Բաժիններ՝

Լիբանանյան AZPro ընկերությունը հետաքրքրված է Երևանում ծրագրեր իրականացնելու հարցում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է լիբանանյան «AZPro» ընկերության սեփականատեր Սայիդ Թաուկի հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:

«Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված՝ այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և օժանդակելու դրանց կյանքի կոչմանը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «AZPro» ընկերության սեփականատեր Սայիդ Թաուկը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման գործում քաղաքապետի մոտեցումները և վստահեցրել, որ իրենց ընկերությունը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

«Մեր ընկերությունն իր գործունեությամբ հայտնի է զվարճանքների այգիների, խաղահրապարակների, ինչպես նաև բնակելի և առևտրային շենքերի շինարարության և զարգացման ոլորտներում։ Մենք կառուցում և շահագործում ենք զվարճանքի այգիներ Լիբանանում և Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև հիմնել ենք զվարճանքի այգիներ Միջին Արևելքում։ Որպես ոլորտի մասնագետ` կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ Երևանն իրոք զարգացման մեծ ներուժ ունի, և մեր ընկերությունը հետաքրքրված է Երևանում ևս ծրագրեր իրականացնելու հարցում»,- ընդգծել է Սաիդ Թաուկը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախանշի համագործակցության համար հստակ ուղղություններ՝ քաղաքային տնտեսության համապատասխան ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս