Կարեն Կարապետյանի առաջին ամենալուրջ քայլը՝ գաղտնազերծում
Երեկ առաջին անգամ Ազգային ժողովում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ոչ թե ուղղակի նորանշանակ, այլ այնպիսի նորանշանակ, ով, ինչպես պնդում են նրան նշանակած՝ Սերժ Սարգսյանի կուսակցության անդամները, սովորական վարչապետ չի լինելու, այլ գծեր է քաշելու անցյալի ու ներկայի միջև։ Անգամ աշխարհագրական փոփոխություններ է կատարելու ու Հայաստանը Հարավային Կովկասից տեղափոխելու է Հարավային Ասիա։
Ոչ թե ուղղակի նորանշանակ, այլ նաև նորահայտ կամ նորավերադարձ վարչապետ, ով այդ պաշտոնում է նշանակվել ոչ թե՝ տեղական քաղաքական էլիտայի ծոցից, ինչպես ընդունված է ասել, այլ մի ամբողջ «Գազպրոմից»։ Ռուսական։ Ոչ թե սովորական ռուսական, այլ այնպիսի ռուսական, որին պուտինյան քարոզչությունը ներկայացնում է՝ որպես «ազգային հարստություն»։ Ոչ թե սովորական ռուսական, այլ այնպիսի ռուսական, որը ոչ միայն արդյունահանում է աշխարհում ամենաթանկ գազն ու այն Հայաստանին վաճառում աշխարհում համարյա ամենաթանկ գնով, այլ հանդիսանում է ռուսական կայսերապաշտության ֆինանսական սպասարկողը։
Կարեն Կարապետյանի նշանակման առանձնահատկությունները կարելի է երկար թվարկել։ Բայց դրանից վարչապետի պաշտոնում հատկապես նրա նշանակման վերաբերյալ օբյեկտիվորեն առաջացող հարցերը ոչ միայն՝ չեն նվազի, այլև կկրկնապատկվեն ու կեռապատկվեն։ Եվ ուրեմն, ահա այդպիսի մասնագիտական, կորպորատիվ ու կոմունիկացիոն առանձնահատկություններով գործիչը նշանակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնում ու գնում է խորհրդարան՝ պատասխանելու պատգամավորների հարցերին։ Առողջ ու քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ սուվերեն երկրի օրենսդիր մարմնի անդամները պետք է իրար կոկորդ պատռեին, փոխաբերական իմաստով, իհարկե, առաջինը վարչապետին այդ հարցերն ուղղելու համար։ Պատռելը՝ պատռեցին, բայց հարցերը վերաբերում էին…
Գյումրիի այսինչ փողոցի ասֆալտապատմանն ու եսիմորերորդ մասիվի այսինչ շքամուտքի աղբատարին, «Նաիրիտին» ու ինչ-որ այլ ձեռնարկության, կոռուպցիայի դեմ պայքարի քծնախառն դատարկաբանությանն ու մենաշնորհների դեմ պայքարի ինքնապատրաստակամ պոպուլիզմին։ Հարցերը բավական շատ էին ու որքան շատ էին, այնքան ճղճիմ էին, որքան ճղճիմ էին, այնքան մանրադրամային էին, որքան մանրադրամային էին, այնքան՝ հակապետական՝ հարցերում այդ պետության բացակայության պատճառով։ Որովհետև Հայաստանում քաղաքականության տրամաբանությունը ոչ միայն առողջ չէ, այլ անգամ քաղաքական չէ, ոչ միայն քաղաքական չէ ու ընդհանրապես որևէ բնորոշման ենթակա չէ՝ ոչ թե բնորոշումների, այլ՝ ինքնին տրամաբանության բացակայության պատճառով։
Մինչդեռ, եթե տրամաբանությունը լիներ անգամ ոչ քաղաքական, այլ գոնե առողջին մոտ, երեկ Ազգային ժողովում պետք է կոկորդներ պատռվեին նորանշանակ վարչապետին առաջին հերթին՝ իր նորանշանակման արտաքին քաղաքական բաղադրիչների վերաբերյալ հարցեր ուղղելու համար։ Հարցերը պետք է վերաբերեին այդ բաղադրիչներին ու դրանով պայմանավորված ռիսկերին։
Պետք է վերաբերեին այդ ռիսկերին ու դրանցով պայմանավորված ազգային անվտանգության խոցելիությանը։
Պետք է վերաբերեին այդ խոցելիությանը ու դրանով պայմանավորված նախկին կորպորատիվ ու ներկա պետական շահերի հնարավոր հակադրմանն ու այդ շահերին առաջնահերթություն տալու՝ անձնային և համակարգային պատկանելությամբ պայմանավորված պարտականությանը։ Հարցերն այդ պետք է վերաբերեին Հայաստանի էներգետիկ հզորությունները Ռուսաստանին հանձնելու անցյալին, Հայաստանի անռեսուրս ներկային ու, ասենք, Իրանի հետ Ռուսաստանի ու հատկապես «Գազպրոմի» շահերին հակասող հնարավոր համագործակցության ապագային։
Հարցերն այդ պետք է վերաբերեին Եվրամիության հետ համագործակցության անփառունակ տապալման անցյալին ու Եվրամիության հետ բանակցվող փաստաթղթի ստորագրման գոնե արարողակարգային ապագային…
Խորհրդարանում հնչած հարցերը, սակայն, վերաբերեցին ամեն ինչին, բացի ամենակարևորից, որի մասին Հայաստանում խոսելն ու քաղաքականությամբ զբաղվելը հակացուցված են։
Լավատեսները, իհարկե, պատգամավորների արտաքին քաղաքական անդեմությունն ու ասֆալտաաղբատարային ակտիվությունը կպայմանավորեն նախընտրական շրջանով ու ընտրողներին հաճոյանալու ցանկությամբ։
Հոռետեսները կպայմանավորեն նրանով, որ Հայաստանի խորհրդարանից ավելին սպասել պետք չէր։ Իրատեսները երևի ոչ թե կպայմանավորեն թեականորեն, այլ կարձանագրեն փաստացիաբար, որ երեկ խորհրդարանում տեղի ունեցավ հերթական լյուստրացիան՝ գաղտնազերծումը, որը, ի տարբերություն օրենքով կարգավորվող լյուստրացիայի, ոչ թե անհատական էր, այլ խմբակային։ Կամ կորպորատիվ։ Ինչպես, երևի, առաջիկայում կսիրեն արտահայտվել նոր կառավարության անդամները։ Կարեն Կարապետյանն առաջին անգամ այցելելով Ազգային ժողով՝ ոչինչ չանելով՝ կատարեց իր վարչապետության առաջին ու գուցե ամենակարևոր քայլը։
Բացահայտեց բացահայտվածն ու բացահայտվածներին։ Բացահայտված լինելուց ինքնահրճվող ու հյուսիսափայլ հույսերով ապրող իշխանությանն ու անտաղանդ մեյմունությամբ բացահայտվածությունը թաքցնող ընդդիմությանը։ Եզակի բացառություններով, իհարկե։
Բացառություններով, որպիսիք հանդիսացող պատգամավորները խոհեմաբար չէին մասնակցում բացահայտման այդ ծեսին՝ չհաստատելու համար օրինաչափությունը, որը հաստատելու սովորություն ունեն բացառությունները։
Հարություն Ավետիսյան