«Կառավարության փոփոխությունը չի դիտարկվում՝ որպես կուրսի փոփոխություն»
Մեր զրուցակիցն է Ուկրաինայի Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Իգոր Շևլյակովը
– Պարոն Շևլյակով, Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը շատերի կողմից ընկալվում է՝ որպես ռուսամետ գործիչ: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են նրան ընկալում Արևմուտքում և Ուկրաինայում:
– Ամբողջ Արևմուտքի համար չեմ կարող ասել, իսկ Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, բավականին կայուն ընկալում կա Հայաստանի իշխանությունների մասին՝ որպես ռուսամետ: Այն վերջին իրադարձությունները ՊՊԾ գնդի գրավման շուրջ այստեղ ոչ մեծ հետաքրքրություն առաջացրին, մամուլում պարբերաբար տեղեկատվություն կար, սակայն մեծ քննարկումներ չեղան: Հետևանքները նույնպես ցույց տվեցին, որ հասարակությունում կա որոշակի անկայունություն այն առումով, որ կան հասարակական խմբեր, որոնք պատրաստ են անհամաձայնություն հայտնել իշխանությունների գործողությունների հետ և պատրաստ են իրենց դիրքորոշումը ցուցաբերել, բայց դա հանրային լայն աջակցություն չի ստանում: Այդ կապակցությամբ չեն սպասվում լուրջ հուզումներ և փոփոխություններ: Կառավարության փոփոխությունը գրեթե նույն անկյան տակ է ընկալվում, այսինքն՝ չի դիտարկվում՝ որպես որևէ կուրսի փոփոխություն:
– Բրիտանական Jane’s Intelligence կազմակերպությունը ՀՀ նոր կառավարության ձևավորումը և նոր վարչապետի նշանակումը գնահատում է՝ իբրև ներդրումային ռիսկի բարձրացում, քանի որ սպասվում է, որ կավելանան ռուսական ներդրումները, որոնց համար ՀՀ իշխանություններն առավել բարենպաստ բիզնես պայմաններ կստեղծեն՝ ի վնաս արևմտյան ներդրողների և, այդպիսով, կվատթարանա մրցակցային միջավայրը: Ի՞նչ եք կարծում այս մասին:
– Ներդրումային միջավայրը կարելի է բարենպաստ համարել, եթե այն, բնականաբար, միատեսակ ու հավասար է բոլորի համար, երբ չկա խտրականություն, պայմաններ կան ազատ մրցակցության համար: Այսինքն՝ յուրաքանչյուր խտրականություն տնտեսական ազատության սահմանափակում և վատթարացում է, որը կարտացոլվի նաև համապատասխան վարկանիշերում և ներդրողների վարքագծում. և, բնականաբար, կազդի տնտեսական ցուցանիշների վրա: Արդյոք ռուսական ներդրողներին արտոնությունների տրամադրումը կհանգեցնի՞ ներդրումների մեծ հոսքի: Դա դեռ մեծ հարց է: Որովհետև մի կողմից՝ Ռուսաստանում շարունակվում է տնտեսական ճգնաժամը, մյուս կողմից՝ ռուսական խոշոր գործարարներն իրենց կապիտալի զգալի մասը երկրի սահմաններից դուրս են տանում՝ փնտրելով շահավետ գործարքներ: Դժվար թե Հայաստանին կարելի է համարել ներդրումների համար գրավիչ երկիր, որովհետև այն ունի փոքր շուկա և զգալի տնտեսական խնդիրներ: Այսինքն՝ դրանք կարող են կետային նախագծեր լինել: Եթե այդպիսի նախագծեր գտնվեն, ապա՝ այո, ռուսական ներդրումները կարող են հոսել Հայաստան:
– Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ Հայաստանն Արևմուտքին գրավիչ է GSP+ առևտրային ռեժիմի շնորհիվ, և, որ Հայաստանի միջոցով արևմտյան գործարարներին ավելի հեշտ ու հրապուրիչ կլինի մուտք գործել ԵԱՏՄ շուկա: Ձեր կարծիքով՝ սա չի՞ նպաստի արևմտյան ներդրումների հոսքին Հայաստան:
– Տեսականորեն դա կարող է ազդեցություն ունենալ, բայց առաջին հերթին՝ կան լոգիստիկ դժվարություններ, այսինքն՝ Հայաստանն ընդհանուր սահման չունի այդ միության մյուս անդամների հետ, և, անխոս, կա նաև քաղաքական խնդիր, այսինքն՝ այդ միության մեջ տնտեսական և առևտրային քաղաքականությունը, բնականաբար, որոշվում է Ռուսաստանի դոմինանտ ազդեցությամբ: Մենք գիտենք, որ Ռուսաստանն իր գործընկերներից պահանջում է կրկնօրինակել այն առևտրային պատժամիջոցները, որ ՌԴ-ն սահմանում է եվրոպական ու ամերիկյան բիզնեսի հանդեպ: Եթե Հայաստանը կարող է այլ դիրքորոշում ունենալ այդ հարցում, ապա դա կարող է դրական ընկալվել արևմտյան բիզնեսի կողմից, բայց հայտնի չէ, թե այն ինչպե՞ս կընկալվի Ռուսաստանի կողմից, չի՞ բերի Հայաստանի հանդեպ խտրական վերաբերմունքի: Այս առումով հարցը բավականին ռիսկային է: Ես չեմ կարծում, որ բիզնեսը պատրաստ է, ընդհանուր առմամբ, դրա վրա խաղադրույք անել: