«Ինչու Նազարբաևը չի եկել Հայաստան». Պարզաբանում է Արման Նավասարդյան
«Սերժ Սարգսյանի նյույորքյան այցից հետո հատկապես Ադրբեջանն էր ակտիվ: Ադրբեջանը հայտարարություններ է անում, թե իբր Հայաստանը փոխում է իր ռազմաքաղաքական վեկտորը, Սերժ Սարգսյանը Նյու Յորք է գնացել ամերիկացիների հետ մտերմանալու համար, ամերիկացիները սկսել են ավելի ակտիվ զբաղվել տարածաշրջանով, Ղարաբաղյան հարցով: Բայց ես համոզված եմ, որ նման փոփոխություն չկա, Հայաստանը փորձում է խաղալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի բլոկների միջև, ու կարծես թե վատ չի ստացվում»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին՝ նա ասաց, որ հայազգի քարտուղարի ընտրությունը ստրատեգիական առումով ոչինչ չի փոխի. «Դա միջազգային կազմակերպություն է, նման տեղերում ազգությունը դեր չի խաղում: Այլ հարց է, որ հայազգի ներկայացուցիչը կարող է օրակարգային խնդիրներ մտցնել, օրինակ՝ Ղարաբաղի հետ կապված հարցեր, Կովկասյան խնդիրներ: Բոլոր դեպքերում՝ ավելի վատ չի լինի»:
Իսկ Ղազախստանի նախագահ Նազարբաևի չգալը, ըստ դիվանագետի՝ հիվանդության պատճառով չէ, դա պատրվակ է. ««Թուրքաբորբով» է հիվանդ: Նազարբաևն այսօր բազմավեկտոր քաղաքական խաղի է գնում: Նա փորձում է հանդես գալ՝ որպես Միջինասիական պետությունների առաջնորդ և հայր, իսկ ՌԴ-ն օգնում է նրան այդ հարցում: ՌԴ-ի համար ավելի լավ է՝ Նազարբաևը լինի այդ դերում, քան Էրդողանը: Բացի այդ՝ Նազարբաևը խաղում է ռուս-թուրքական հարաբերությունների ճակատում: Ինքնաթիռի խոցումից հետո նա ակտիվ էր երկու պետություններին հաշտեցնելու հարցում: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ Նազարբաևը խաղում է ՌԴ-ի խաղը: Նա բացարձակապես չի ուզի, որ Թուրքիան կտրվի ՆԱՏՕ-ից կամ Արևմուտքից, որովհետև հենց Թուրքիայի միջոցով է ամրապնդում կապերն Արևմուտքի հետ: Մյուս կողմից էլ՝ մտածում է, որ ՌԴ-ն Արևմուտքի հետ թուլանա՝ իր ազդեցությունը Միջին-Ասիայում կթուլանա»: