Ստեփան Մարգարյանը՝ քաղաքական ուժերի կոմպրոմիսի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքական 5 ուժերը կոմպրոմիսի են եկել Ընտրական օրենսգրքի խնդրահարույց դրույթի վերաբերյալ։ Այսօր ԱԺ-ում Դ. Հարությունյանը հայտարարեց, որ, եթե ընտրությունների ժամանակ մարդը սուտ հայտարարություն է ներկայացնում՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկում է, եթե խոսքը վերաբերում էր անզգուշությանը, ապա քրեական պատասխանատվությունն ավելի մեղմ է, այն կլինի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 800-ապատիկը,  կամ ազատազրկում՝ մինչև 2 տարի ժամկետով։

Պատգամավոր Ստեփան Մարգարյանը սա նվաճում չի համարում, քանի որ, ըստ նրա, հստակ չէ, թե որն է համարվում դիտավորությամբ կեղծ հայտարարություն տալ, որը՝ ոչ դիտավորությամբ։ Բացի այդ, ըստ նրա, եթե երկու պարագայում էլ մարդը ազատազրկման է ենթարկվում. «Ազատազրկումն այդպես էլ չի հանվել, ուրեմն՝ մի քիչ անհասկանալի է համաձայնության գալը։ Այդքան քննարկումներից հետո մենք պահում ենք ազատազրկման հնարավորությունը բոլոր պարագաներում։ Այստեղ օրենքի մեծ բաց է մնում։ Սա մեծ թերություն է, ու դժվարանում եմ ասել՝ որն է այստեղ նվաճումը»։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ քրեական իրավունքում մենք ունենք մեղքի երկու տեսակ՝ դիտավորություն և անզգուշություն. «Անզգուշությունը ևս բաղկացած է երկու տարատեսակներից՝ դա հանցավոր ինքնավստահությունն է և  հանցավոր անփութությունը։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անփութությանը, սա այն դեպքն է, երբ անձը վստահ չէ, որ ինքը սուտ է խոսում, բայց ողջամտորեն ենթադրվում էր, որ նա որոշակի քայլեր պետք է կատարեր իմանալու համար՝ ինքը ճի՞շտ փաստարկներ է ներկայացնում, թե՞ ոչ։ Եթե նա բացարձակապես անփույթ է վերաբերվում, անպատասխանատու ձևով ներկայացնում է հայտարարություն, թե այս անձի փոխարեն այլ անձ է քվեարկել,  քանի որ այդ դեպքը կարող է շատ ծանր հետևանքներ առաջացնել, նախատեսված է նման պատիժ։ Ինչո՞ւ մտցվեց տուգանքը, որովհետև նման դեպքերը կարող են հանրային շատ մեծ վտանգ չունենալ։ Մեծ վտանգավորության դեպքում, բնականաբար, դատարանը հաշվի կառնի, թե ինչպիսի հետևանքներ է առաջ եկել այդ հայտարարության հետևանքով»։

 

Տեսանյութեր

Լրահոս