Բաժիններ՝

Հարկային նոր օրենսգրքով մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկն իջնում է

ԱԺ արտահերթ նիստում այս պահին քննարկվում է Հարկային նոր օրենսգիրքը: Պետական եկամուտների կոմիտեի  (ՊԵԿ)  փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նախագիծը ներկայացնելիս  նախ՝ նշեց, որ օրենսգրքի առաջին ընթերցումից հետո բազմաթիվ առաջարկներ են ստացել գործարարներից, պատգամավորներից, որոնց գերակշիռ մասն ընդունվել է: Վ. Միրումյանը ներկայացրեց դրույքաչափի մասով կատարված փոփոխությունները: Այժմ առաջարկվում է, որպեսզի 120-150 հազար դրամ աշխատավարձերի պարագայում 23 տոկոս եկամտահարկի դրույքաչափ կիրառվի: Գործող օրենքում 24.4 և 26 տոկոս դրույքաչափ էր նախատեսվում:

«Եկամտային հարկի դրույքաչափերը, որը բազմաթիվ քննարկումների առարկա էր դարձել, վերանայվել են. 23 տոկոս դրույքաչափ է առաջարկվում կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում՝ նախագծով առաջարկված մինչև 120.000 շեմի փոխարեն: Սա նշանակում է, որ գործող 24.4 ու 26-ի փոխարեն՝ արդեն 23 տոկոսն է կիրառվելու»,- ասաց նա:

Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ 2-րդ դրույքաչափը՝ 28 տոկոսը, առաջարկվում է կիրառել ոչ թե 120.000-ից մինչև 1 մլն դրամ միջակայքի համար, այլ առաջարկվում է կիրառել 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ միջակայքի համար, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում առաջարկվում է կիրառել գործող 36 տոկոս դրույքաչափը:

Վ. Միրումյանն ավելացրեց, որ դրույքաչափերի արդյունավետ նվազեցում է նախատեսվում. մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները, որոնք կազմում են ՀՀ վարձու աշխատողների 89, 8 տոկոսը (կամ 550 հազար քաղաքացիներ), կունենան եկամտահարկի տնտեսումներ: Դրանից բարձր աշխատավարձի դեպքում եկամտահարկի դրույքաչափը բարձրանում է: Առաջին ընթերցման նախագծով 4,3 տոկոսով էր բարձրանում լրամշակված տարբերակում՝ 1.72 տոկոսով: Այսինքն, ըստ Միրումյանի՝ այստեղ էլ է բեռը նվազում:

Փոփոխության է ենթարկվել նաև շրջանառության կամ ԱԱՀ շեմը, որը, ըստ նրա՝ առաջին ընթերցմամբ սահմանված էր 40 մլն դրամ: «Մշակված տարբերակով առաջարկվում է շեմը սահմանել 58.35 մլն դրամ: Բոլորին հայտնի էր, որ այս շեմի բարձրացումը սկզբում ժամանակավոր էր: Փաստը ցույց տվեց, որ շրջանառության հիմքում դրված տրամաբանությունը չծառայեց իր նպատակին, ավելին՝ խոչընդոտեց փոքր տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը։ Խոչընդոտել է ՓՄՁ-ների աշխատանքը և նրանց դրել ավելի պակաս մրցակցային վիճակի մեջ»,- ասաց Վ. Միրումյանը:

Շահաբաժինների համար նախատեսվում է չհարկել դրանք, եթե ներդրում է արվում տվյալ ընկերությունում: Վախթանգ Միրումյանը նշեց, որ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում հասկացել են, որ կոռուպցիոն ռիսկեր կան, և գործող կարգավորումը թողնում են անփոփոխ:

Ներկայացված նախագծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերն ուշ վճարելու համար տույժերն  էապես նվազեցվում են.  գործող օրենքում 0.15 տոկոս էր նախատեսվում, այժմ սահմանվում է 0.75 տոկոս: Կառավարությունը գտնում է՝ եթե հարկատուն կարգապահ է եղել, ինչ-ինչ պատճառով չի հասցրել վճարել, նրան այդքան նեղություն չպետք է տան, որ կարողանա շարունակել իր գործունեությունը, ոչ թե բիզնեսը փակի ու գնա:

Ինչ վերաբերում է ակցիզային հարկին, ապա ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրության համար 15 տոկոս սպեցիֆիկ դրույքաչափի բարձրացում է սպասվում: Նախագծի վերջնական տարբերակում որոշվել է, որ սպեցիֆիկ դրույքաչափերը դարձյալ բարձրանալու են տարեկան 15 տոկոսով, բայց արժեքային դրույքաչափերը սահմանափակվում են ընդամենը 15 տոկոսով, որպեսզի տեղական արտադրողներն ու ներմուծողները շուկայում ունենան հավասար պայմաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս