Facebook-ը սխալ տվյալներ է ներկայացրել գովազդատուներին
Խոշոր գովազդատուները հիասթափված են Facebook-ին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկություններով, որոնց համաձայն այս սոցիալական ցանցը 60-80%-ով ուռճացրել է վիդեո-գովազդի դիտման իրական տևողությունը։
Մի քանի շաբաթ առաջ գովազդատուների աջակցության էջում (Advertiser Help Center) Facebook-ն ինքն էր տեղեկացրել, որ պրոմո-հոլովակների մետրիկան «արհեստականորեն մեծացվել է» այն պատճառով, որ հաշվի են առնվել միայն 3 վայրկյանից ավելի դիտված տեսանյութերը։
Facebook-ի ներկայացուցիչները նշել են, որ այս խնդրի լուծման համար ներդրել են դիտման միջին տևողությունը չափող նոր գործիք։
Գովազդային մի շարք գործակալությունների Facebook-ի այս խոստումը համոզիչ չի թվացել, և նրանք իրենց գովազդային նյութերի վերաբերյալ մանրամասն տվյալներ են պահանջել։
Publicis Media գովազդային գործակալությունը, ստանալով իր գովազդային հոլովակների մանրամասն հաշվետվության տվյալները, հայտարարել է, որ դիտումների ցուցանիշները 60-80%-ով ուռճացվել են։