Բաժիններ՝

Ոլորտային վերլուծությունները վերհանել են խոշոր բիզնեսի թաքցրած հարկերը

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված տնտեսվարողների հարկային եկամուտներն 9 ամսում գերազանցել են 2015թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշն ավելի քան 5%-ով կամ 15.5 մլրդ դրամով: 2016թ. 9 ամսում խոշոր բիզնեսը պետբյուջե է վճարել 26.3 մլրդ դրամ հարկային եկամուտ այն պայմաններում, երբ այս բոլոր կազմակերպությունները միասին ունեցել են իրացման շրջանառությունների 2.5% նվազում:

«Մենք հաշվի ենք առնում արտաքին տնտեսական գործոնների ազդեցությամբ ձևավորված օբյեկտիվ պայմանները և վարչարարություն իրականացնում այն կազմակերպություններում, որոնք վերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվում են ռիսկային»,-վստահեցնում է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:

mashadyan

Վերլուծական նոր գործիքներ կիրառելով, ոլորտային առանձնահատկությունների ճիշտ գնահատմամբ, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ու հարկ վճարողների իրազեկմանն ուղղված աշխատանքներով տեսչությունը հասել է նրան, որ հարկային եկամուտների աճ է արձանագրվել մի քանի ոլորտներում:

Մասնավորապես՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող 4 կազմակերպություններում հարկային եկամուտների աճը 9 ամսում կազմել է 6.7 մլրդ դրամ, ծառայությունների մատուցմամբ զբաղվող 29 կազմակերպություններում՝ շուրջ 4.7մլրդ դրամ: Ճանապարհաշինության ոլորտում գործող 15 կազմակերպությունները միասին ապահովել են շուրջ 1.8 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, իսկ վառելիքի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունները՝ շուրջ 1 մլրդ դրամ: Պարենային ապրանքների ներմուծմամբ զբաղվող 27 կազմակերպություններ միասին հարկային եկամուտներն ավելացրել են մոտ 900 մլն դրամով:

«Մեր ջանքերի շնորհիվ խոշոր բիզնեսը, ի տարբերություն նախորդ տարիների, ներկայացնում է ճշգրտված հաշվարկներ կամ հենց սկզբից ճիշտ է հայտարարագրում հարկվող օբյեկտները: Ինքնահայտարարագրման արդյունքում առաջացող հարկերի չափը գրեթե հավասար է հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտված հարկային վճարումներին: Այսինքն՝ ինչպես վարչարարության, այնպես էլ ինքնահայտարարագրման արդյունքում մենք ունենում ենք հարկային եկամուտների աճ»,-ընդգծում է ԽՀՎՀՏ պետ Ռաֆիկ Մաշադյանը:

Նրա դիտարկմամբ, տեսչությունը կիրառել է վարչարարական նոր մոտեցումներ և բարձրացրել է հսկողության ինտենսիվությունն այն ոլորտներում, որտեղ արտաքին գործոնների բացասական ազդեցություն չի եղել կամ առկա են եղել հարկվող օբյեկտների թերհայտարարագրման ռիսկեր՝ ստվերային շրջանառություններ: Մասնավորապես՝ վարչարարությունն ուժեղացել է մանրածախ առևտրի ոլորտում:

Միայն «Ալեքս Գրիգ», «Սաս գրուպ», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Ծիրան մարկետ» խոշոր ընկերություններում կատարված հսկողական աշխատանքների արդյունքում բյուջե վճարման ենթակա ավելի քան 401 մլն դրամ լրացուցիչ գումար է արձանագրվել: Ալկոհոլային խմիչք ներմուծող «Անդակո», «Սարգիս-Կարոլինա», «Ադամիում» ընկերություններում իրականացված ընթացիկ հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է շուրջ 150 մլն դրամի պակասորդ, և կազմակերպություններին առաջադրվել է 75 մլն դրամի տուգանք: «Հսկողական աշխատանքների ինտենսիվության արդյունքում թռչնի մսի, ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում իրացման ծավալների շուրջ 20% աճ ենք արձանագրել: Նույն պատկերն է նաև սուպերմարկետների դեպքում. այս ոլորտում շրջանառությունը ևս 20%-ով ավելացել է»,-նշում է Ռ. Մաշադյանը:

Տեսչության իրականացրած վարչարարությունը մեծ դերակատարում է ունեցել նաև ծառայությունների մատուցմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից հարկային վճարումներն ավելացնելու գործում: Միայն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության արդյունքում արձանագրվել է մոտ 600 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ ընդհանուր առմամբ, կազմակերպությունն իր հարկային եկամուտներն ավելացրել է ավելի քան 4 մլրդ դրամով: «Վարչարարության արդյունավետության բարձր ցուցանիշները մեկ անգամ ևս վկայում են, որ ՊԵԿ-ի որդեգրած հարկային քաղաքականությունը նպատակային է և ուղղված է ստվերային շրջանառությունների բացահայտմանն ու վերացմանը, հետևաբար՝ հարկային եկամուտների աճին»,-նկատում է Ռաֆիկ Մաշադյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս