«Հարց է, թե Պուտինի վարչակազմը որքան կշարունակի իր արկածախնդրությունները Միջին Արևելքից Կովկաս և այլուր». Վիգեն Չետերյան

168.am-ի զրուցակիցն է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը

– Սիրիայում Ռուսաստանի Դաշնության և Բաշար Ասադի վարչակարգի գործողությունները հանգեցրին այս հարցում Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության դադարեցմանը։ Ինչի՞ կարող է հանգեցնել սիրիական պատերազմը։

– Ինչպես տեսանք, ռուս-ամերիկյան երկխոսությունը, որի նպատակը հրադադարի հաստատումն էր Սիրիայում, ձախողվեց, և Հալեպի արևելյան շրջանները, որոնք ապստամբների տրամադրության տակ են, սարսափելի վիճակում են։ Իսկ հետևանքների մասին դժվար է խոսել։ Չգիտեմ, թե արդյո՞ք Վաշինգտոնի վարչակարգն իր քաղաքականությունը կփոխի Սիրիայում։ Ռուսաստանն այսօր իր ողջ ներուժով օգնում է Բաշար Ասադի ռեժիմին, իսկ ընդդիմադիրներն այնտեղ օգնություն չեն ստանում, նրանց հիմնական աջակիցը Թուրքիան էր, որը լուռ է մնում Հալեպի դեպքերի հարցում, ուստի դժվար է ասել, թե իրավիճակն ինչպես կզարգանա մինչև ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները։

Ինչո՞ւ և ո՞ր կողմի մեղքով ընդհատվեց երկխոսությունը։

– Իմ կարծիքով՝ հստակ է, որ Ռուսաստանը փորձում է Սիրիայում ժամանակ շահել, և ոչ թե՝ լուրջ քաղաքական լուծում գտնել։ Հստակ է, որ չի հանդուրժում, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի Հալեպի արևելյան թաղամասերին, որտեղ ապստամբներն են։ Ռուսաստանն ու սիրիական վարչակազմը բոլոր քայլերը ձեռնարկում են, որպեսզի Հալեպի մնացած թաղամասերը զավթեն։ Հնարավորությունները հետևյալն են՝ Դամասկոսն ու Ռուսաստանը փորձում են հիմնական քաղաքները վերցնել ապստամբներից կամ ռազմական ուժի, կամ սովի մատնելու միջոցով, քանի որ իրենք պաշարման տակ են պահում մի շարք քաղաքներ և արվարձաններ։ Սակայն Ռուսաստանի և Բաշար ալ Ասադի խնդիրն այն է, որ սիրիական բանակը չափազանց թուլացած է։ Նույնիսկ, եթե նրանք նոր թաղամասեր և շրջաններ գրավեն, ուժ չունեն դրանք պահելու համար։

Վերջերս տեսանք, որ սիրիական ռեժիմը հաջողություններ արձանագրեց Դամասկոսի արվարձաններում և Հալեպի ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ՝ կորուստներ կրեց Համա նահանգում։ Սա նշանակում է, որ ուժերն այլևս չեն բավականացնում։ Այս պայմաններում ես չեմ հասկանում Մոսկվայի հաշվարկները, եթե նույնիսկ այս ուժեղ օգնության պայմաններում Բաշարը չի կարողանում լուրջ հաղթանակներ արձանագրել։ Եթե Բաշարի հակառակորդները, հատկապես՝ միջազգային թատերաբեմում, որոշեն լուրջ զենք ու զինամթերք հասցնել ապստամբներին, այդ ժամանակ Դամասկոսի վիճակը շատ ավելի կթուլանա։ Ուստի ես կարծում եմ, որ իսկապես այս տարի շատ հարմար տարի էր, որպեսզի փորձ արվեր իսկապես լուրջ քաղաքական լուծում տալ սիրիական պատերազմին, և ոչ թե՝ փորձել պատերազմի միջոցով հարցեր լուծել։

Պարոն Չետերյան, իրավիճակը լարվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում, և տեսակետներ են շրջանառվում, որ Ռուսաստանն է հրահրում լարվածություն Ղարաբաղում՝ ընդդեմ ԱՄՆ-ի, որպեսզի Նահանգները Սիրիայում նահանջի՝ թուլացնելով հակազդեցությունը Ռուսաստանի և Ասադի վարչակազմի դեմ։ Այս տեսակետները Ձեզ հիմնավորված թվո՞ւմ են։ Կարո՞ղ է կապ լինել Ռուսաստանի գործողությունների միջև Սիրիայում և Ղարաբաղում։

– Իհարկե, ես տեղյակ չեմ, թե Ղարաբաղի ռազմաճակատում ինչ է կատարվում։ Այդ մասին չեմ կարող խոսել, քանի որ տեղյակ չեմ նաև քաղաքական բանակցությունների մասին։ Բայց մեկ նկատառում ունեմ՝ Ռուսաստանն այսօր, մասնավորապես՝ Պուտինի վարչակազմն իր սահմաններից դուրս մի շարք ռազմական արկածախնդրությունների մեջ է՝ սկսելով 2008թ. Վրաստանից, ապա՝ Ղրիմ, Ուկրաինա, Սիրիա։ Ուստի փոքր-ինչ մտահոգ եմ։ Չմոռանանք, որ, երբ Խորհրդային միությունը ևս իր ուժերը տարածեց Արևելյան Եվրոպայից մինչև Աֆղանստան, չդիմացավ։ Հարց է, թե Պուտինի վարչակազմը, որի հավասարակշռությունը պայմանավորված է նավթի գներով, որքան կարող է այդ ցածր գների պայմաններում շարունակել իր արկածախնդրությունները Միջին Արևելքից Կովկաս և այլուր։ Ճիշտ է՝ ես այս հարցի պատասխանը չունեմ, բայց այդ հարցը ծագում է ինձ մոտ։

Վերադառնալով սիրիական պատերազմին՝ օրեր առաջ Հալեպի հայ համայնքի համար ամենաողբերգական ու արյունոտ օրը գրանցվեց, երբ մի քանի զոհ և վիրավոր ունեցանք։ Հասկանալի է, որ համայնքի ապագան լուրջ վտանգի տակ է Սիրիայում։ Ի՞նչ քայլեր են ակնկալվում ՀՀ կառավարությունից, թեև որոշակի քայլեր այս օրերին ձեռնարկվել են։

– Կարծում եմ՝ թե հայկական սփյուռքի կազմակերպությունները, հատկապես՝ մեր պետությունը, մեծ պատասխանատվություն է կրում այդ համայնքի առջև Իրաքի փորձից հետո, երբ իրաքահայությանը ոչ մի ձևով չաջակցեցինք։ Այսօր հինգերորդ տարին է, որ սիրիական պատերազմը շարունակվում է, մենք պատասխանատվություն ունենք այդ մարդկանց առջև։ Այն հայ ընտանիքը, որ ցանկանում է Հալեպից կամ Սիրիայի այլ շրջաններից գալ Հայաստան, պարտավոր ենք այդ մարդկանց օգնել, և կասեմ, որ այդ պարտականությունը լուրջ չենք վերցրել մեզ վրա։

Տեսանյութեր

Լրահոս