
Ընտրակեղծարար Գագուլիկենք «տեղը կբերե՞ն» Սերժ Թանկյանն ով է. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանն ու Սերժ Թանկյանը նախկինում էլ բազմիցս ապացուցել են, որ անտարբեր չեն Հայաստանի ու հայաստանցու խնդիրների նկատմամբ: Նրանց մոտեցումն այս առումով տարբերվում է սփյուռքում տարածված մոտեցումից, որ պետք է հայրենիքին ամեն ինչով օգնել, բայց խնդիրների մասին բարձրաձայն չխոսել՝ թշնամու ջրաղացին ջուր չլցնելու համար: Իսկ Խորենացի փողոցում Արսինե Խանջյանի բերման ենթարկվելը, կարծես, վերջին կաթիլն է եղել, որ հայտնի եռյակը գործի անցնի:
Որպես առաջին քայլ նախաձեռնվեց «Արդարություն Հայաստանին» խորագրով հայտնի ստորագրահավաքը: Այն, սակայն, շատ ավելի դանդաղ է առաջ գնում, քան կարելի էր ակնկալել: 10 միլիոնանոց հայկական սփյուռքից, Հայաստանից եւ Արցախից ընդամենը 2500 հոգի է միացել այս նախաձեռնությանը: Այնինչ change.org-ում հարյուր հազարներով են ստորագրություններ հավաքում (ամեն օր 161 միլիոն մարդ առնչվում է այդ կայքին): Ո՞րն է խնդիրը: Հնարավոր չէ, որ համայն հայությունը Հայաստանին արդարություն չցանկանա: Կամ չցանկանա, որ ՀՀ-ում «մարդկանց հավասարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայություն» տիրի, ինչպես նշված է ստորագրման դրված տեքստում:
Շեշտում են, որ նախաձեռնությունը քաղաքական չէ, իրենք կուսակցությունների ներկայացուցիչներ չեն եւ ոչ էլ փորձում են Հայաստանում հեղափոխություն անել: Սակայն change.org-ում սկսված ստորագրահավաքի հայտարարության դեկլարատիվ բնույթը նման հեռանկարից խուսափելու լավագույն տարբերակը չէ: Միեւնույն է, այստեղ կգտնվեն մարդիկ, ովքեր իշխանահաճո հայտարարություններ կանեն, թե սույնով սփյուռքի ներկայացուցիչները իրենց քիթը մտցնում են ՀՀ ներքաղաքական կյանքի մեջ: Երեկ արդեն Լեւոն Իգիթյանը բացել էր այս թեման:Եվ հակառակը. նման ընդգրկուն, դեկլարատիվ բնույթի եւ անհասցե պահանջներով կարելի է էապես փոքրացնել նախաձեռնության վերջնական նպատակի հնարավոր հաջողությունը:
Բայց որպեսզի օգգ-ի մեծ պոտենցիալ ունեցող այս նախաձեռնությունը չփոշիացվի, անհրաժեշտ է, որ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը եւ մյուս բոլոր սփյուռքահայ դիտորդները հատուկ պատրաստվածություն անցնեն: Ամեն ինչ կփչանա, եթե նրանք, ապավինելով իրենց հեղինակությանը, ընտրության օրը պարզապես շրջեն ընտրատեղամասերով: Նախ` թաղային ընտրակեղծարարները նրանց չեն ճանաչի, ինչպես Խորենացի փողոցում Արսինե Խանջյանին չճանաչեցին նրան բերման ենթարկող շարքային ոստիկանները:
Եվ բացի այդ, քաղաքական այլ մշակույթ կրող մեր հայրենակիցների երեւակայությունը պարզապես չի բավարարի ընտրատեղամասերում հնարավոր ընտրակեղծարարությունները նկատելու համար: Այսինքն, իսկապես արդյունք ստանալու համար բոլոր հայտնի եւ ոչ հայտնի սփյուռքահայերը պետք է ՀՀ օրենքներով սահմանված կարգով դիտորդի կարգավիճակ ստանան եւ համապատասխան գիտելիքներ ունենան: Հակառակ դեպքում մեծ է վտանգը, որ ամեն ինչ կավարտվի բռնություններն ու ընտրակեղծիքները դատապարտող հերթական հայտարարությամբ, ինչի պակաս հայաստանյան ընտրություններում երբեք չի զգացվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: