«Հայաստանում տարածված է և աճի միտում ունի թմրամոլությունը». ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարածված է և աճի միտում ունի թմրամոլությունը։ Աշխարհի ոչ մի երկրում թմրամոլության աճը չեն կարողանում կանխել, միայն Շվեդիան է հայտարարում, որ իրեն հաջողվել է կանխել թմրամոլության աճը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը և պարզաբանեց, թե ովքեր են համարվում թմրամոլ։

«Թմրամոլ համարվում են այն մարդիկ, ովքեր, ոչ բժշկի նշանակմամբ, օգտագործում են թմրամիջոց։ Թմրամիջոցը նյութ է, որը երկիրն իր տարածքում դասակարգել է՝ որպես թմրամիջոց, իսկ երկիրն իր տարածքում նյութը դասակարգում է որպես թմրամիջոց՝ հաշվի առնելով նրա առավել ծանր սոցիալական և առողջապահական հետևանքները»,- պարզաբանեց նա։

Թվային տվյալների մասով նա ներկայացրեց երկու վիճակագրություն.

«Կա պաշտոնական վիճակագրություն, որն իրականացնում է ԱՆ նարկոլոգիական ծառայությունը։ Այդ ցուցակում հայտնվում են այն մարդիկ, որոնք հայտնվել են ԱՆ տեսադաշտում։ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 5828 թմրամոլ է հաշվառված այսօր նարկոլոգիական ծառայությունում։ Նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է 9%-ով։ Կան նաև գիտական հիմք ունեցող ուսումնասիրություններ, որոնք վերջին անգամ իրականացվել են 2011թ. և ըստ որոնց՝ Հայաստանում կա 30 հազար թմրամոլ»։

Հայաստանի թմրամոլները, ըստ նրա, հիմնականում կանեփից պատրաստված թմրամիջոցներ են օգտագործում։ Իսկ թմրանյութերից կախվածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ բուժումը տարբեր թմրամիջոցների դեպքում՝ տարբեր ժամանակահատված է պահանջում.

«Բուն ակտիվ բուժումը 15-25 օր է տևում, հետո մեկ ամիս՝ պահպանողական բուժում, որից հետո՝ ռեաբիլիտացիոն միջոցառումներ»։

Պ. Սեմերջյանի խոսքով՝ թմրանյութ օգտագործողները 25-40 տարեկան անձինք են.

«5828 թմրամոլից 88-ը կանայք են»։ Նա նաև ընդգծեց, որ դեռ 15-րդ դարում հայ բժշկապետերն առաջարկել են թմրամոլությունից բուժման եղանակներ.

«Այն ժամանակ թմրամոլությունն ուրիշ տերմինով են կոչել, դա չի եղել իրավական խնդիր, ու երկրները որոշակի գործողություններ չեն կատարել թմրամիջոցներ օգտագործողների նկատմամբ։ Ամիրդովլաթ Ամասիացին, օրինակ, առաջարկել է բուժում, այսինքն՝ նա խնդիր է տեսել՝ ափիոնի օգտագործման հետ կապված։ Մարդիկ թմրամիջոցներն օգտագործել են հիմնականում երկու պատճառով՝ կրոնական ծիսակատարությունների ժամանակ՝ բերելով իրենց էքստազի, և երկրորդ՝ հաճույք ստանալու ակնկալիքով»։

Հետաքրքրվեցինք՝ առողջական ի՞նչ վնասներ է հասցնում թմրամոլությունը։

«Չկա որևէ օրգան-համակարգ, որը չի վնասվում։ Հիմնականում վնասվում են լյարդը, գլխուղեղը և սիրտը, բայց ներգրավվում են բոլոր օրգան-համակարգերը»,- ասաց բանախոսը։

Միևնույն ժամանակ նարկոլոգը նկատեց՝ թմրամիջոցները ոչ միայն նյութեր են, որոնք չարաշահելով՝ մարդիկ դառնում են թմրամոլներ, այլև՝ շատ կարևոր դեղեր են և փրկում են միլիոնավոր մարդկանց կյանքեր։

Տեսանյութեր

Լրահոս