«Վանաձորցին ընտրում է ոչ թե կուսակցապետ, այլ նոր քաղաքապետ». Մամիկոն Ասլանյան

«Վանաձորցիների հետ շփումներն ինձ բերել են այն եզրակացության, որ նրանք վստահում են, որ նրանք հուսադրված են, հուսալքված չեն, և որ ամենակարևորն է՝ մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել ու պատասխանատու կերպով տանում ենք այն, որ վաղը-մյուս օրը կարողանանք իրականում փոխել պաշտոնյայի և կուսակցականի նկատմամբ ձևավորված կարծրատիպը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ընդգծելով, որ կարողանալու են Վանաձորում ստեղծել այնպիսի պայմաններ, որ վանաձորցին ցանկանա վերադառնալ ու ապրել Վանաձորում, այլ ոչ թե արտագաղթել։

«Ժողովուրդը մեզ շարունակում է վստահել։ Ամեն հանդիպումից հետո ավելի մեծ ոգևորություն եմ ստանում, բայց միևնույն ժամանակ՝ իմ մեջ կրկնապատկվում է պատասխանատվության զգացումը»,- ասաց նա։

Մ. Ասլանյանը ներկայացրեց կառավարման ապագա մոդելը, որը կյանքի կկոչվի իր ընտրվելու դեպքում.

«Գրեթե բոլոր համայնքային կառավարման ճյուղերում նախատեսվում են փոփոխություններ՝ կապված և՛ հասարակության ու համայնքային իշխանությունների կապի, հանրության ներգրավվածությանը՝ կառավարման պրոցեսի հետ, և՛ քաղաքացիների համար բյուրոկրատական քաշքշուկներ չստեղծելու հետ։ Այսինքն՝ ուզում ենք Վանաձոր քաղաքում փոխել կառավարչի ու ժողովրդի միջև կապի որակը, դարձնել ուղղակի ավելի անմիջական, թափանցիկ։ Ինչպես նաև՝ բյուջեի հիմնական ուղղությունները, այսինքն՝ ծախսային մասերը կարողանանք ուղղորդել ճիշտ ուղղություններով և այդ մասին իրազեկենք հասարակությանը»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, ապա նա նշեց, որ շուտով Վանաձորում մեծ ներդրումային ծրագիր է իրականացվելու.

«Մոտ 20 մլն դոլարի ներդրումային ծրագրով լուծվելու է Վանաձոր քաղաքի աղբահանության գլոբալ հարցը, սկսվելու է ճոպանուղու շինարարությունը, 2 դպրոց և 1 մանկապարտեզ պետք է կառուցվի, և չնայած այդ ամենը համայնքային բյուջեի հետ կապ չունի, բայց և այնպես՝ քաղաքային տնտեսության վրա դրականորեն կանդրադառնա, որովհետև բոլոր այդ գործընթացների ու աշխատանքների մեջ ներգրավված է լինելու վանաձորցին։ Որոշակի աշխատանքներ կատարելուց հետո քաղաքը կվերագտնի իր զարգացման առաջնահերթություններից մեկը՝ զբոսաշրջության, սպորտային զբոսաշրջության վերազարգացումը Վանաձորում։Վանաձորը նաև ներառված է Ասիական զարգացման բանկի ծրագրերում, ու Վանաձոր քաղաքի մոտ 200 կմ ներհամայնքային ավտոճանապարհների ասֆալտապատման հարցը վերջնականապես կլուծվի, որի նախագծման աշխատանքները կսկսվեն 2017թ.։ Անձամբ մի խոստում էլ ունեմ. ընտրվելու դեպքում Վանաձորում 1000 նոր աշխատատեղ է բացվելու»։

Հետաքրքրվեցինք, թե ո՞ր ուժի ներկայացուցչին է տեսնում՝ որպես հիմնական մրցակից։

«Բոլորին հավասարապես տեսնում եմ մրցակից, որևէ մեկին առավելություն չեմ ուզում տալ, որովհետև քաղաքական դաշտում հիմա խմորումներ են, եթե ես նախանշեմ մրցակիցներից որևէ մեկին, կթիրախավորեմ կամ կկանխորոշեմ նրանց առավելությունը մյուսների նկատմամբ։ Հետևաբար՝ ես բոլորին տեսնում եմ նույն մրցակցային դաշտում ու հարթության վրա։ Այսօր երկու-երեք քաղաքական ուժեր վանաձորյան թատերաբեմում ուզում են ավելի ընդդիմադիր ու թունդ երևալ, մենք սպասում ենք՝ տեսնենք, թե ով է վերջապես ընդդիմության ջահակիրը, ընդդիմության առաջնորդը։ Ըստ այդմ՝ հոկտեմբերի 3-ից հետո կորոշենք՝ ով էր ավելի լավ մրցակից»։

Իշխող Հանրապետական կուսակցության  թեկնածուն ընդգծեց, որ հիմա զբաղված են վանաձորցիների խնդիրների՝ ըստ առաջնահերթության և ըստ հրատապության դասակարգմամբ, որ հետագայում կարողանան ճիշտ պլանավորում կատարել.

«Այս պահին վանաձորցին կարիք ունի վստահելի, լուրջ, գրագետ մարդու և թիմի։ Վանաձորցին չի գտնում, որ ապագա ընտրությունները կուսակցապետի ընտրություններ են, այլ վանաձորցին փայլուն հասկանում է, որ ապագայում իրենք ունենալու են նոր քաղաքապետ, ոչ թե՝ նոր կուսակցապետ»։

Տեսանյութեր

Լրահոս