«Թուրքիան Ռուսաստանի համար կդառնա ավելի վերահսկելի երկիր». Հակոբ Չաքրյան
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը քննարկվել է ինչպես՝ Սիրիայի հարցը, այնպես էլ՝ տնտեսական մի շարք հարցեր. «Հանդիպումից հետո ստորագրվել է «Թուրքական հոսք» նախագծի համաձայնագիրը: Այս նախագծին Արևմուտքը դեմ էր: Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից՝ էներգետիկայի ոլորտից ավելի կմեծանա ու Թուրքիան Ռուսաստանի համար կդառնա ավելի վերահսկելի երկիր: ԱՄՆ-ի հարցում էլ թուրքերն արդեն ավելի զգույշ կլինեն, մանավանդ, որ ԱՄՆ-ի հետ արդեն տարաձայնություններ կան, ինչի պատճառն Էրդողանի սանձարձակ հայտարարություններն են»:
Ըստ թուրքագետի՝ Սիրիայում ՌԴ-ի դիրքերը երբեք այսքան ուժեղ չեն եղել, իսկ ԱՄՆ-ը դիրքեր է կորցնում. «Ամերիկացիները որևէ հաջողություն Իրաքում չեն ունեցել, Սիրիայում էլ չունեն, ուղղակի աշխատում են ստեղծված քաոսային իրավիճակը երկարաձգել, որովհետև նման իրավիճակում կառավարելը ձեռնտու է: Եթե քաոսային իրավիճակը երկարաձգելու նպատակ չունենային, Օբաման չէր հայտարարի, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը դեռ 30 տարի կտևի: Այս հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց՝ աշխատում ենք, որ Սիրիայում քաղաքական լուծումը հնարավորինս շուտ արագացվի, մենք Սիրիայում արյունահեղության դադարեցման կողմնակիցն ենք: Իսկ մինչ այդ ասել էր, թե Դամասկոսում պետք է նամազ անի»:
168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է՝ Էրդողանի ու Ասադի հարաբերությունները նախկինի նման դառնան, երբ նույնիսկ ընտանիքներով էին մտերմություն անում, նա պատասխանեց, որ Ասադը, ի տարբերություն Էրդողանի՝ ավելի բարեկիրթ անձնավորություն է ու դժվար թե նման քայլի գնա»:
Թուրքագետի խոսքով՝ ռուս-ամերիկյան մրցակցությունը Սիրիայում ավելի թեժ բնույթ կստանա. «Գուցե Ռուսաստանի օգտին են խոսում ԱՄՆ-ի առաջիկա ընտրությունները: Օբաման այս ընթացքում վճռական որոշումներ կայացնելու հնարավորություն այլևս չունի»:
Նրա գնահատմամբ՝ մեծ փոփոխություններ ռուս-թուրքական հարաբերություններում չեն եղել, իսկ Հայաստանի վրա ռուս-թուրքական մերձեցումը բացասաբար չի անդրադառնա. «Հիմա օրակարգում հայ-թուրքական հարաբերությունները չկան, հետևաբար՝ փոփոխություններ չեն լինի»: