Բաժիններ՝

«Մարդկանց տներում շատ բաներ են լինում, այդ թվում՝ ննջարաններում և զուգարաններում, բայց ի՞նչ անենք, հաղորդո՞ւմ պատրաստենք այդ մասին». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ընտրելու հարցը։ Թեկնածու Տիգրան Հակոբյանը նշեց, որ ինքն ուզում է մասնակից լինել Հայաստանի էլեկտրոնային մեդիայի զարգացմանը, կարող է հասարակության լայն շերտերի հետ լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են այսօր զանգվածային լրատվամիջոցների առաջ։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով Տ. Հակոբյանին՝ ասաց, որ վերջերս «ATV» հեռուստատեսության ալիքը փոխելիս՝ մի տեսարանի է ականատես եղել, որի վերաբերյալ կցանկանար լսել Տ. Հակոբյանի կարծիքը և հետագա գործողությունները։

«Եթե ինձ պատմեին, որ նման բան կա, ես ուղղակի չէի հավատա, խոսքը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մասին է։  Ալիքը փոխելիս՝ մի նախադասություն հնչեց, որ ուղղակի ես ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել։ Ես այդ մասին ֆեյսբուքյան գրառում արեցի ու արձագանքներից հասկացա, որ այդ հաղորդման մեջ դա սովորական երևույթ է։ Ուզում եմ՝ պատկերացնենք ձեր գործողություններն այս կարգի հաղորդումների նկատմամբ, որտեղ, ասենք, բանավոր պոռնո տեսարաններ են նկարագրվում»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։

Տ. Հակոբյանը նշեց, որ այդտեղ լուծելու խնդիր կա, բայց ասաց, որ ինքն այդ հաղորդումը չի նայել, ու կոնկրետ դեպքի մասին դժվար է խոսելը։ Նրա խոսքով՝ միշտ դիսբալանս կա հասարակության տարբեր շերտերի պահանջի  և հեռուստատեսության ազատության միջև։

Կարդացեք նաև

«Հեռուստատեսության ֆունկցիաներից մեկը նաև իրականության ռեպրեզենտացիան է հասարակությանը։ Ես ինչքանով նայել եմ այդ «Կիսաբաց լուսամուտները, դա կարող է մեզ դուր գալ կամ չգալ, բայց այն ցույց է տալիս այն շերտերը, որոնք Հայաստանում իրականություն են, ընդհանրապես արգելել այդ բաները՝ կնշանակի՝ ստեղծել ոչ իրական զուգահեռ պատկեր, որը կսահմանափակի մեր՝ օբյեկտիվ  տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Եթե դուք խոսում եք պոռնոգրաֆիայի մասին, դա նորմ է, որի համար վարչական և այլ տիպի պատիժներ կան, դրան պետք է արձագանքեն նաև պատկան մարմինները։ Ինձ դժվար է խոսել  կոնկրետ այդ դեպքի մասին, բայց մենք պետք է հասկանանք, որ եթերի կարգավորումը չի նշանակում՝ եթերի  գրաքննություն»,- նկատեց Տ. Հակոբյանը։

Ն. Փաշինյանն անընդունելի համարեց Տ. Հակոբյանի պատասխանը. «Մարդկանց տներում շատ բաներ են լինում, այդ թվում՝ ննջարաններում և զուգարաններում, բայց ի՞նչ անենք, հաղորդո՞ւմ պատրաստենք այդ մասին։ Դուք խոսում եք գրաքննության մասին, հիմա ՀՀ-ում կարող է լինեն հաղորդումներ՝ «զուգարանային կրքեր», ու ուղիղ հեռարձակմամբ ցույց տան՝ այնտեղ ինչ է կատարվում։ Սա նշանակում է՝ մենք հասարակության ամենաներքևի շերտերը բերում ենք էկրան,  ինչ է թե՝ 3 տոկոսով ռեյտինգ աճեցնենք, որ հետո ընտրություններին այդ ռեյտինգով Սերժ Սարգսյանին քարոզեն։ Անընդունելի է ձեր պատասխանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս