Բաժիններ՝

Հայկական սպորտի ապագան. Արփինե Դալալյան

168.am-ը շարունակում է ներկայացնել հայ պատանի մարզիկներին, ովքեր արդեն իսկ կարողացել են գրանցել լուրջ հաջողություններ:

Այս անգամ անդրադառնալու ենք երիտասարդ ծանրորդուհի Արփինե Դալալյանին, ով օրերս դարձավ ծանրամարտի՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն: 69+ կգ քաշային կարգում հայ ծանրորդուհին ցույց է տվել երկամարտի 213 կգ (89+124) արդյունք:
Արփինեն այս տարի առաջին անգամ մասնակցել էր նաև մեծահասակների առաջնության: Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 216 կգ արդյունքով Արփինեն զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ Այս ցուցանիշով նա նպաստեց նրան, որ Հայաստանի կանանց հավաքականը դարձավ Եվրոպայի թիմային չեմպիոն:
Արփինեն ծնվել է Ապարանի Արայի գյուղում: Այժմ ապրում է Երևանում, իսկ մարզումներն իրականացնում է Քասախում: 168.am-ի հետ զրույցում Արփինեն նշել է, որ իր մայրը մինչև հիմա դեմ է իր՝ ծանրամարտիկ դառնալու որոշմանը: Արփինեի մայրը ցանկացել է, որպեսզի աղջիկը զբաղվի պարով:

«Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 2011 թվականից: Դա պապիկիս որոշումն էր: Հայրս դեմ չէր, իսկ մայրս մինչև օրս դեմ է»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Արփինեն:
Արփինեն նվիրված է իր մարզաձևին և կյանքի նպատակ է համարում միշտ պատվո հարթակին լինելը: Ինչպես ցանկացած մարզիկ, Արփինեն նույնպես երազում է հասնել օլիմպիական ոսկուն: Բաղձալի տիտղոսին Արփինեն կձգտի հասնել Տոկիոյի օլիմպիական խաղերում:

arpine dalalyan

Կարդացեք նաև

Առաջիկա պլաններն Արփինեն կապում է ծանրամարտի հետ: 17-ամյա մարզուհին դեռևս չի մտածել այն մասին, թե ինչ մասնագիտություն է ունենալու հետագայում: Սակայն նա համոզված է, որ չի զբաղվի մարզչի աշխատանքով:

Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ Արփինեն աչքի էր ընկել նաև նրանով, որ հարթակ էր բարձրացել հայկական բանակի շապիկով: Այս քայլը մեկնաբանելիս՝ նա նշում է, որ հայկական բանակի շապիկով հարթակ բարձրանալիս ցանկանում էր իր զինծառայող եղբորն ու բոլոր զինվորներին հայտնել իր աջակցությունը:

«Քանի որ եղբայրս՝ Նարեկը, և շատ հարազատ մարդիկ ծառայում են հայոց բանակում, ես էլ որոշեցի աշխարհին ևս մեկ անգամ առիթ տալ մտածելու այն ամենի մասին, ինչ կատարվում է Արցախում, և ծանրաձողին մոտեցա հայկական Զինված ուժերի վերնաշապիկով։ Հպարտորեն եմ կրել այդ շապիկը, ելույթս էլ նվիրել եմ մեր ծառայող տղաներին»,- նշում է Արփինեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս