«Մոնոպոլիաները միշտ չէ, որ վատ են». Կարեն Կարապետյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում մենաշնորհների և ստվերի հարցերի լուծումը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց.

«ՀՀ տնտեսությունը բանաձև ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու վերարտադրվելու. ո՛չ։ Փորձելո՞ւ ենք մենք դա անել, թե՞ ոչ. այո՛։ Կհաջողվի՞ մեզ. կտեսնենք։ Տրամադրվա՞ծ ենք. շատ վճռական։ Որովհետև ուրիշ ձև գոյություն չունի։ Այլ կերպ մենք տնտեսություն չենք կարող վերարտադրել։ Մոնոպոլիաների մասով՝ դրանք միշտ չեն վատը։ Մոնոպոլիան ինչպե՞ս է առաջանում. բնույթից է կախված՝ այն բնականո՞ն է, թե՞ ոչ։ Շուկան փոքր է, և էֆեկտիվ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահել։ Բայց եթե ինքը բնական դաշտում է անում, այլ ոչ թե՝ ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, դա այլ բան է»։

Քոքոբելյանը հավելեց, որ իր հարցը բնական մենաշնորհներին չի առնչվում, այլ ՝ արհեստական, նույնիսկ առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների մասով։ Նա նաև հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է վարչապետի վերաբերմունքը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ, որով, ըստ նրա՝ սահմանափակվում են բիզնեսի հնարավորությունները։

Կ. Կարապետյանը պատասխանեց, որ Հարկային նոր օրենսգրքին ծանոթացել է, բարդ հարց է, ու այս պահին լուծում չունի։

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի՝ «Նաիրիտ» գործարանի գործարկման  և նոր գործարքի մասին հարցին նորանշանակ վարչապետը պատասխանեց, որ «Նաիրիտի» հետ կապված գործարքի հիմնական դրույթներին ծանոթ չէ.

«Մանրամասն կծանոթանանք։ Բայց ինձ շատ անհանգստացնում է, երբ պոտենցիալ ներդնողները գալիս են ու խոսում «Նաիրիտի» մասին՝ չունենալով հեռանկարային 10-15 տարվա էներգակիրների որևէ կանխատեսում։ Ելնելով դրանից՝ մենք մի օր պետք է իլյուզիաներից հրաժարվենք և նստենք՝ թուղթ ու գրիչով խոսենք։ Մենք «Նաիրիտի» առումով երրորդ թե չորրորդ փորձն ենք արել, որը թե բյուջեի, թե այլ ճյուղերի վրա բավականին մեծ թիվ է նստում։ Եվ հերթական փորձը՝ փողը վատնել մի բանի մեջ, որը գուցեև ապագա չունի, կարծում եմ՝ այս պահին չափից դուրս ռիսկային է։ Բայց եթե լինի տրամաբանական բիզնես-առաջարկ, և այդ մարդիկ ՀՀ բոլոր գործոններն ու ռիսկերը, այդ թվում՝ էներգակիրների գների վերաբերյալ, հաշվարկեն, յուրաքանչյուրի հետ մինչև վերջ կխոսեմ, ու ըստ դրա՝ կներկայացնենք։ Բանակցությունների համար, որքան գիտեմ, մոտ օրերս օր է նշանակված: Ուղղակի ես հիմա խոսում եմ այն չափորոշիչների մասին, որոնց հետ հանրությունն էլ պետք է հաշվի նստի։ Մենք կամայական առաջարկին վերաբերվում ենք՝ որպես կախարդական փայտիկի, թե հես ա մեկը կգա՝ կանի, պետք է այդ իլյուզիաներից հրաժարվենք»,- ասաց Կ. Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս