«Եվրոպական օրինակը մի դարձրեք իդեալ, հակառակ դեպքում՝ գեյ շքերթներ կունենաք». Հայկ Բաբուխանյանը՝ Էդուարդ Շարմազանովին
«Եվրոպական օրինակը մի դարձրեք իդեալ, հակառակ դեպքում՝ գեյ շքերթներ կունենաք։ Ես այդպիսի Հայաստանում չեմ ուզում ապրել»,- այսօր ԱԺ նիստի ընթացքում Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե՝ եվրոպական մոդելից են օգտվել, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանին նման բան չի սպառնում։
«Դժվար է ասել, ես ձեր լավատեսությունը չեմ կիսում»,- պնդեց Հ. Բաբուխանյանը, ապա իր հարցերն ուղղեց արդարադատության նախարարին՝ ինչո՞ւ օրենքի նախագծում «Կազմակերպության գործունեության սկզբունքները» բաժնում չկա թափանցիկության սկզբունքը, օրինագծով Թուրքիայի քաղաքացիները կարող են այստեղ ստեղծել կազմակերպություն, Թուրքիայից ստանալ վարկ ու դա օգտագործել Հայոց ցեղասպանության ժխտման համար, կամ ադրբեջանական խողովակներով քաղաքացիներն ստանան վարկ և ասեն, որ պետք է կռվել ոչ թե՝ ադրբեջանցիների, այլ՝ սեփական երկրի դեմ, ինչի օրինակները կարող եմ բերել։
Այս հարցադրմանն Ա. Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ես չէի ակնկալում, որ այս օրենքի քննարկումը պետք է վերածվի տարատեսակ փոքրամասնությունների ողջունման կամ ժխտման գործընթացի։ Թափանցիկության մասով ձեր կողմից որպես առաջարկ եմ ընդունում ու խնդիր չեմ տեսնում՝ ամրագրելու հետ կապված։ Օրենքում ֆիքսված է, որ կազմակերպությունը պետք է գործունեություն ծավալի իր կանոնադրությամբ նշված շրջանակում, և իր ամբողջ ավանդները, գույքը պետք է օգտագործվեն հենց այդ նպատակով։ Հատուկ հոդվածով է սա ֆիքսված, որովհետև տարիներ շարունակ քննարկման առարկա է եղել ձեռնարկատիրական գործունեության հետ կապված խնդիրը՝ իրավունք ունե՞ն զբաղվելու, թե՞ ոչ, եթե զբաղվեցին, ի՞նչ է լինում, հատուկ հաշվառում պետք է արվի՞, թե՞ ոչ, և այլն։ Հիմա, քանի որ օրենքով իրավունք է վերապահվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել իր կանոնադրությամբ նախատեսված խնդիրների համար, սա սահմանափակում է հ/կ-ների հնարավորությունները՝ ձեռնարկատիրական բիզնեսի արդյունքում ստացված եկամուտն ուղղել ոչ թե այլ նպատակների, այլ հենց այն նպատակներին, որի համար ինքն ի սկզբանե ստեղծվել է»։
Արդարադատության նախարարը հավաստիացրեց՝ որքան էլ նախագիծը լիբերալ է, բազմաթիվ լծակներ պետությունն ունի պաշտպանելու համար այնպիսի խնդիրներ, ինչպիսին պատգամավորն է բարձրացնում.
«Այդ խնդիրները ես ավելի շատ տեսնում եմ ԱԱԾ-ի համատեքստում, քան որևէ պետական մարմնի, որը պետք է տոտալ հսկողություն իրականացնի հասարակական կազմակերպությունների յուրաքանչյուր քայլի նկատմամբ։ Եթե կլինի ձեր նկարագրած իրավիճակը, ուրեմն՝ դրա համար պետությունն ունի բավարար լծակներ՝ պահանջելու իր ցանկացած տեղեկատվությունը ու դրանց հետքերով գնալու, բայց սրանք ընդամենը գործիքներ են պատշաճ դաշտում աշխատող հասարակական կազմակերպությունների համար»։