«ՀՀ Կառավարության փոփոխությունը չի անդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա». Ալեքսանդր Ռար
«ՀՀ-ԵՄ հարաբերությունների հարցում հայկական կողմը շարունակում է իր ավանդական ուղենիշը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը` անդրադառնալով ՀՀ կառավարության փոփոխությանն ու ՀՀ-ԵՄ հարաբերություններին։
Ալեքսանդր Ռարի կարծիքով՝ ՀՀ նախագահի նախաձեռնած Կառավարության փոփոխության առաջին հասցեատերը հայ հասարակությունն է, որն ունի սուր արտահայտված սոցիալ-տնտեսական դժգոհություններ։ Ուստի, Ռարի կարծիքով, ՀՀ իշխանությունը, բնականաբար, այս փոփոխությամբ պետք է փորձի մեղմել այդ դժգոհությունները՝ փորձելով փոխել սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ «Հենց դա էլ, ինչպես տեսնում ենք, նոր վարչապետն անում է՝ ակտիվորեն նախարարներ է փոխում, նոր խնդիրներ դնում գերատեսչությունների առջև։
Թե որքանով են նրա խոստացած փոփոխություններն իրատեսական և իրականանալի, ցույց կտա միայն ժամանակը, որովհետև այն, ինչ ասվում է, իսկապես հավակնոտ է թվում, որի պատճառով էլ այս բոլոր փոփոխություններն իմիտացիայի տպավորություն են թողնում»,- նման կարծիք հայտնեց Ռարը։
Նրա կարծիքով՝ այս փոփոխություններն ուղղված չեն Հայաստանի արտաքին քաղաքականությանը և արտաքին դերակատարներին։ «Նոր վարչապետը խուսափում է ՀՀ արտաքին քաղաքականության մասին խոսել, այս հարցին, եթե չեմ սխալվում, անդրադարձ չի կատարվել։ Սա հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ այստեղ փոփոխություններ չեն լինի, ավելին, կշարունակվի խորանալ Ռուսաստանի հետ գործընկերությունը, եթե հաշվի առնենք նոր վարչապետի կենսագրությունը, մասնավորապես՝ այն, որ նա աշխատել ու վաստակել է Ռուսաստանում։ Ուշագրավ է, որ նոր վարչապետը խոսում է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերն ակտիվացնելու և դրանցում դերակատարություն ստանձնելու մասին։ Իր հերթին՝ սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, որոշ ակտիվություն փորձ է արվում մտցնել նաև տարածաշրջանային և արտաքին քաղաքականության մեջ։ Բայց սա չի հանձնարարվում ՀՀ ԱԳՆ-ին, այլ այդ հարցով զբաղվող կառույցին»,- ասաց Ռարը։
Վերջինս գտնում է, որ այս փոփոխությունները որևէ կերպ չեն անդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա։ «Իմ տպավորությամբ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը նախանշում է ՀՀ նախագահը, Վիլնյուսյան գագաթաժողովից հետո ՀՀ իշխանությունները բազմիցս պնդել են, որ շահագրգիռ են ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու հարցով, չնայած ՀՀ ԵՏՄ անդամակցության։ Այդ ուղենիշն այսօր շարունակվում է, չեմ կարծում, թե փոփոխություններ կլինեն»,- նշեց Ալեքսանդր Ռարը։
Հարցին, թե ի՞նչ գործոններ են այսօր պայմանավորում ՀՀ-ԵՄ հարաբերությունները, պատասխանեց, որ գործոնները շատ են։ «Հայաստանին կաշկանդում է ԵՏՄ, ՀԱՊԿ անդամակցությունը, ԼՂ չկարգավորված հակամարտությունը, դրա շուրջ պտտվող իրադարձությունները, հայ-թուրքական հարաբերությունները, տնտեսական խնդիրները, ԵՄ-ին կաշկանդող գործոնները ևս քիչ չեն՝ ճգնաժամ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շուրջ, ուկրաինական պատերազմի դասերի թերընկալում։ Այս գործոնների պայմաններում են այսօր Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում բանակցել հարաբերություններում մի նոր մակարդակի բարձրանալու համար։
Հայաստանի խնդիրները և որդեգրած ուղին դեռ լիովին ընկալված չէ Եվրոպական միությունում, փորձում են հասկանալ Հայաստանի խնդիրներն ու ցանկությունները։ Ինձ համար հասկանալի է, որ Հայաստանը՝ լինելով եվրասիական ինտեգրացիայի գոտում, փորձում է չկորցնել կապը Եվրոպայի հետ ևս, սակայն եվրոպացիները հաճախ են շփոթության մեջ ընկնում, երբ հայկական կողմը վստահեցնում է, թե ցանկանում է քաղաքական մակարդակի հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ։ Նման նախադեպ դեռ չի եղել, երբ մի երկիրը քաղաքականապես բարձր մակարդակի հարաբերություններ ունենա երկու աշխարհաքաղաքական միությունների հետ։ Գուցե սա հաջողակ քաղաքականություն լինի, ժամանակը ցույց կտա»,- ասաց նա։