«ՀՀԿ-ն է հաղթելու, ես եմ հաղթելու». Մամիկոն Ասլանյանի պատասխանն Էդմոն Մարուքյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ Վանաձորում ոչ թե հաղթելու շանսեր ունեն, այլ հենց իրենք էլ հաղթելու են. «Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վանաձորում անդառնալիորեն ՀՀԿ-ն պարտվելու է»: «Լուսավոր Հայաստանը» Վանաձորում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Քրիստ Մարուքյանին:

168.am-ը Էդմոն Մարուքյանի այս հայտարարության և իր ապագա ծրագրերի մասին զրուցեց Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի հետ

– Պարոն Ասլանյան, Էդմոն Մարուքյանի այս հայտարարությունն ի՞նչ էր նշանակում. ՀՀԿ-ն ի՞նչ շանսեր ունի:

– Ճիշտն ասած՝ ես գիտեմ, որ ՀՀԿ-ն է հաղթելու, ես եմ հաղթելու, բայց դե լավ է, որ նոր կուսակցություն է, ուզում է մտնել քաղաքականության մեջ, իր համար տեղ գտնել, ու միանգամից նման բարձրագոչ հայտարարություններ է անում: Այսօր մի տեղ էլ կարդացի, որ ընդդիմադիր մյուս կուսակցությունները հայտարարում են, թե իրենք են ամենաուժեղը, ինչը, կարծում եմ, ճիշտ չէ: Նոր քաղաքական դաշտ մտնելիս՝ ցուցակով ինձնից հեռու գտնվող մարդու մասին նույնիսկ նման կարծիք չեմ արտահայտի: Ինձ թվում է՝ իրենց մոտ հաճելի մոլորության պրոցես է այս պահին, բայց ոչինչ՝ ժողովուրդը հետևելով, ճանաչելով, մեր ծրագրերն ուսումնասիրելով՝ իր վերջնական խոսքը կասի: Պարոն Էդմոն Մարուքյանն իր սահմանադրական իրավունքից է օգտվել. ինքը կուզի՝ այստեղ կհաղթի, կուզի՝ Կամբոջայում կհաղթի, որտեղ կուզի՝ այնտեղ էլ կհայտարարի, որ հաղթել է, ոչինչ, ի՞նչ անենք:

Կարդացեք նաև

Մեր առաջնային խնդիրն է, որ ժողովուրդը հաղթի, որ ժողովրդի հաղթանակն արձանագրվի, որ Վանաձորի ժողովուրդն ընտրի քաղաքի ղեկավար, այլ ոչ թե՝ աճպարար: Հայտ ներկայացնելն ու հավակնոտ դառնալը շատ սխալ երևույթ է: Սա իմ անձնական դիրքորոշումն է: Ես ուրիշների կուսակցության գործերին, ասուլիսներին չեմ խառնվում, դա իրենց գործն է, ես շատ համեստ մարդ եմ ինձ համարում իմ գործողություններում: Հետևաբար, և՛ կյանքը ցույց կտա, և՛ Վանաձորի ժողովուրդը ցույց կտա, և՛ պատմությունն է ցույց տվել. չի կարելի նմանատիպ բարձրագոչ հայտարարություններ անել: Իրենք մեզ չեն կարող հաղթել:

– Իսկ Դուք ի՞նչ ծրագրերով եք գալիս ու ի՞նչ փոփոխություններ եք իրականացնելու:

– Եթե հաշվի առնենք, որ Վանաձորում վերջին 15 տարիներին լուրջ ծրագրային փոփոխություններ, ներդրումներ չեն եղել, այդ առումով հեղափոխական լուծումներով ենք գալիս: Ծրագրային առումով՝ քաղաքում բավականին շատ բան փոխելու լուրջ մտադրություն ու դրա համար օբյեկտիվ բոլոր նախապայմաններն ունենք՝ սկսած մեր նախնական պայմանավորվածություններից՝ մեր ծրագրերը քաղաք բերելու առումով, և վերջացրած՝ մեր կամքով, մեր հեղինակությամբ, գործելաոճով, անձանց ու քաղաքի նկատմամբ ունեցած մեր սիրով ու վերաբերմունքով:

– Պարոն Ասլանյան, մինչև հիմա ի՞նչն էր խանգարում ՀՀԿ-ին՝ այդ ծրագրերն իրականացնել. գործող քաղաքապետն էլ է ՀՀԿ-ական:

– Ես նույն հաջողությամբ կարող եմ Ձեզ հարցնել՝ իսկ ի՞նչը չէր խանգարում Երևանի քաղաքապետին, Ստեփանավանի քաղաքապետին, Դիլիջանի կամ Արտաշատի քաղաքապետերին, որ այդ քաղաքներում նույն ՀՀԿ-ականներն արձանագրել են լուրջ փոփոխություններ: Հետևաբար, կարծում եմ՝ հարցը կոնկրետ ՀՀԿ-ին չի վերաբերում, քաղաքապետի՝ կուսակցական ընտրություններ երբևէ չեն անցկացվել, դա անձնավորված խնդիր է:

Մենք ճակատագրով կապված ենք այդ քաղաքին և ապրում ենք այդ նույն տիրույթում, ու եթե խնդիրներ թվարկելու հերթը գա, մենք այնքան խնդիրներ կթվարկենք, որ ընդդիմադիրները դրանց մի մասին էլ նույնիսկ տեղյակ չեն լինի: Բայց մենք կարծում ենք՝ գործելու, այդ խնդիրները հետևողականորեն լուծելու, քաղաքը բարեկարգելու ժամանակն է, այլ ոչ թե՝ այստեղից-այնտեղից ցեխ գտնելու, այդ ցեխը ոմանց վրա շպրտելու: Մենք բարձրահասակ ենք, ուժեղ ենք, պինդ ենք, այդ ցեխերը մեզ չեն մոտենում: Եթե նույնիսկ մոտենում էլ են, հավատացած եղեք՝ այս միջավայրում մեծացած մարդիկ ենք, մեզ դժվար է նման մեթոդներով… Եվ նույն հարցը ես տամ մեր քաղաքական օպոնենտներին. եթե Հանրապետական իշխանությունը ձևավորում է կառավարություն, եթե Հանրապետական իշխանությունն այսօր իրականացնում է երկրի տնտեսական, սոցիալական և այլ քաղաքականություններ, մեր քաղաքական օպոնենտները երբ հայտարարում են, որ հաղթելու դեպքում մտնելու են կառուցողական դաշտ, դա չի՞ ենթադրում, որ իրենք համագործակցելու են Հանրապետական իշխանությունների հետ: Հետևաբար՝ մենք արդեն իսկ համագործակցում ենք ու մեր ապագա ծրագրերը կառուցում հենց այդ կոնտեքստում: Այնպես որ, թող իզուր իլյուզիաներ և թոզ չփչեն ժողովրդի աչքերին, և Հռոմի պապից ավելի կաթոլիկ չերևան:

– Հարցազրույցի սկզբում նշեցիք, որ Դուք եք հաղթելու. որտեղի՞ց այդ վստահությունը, ինչ-որ ուսումնասիրություններ կատարվե՞լ են:

– Բնականաբար, ուսումնասիրություններ կան, հարցումներ կան, որոնք անց են կացվել ոչ միայն Հանրապետական իշխանությունների կողմից, և այդ ուսումնասիրություններին, կարծում եմ՝ մեր քաղաքական ընդդիմադիրները տեղյակ են: Այդ աղմուկ-աղաղակը՝ կապված իրենց հաղթելու մեծ հավանականության հետ, խոսում է հենց դրա մասին: Մարդիկ իրենց բոլոր գործողություններով պետք է համեստ լինեն, որովհետև, երբ-որ քաղաքական հայտ եք ներկայացնում քաղաքական համակարգում հայտնվելու համար, պիտի գոնե այդ քաղաքական համակարգի մեջ որևէ դերակատարում այդ կուսակցությունը կամ կուսակցություններն ունեցած լինեն, որ կարողանան գոնե թեթև բարձրագոչ հայտարարություններով հանդես գալ:

– Վանաձորում այս պահին ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում, որ, եթե քաղաքապետ դառնաք, առաջնահերթ դրանց լուծումներ կտաք:

– Խնդիրները բազմազան են, դրանց լուծումը կախված է այն ծրագրերից, որոնք մենք պատրաստվում ենք բերել քաղաք. տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, աղբահանության, լուսավորության, փողոցների ասֆալտապատման խնդիրներ: Նայած, թե ինչ առաջնահերթությամբ այդ ծրագրերը կկարողանանք բերել, այդ առաջնահերթությունների հիման վրա էլ մենք կդասավորենք հրատապության խնդիրների դասակարգումը:

– Որքա՞ն ժամանակում կկարողանաք իրականացնել այդ ծրագրերը:

– 4-5 ամսվա ընթացքում գոնե տեսանելի դաշտում այդ հաջողությունները կսկսեն արձանագրվել՝ և՛ կառավարման ոլորտում, և՛ հասարակությանը ՏԻՄ աշխատանքներում ներգրավելու առումով: Շատ ծրագրեր կան, որոնց մասին այս պահին չենք ուզում բարձրաձայնել, քանի որ գործում ենք օրենքի և իրավունքի դաշտում, իսկ այսօր քարոզչական շրջան չէ, ու մենք չենք ուզում զբաղվել քարոզչությամբ: Քարոզչության շրջանում մենք մեր ծրագրերն էլ կբացահայտենք, մեր ծրագրերի ու հնարավորութունների մասին էլ կխոսենք: Իսկ այսօր խոսել, թե ընտրությունները սկսված են, և որևէ մեկը հաղթելու է, շատ խաբուսիկ գաղափար է ու որևէ քննության չդիմացող:

Ո՞վ է Մամիկոն Լևուշի Ասլանյանը

Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 24-ին Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղում:

1990թ. ոսկե մեդալով ավարտել է Կիրովականի Վահան Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը:

1991 – 1996թթ սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել իրավաբան-իրավագետի որակավորում:

1996 – 98թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ, սպայական կոչումը՝ լեյտենանտ (մասնակցել է հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությանը):

1988 – 1990թթ աշխատել է Կիրովական քաղաքի պատանի բնասերների փորձակայանում՝ որպես բանվոր:

1990 – 1991թթ աշխատել է Կիրովականի թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ որպես լաբորանտ:

1998 – 1999թթ դասավանդել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանում:

1999թ. աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես իրավաբան:

1999 – 2007թթ աշխատել է Սպիտակ քաղաքի նոտարական գրասենյակում՝ որպես պետական նոտար:

2007թ. մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար:

2012 – 2014թթ եղել է ՀՀ նոտարական պալատի նախագահ, ՀՀ Արդարադատության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ:

2013թ.-ին եղել է ՌԴ նոտարական պալատի «Нотариальный вестник» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ :

Մի շարք մասնագիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է: Գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պարգևների և խրախուսանքների:

2016թ. անդամակցել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Տեսանյութեր

Լրահոս