«Մեր ՀՀԿ գործընկերները, ձեզ հետ միասին, հավակնում են Նոբելյան մրցանակի». Նաիրա Զոհրաբյան

«Այսօր մի քանի լրատվամիջոցների Դուք հայտարարել եք՝ «Բալասանյան դաշինքին» 17 մանդատները տրվել են բացառապես օրենքի համաձայն. ես չգիտեմ՝ Դուք որ օրենքին եք հղում արել, ինձ թվում է՝ մեր և Ձեր Ընտրական օրենսգրքերը տարբեր են»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ իրենց Ընտրական օրենսգրքով, որն այս ԱԺ-ն է ընդունել, բոլոր հնարավոր և անհնար հաշվարկներով՝ «Բալասանյան դաշինքը» 15 մանդատից ավելի չունի. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ դեռևս չկա, և մեր ՀՀԿ գործընկերները, փորձելով հիմնավորել ձեզ հետ միասին, որ «Բալասանյան դաշինքն» ունի 17 մանդատ, հավակնում են լրացնել այդ բացը, խնդիր չկա, ուրեմն՝ նոր Թալեսներ են հայտնվել մաթեմատիկայի ոլորտում, որոնք փորձում են հիմնավորել անհիմնավորելին։ Ես կհորդորեի դիմել Նոբելյան մրցանակի կոմիտե, որովհետև բոլոր հնարավոր հաշվարկներով՝ «Բալասանյան դաշինքն» ունի 15 մանդատ»։

Տ. Մուկուչյանը նշեց, որ այդ 15 մանդատը ստացվում է առանց բոնուսի. «Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի կանոնակարգմանը, բնավ չհավակնելով Նոբելյան մրցանակի, ուղղակի ասեմ, որ այսօր Ընտրական օրենսգիրքը նորույթ չէ, շատ հստակ ամրագրված է, որ քվեարկությունից  հետո նախ՝ որոշվում են այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 6 տոկոսը, դաշինքի պարագայում՝ 8 տոկոսը, հաշվարկելուց հետո սկսվում է մանդատների բաշխումը։ Դրանից հետո հաղթահարածների միջև իրականացվում է հաշվարկ։ Հաշարկի արդյունքում ստացվում են այն թվերը, որ Դուք եք նշում, բայց կա նաև մի նրբություն, եթե այդ ամենից հետո որևէ կուսակցություն ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, այստեղ գործում է բոնուսը, նրան տրվում են այնքան տեղեր, որ ստացվի մեծամասնություն»։

Ն. Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ հասկանում է, որ Ընտրական օրենսգրքի հեղինակները՝ Դավիթ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը, կարող են հիմնավորել անհիմնավորելին, բայց իր տրամաբանության մեջ բացարձակապես չի տեղավորվում, որ հանուն «Բալասանյան դաշինքի»՝ 114 հոդվածը սահմանի, որ այն քվեն, ինչ ունի ԲՀԿ-ն, դրանից մեկը պետք է տալ «Բալասանյանին». «Ես չգիտեմ՝ դուք ո՞ր ԸՕ-ով եք առաջնորդվում, մեր ԸՕ-ով՝ անգամ բոնուսային համակարգը հաշվի առնելով, «Բալասանյան դաշինքը» չունի 17 մանդատ։ Իսկ 3 քաղաքական միավորները՝ ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը»  և «Գալան» ունեն միասնաբար 18 քվե, և մենք պահանջելու  ենք, որ քաղաքականությունն այլ շրջանակներում տեղի ունենա»:

Տեսանյութեր

Լրահոս