Վիկտոր Դալլաքյանը չի հանգստանում

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն իր դեմ օգտագործել է լուսավոր հանցագործի (նկատի ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին.- Գ.Խ.):

Վ. Դալլաքյանը մինչ օրս, փաստորեն, չի հանգստանում՝ չի ներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Էդմոն Մարուքյանին՝ Վանաձորից պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

Նրա խոսքով` 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն իրեն հրավիրել է հանդիպման Ստեփանակերտում, հարցրել է, թե ինչո՞ւ այդպես ստացվեց, այսինքն` ինչո՞ւ Դալլաքյանը պարտվեց, իսկ Դալլաքյանն իր հերթին՝ Սերժ Սարգսյանին է հարցրել, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն պաշտպանել իրեն, բայց միաժամանակ օգտագործել այդ անձին, որը ՀՀ-ում չի բնակվել 1 տարի 17 օր: Վ. Դալլաքյանը նշեց, որ ինքը հետևել է Սերժ Սարգսյանի խորհրդին և բողոքարկել է, բայց հանձնաժողովը մերժել է:

Վիկտոր Դալլաքյանը Տիգրան Մուկուչյանին, Վլադիմիր Գասպարյանին, ընտրական հանձնաժողովների պետերին մեղադրեց ստելու մեջ, թե Էդմոն Մարուքյանը 5 տարի բնակվել է ՀՀ-ում, և ներկայացրեց ՀՀ-ից Էդմոն Մարուքյանի բացակայության մասին տեղեկություններ: Ըստ նրա` Հայաստանում պետական մակարդակի հանցագործություն է իրականացվել` «վոլտեռգեյթ»:

«ԱԺ-ում ունենք լուսավոր հանցագործ, որ ունի պապաներ Հայաստանի բարձրագույն իշխանությունում: Մամաներին չգիտեմ: Սերժ Սարգսյանի հրահանգով Վանաձորում տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Վ. Դալլաքյանը:

Տեսանյութեր

Լրահոս