Բաժիններ՝

ԱՄՆ սպեկուլյանտները հավատում են ռուբլուն

ԱՄՆ սպեկուլյատիվ ներդրողների դրույքները ռուսական ռուբլու վրա անցնող շաբաթվա ընթացքում աճել են և հասել պատմական առավելագույնին։ Ինչպես գրում է RBC.ru-ն, ռուբլին ընթացիկ տարում 17%-ով արժևորվել է և վերադարձել 2015 թվականի հոկտեմբերի մակարդակին։

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ռուբլու ֆյուչերսների և օպցիոնների գծով սպեկուլյանտների արժութային զուտ երկար դիրքը (կարճ և երկար դիրքերի քանակությունների տարբերությունը) CME բորսայում աճել է 5377-ով և հասել 17406։ Երկու ցուցանիշներն էլ (և շաբաթվա կտրվածքով աճը, և շաբաթվա արդյունքներով դիրքը) ռեկորդային են՝ 2009 թվականից ի վեր։

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, ամերիկյան դոլարի փոխաժեքը նվազել է մինչև 61.95 ռուբլի. սա նվազագույն ցուցանիշն է 2015 թվականի հոկտեմբերից ի վեր։

Ռուսական ռուբլու արժևորմանը նպաստել է OPEC անդամ երկրների կողմից ձեռք բերված համաձայնությունը՝ նավթի արդյունահանման ծավալները սահմանափակելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարվեց սեպտեմբերի 28-ին, և դրանից ի վեր Brent տեսակի նավթը թանկացել է 13%-ով։ Ուրբաթ օրը Brent-ի ֆյուչերսները փակվել են 1 բարելի համար 51.93 դոլար մակարդակի վրա։

CME բորսայում ռուբլու երկար դիրքերի աճել են 7 հազարով և հասել 31.1 հազար պայմանագրի ՝ 77.8 մլրդ ռուբլի անվանական ծավալով։ Կարճ դիրքերն աճել են 12.1 հազարից մինչև 13.7 հազար։

«Ռուբլին ներդրումների համար հարմար ակտիվ է, եթե ներդրողը հավատում է նավթի գների հետագա աճին», – Լոնդոնում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ասել է BlackRock-ի՝ զարգացող երկրների պարտքային շուկաների գծով ստորաբաժանման ղեկավար Սերխիո Տրիգո Պասը։ «Մենք կարծում ենք, որ նավթի գինը կմոտենա 57-59 դոլարի՝ 1 բարելի դիմաց»,- Bloomberg-ի փոխանցմամբ ասել է Պասը։

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը, սակայն, կարծում է, որ ռուբլին կթուլանա՝ ներկայիս մակարդակի համեմատ։ Գերատեսչությունը դոլարի փոխարժեքը 2017 թվականի համար կանխատեսում է 67.5 ռուբլի, իսկ 2019-ին՝ 71.1 ռուբլի։ Ինչպես նշվում է հրապարակված զեկույցում, իրական արտահայտությամբ՝ ռուբլու փոխարժեքը կպահպանի կայունությունը։

Փաստաթղթի տվյալները վկայում են նաև, որ 2016 թվականին ռուբլու ամրապնդման համար ՌԴ պետական բյուջեն կորցրել է 990 մլրդ ռուբլի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս