«Պետք է բացառել Քրեական օրենսգիրքը քաղաքական նպատակներով գործադրելը». Գագիկ Ջհանգիրյան

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն ԱԺ-ում ներկայացրեց իր ծրագիրը, որի ընթացքում պատգամավորները հարցեր ուղղեցին դատախազի թեկնածուին։

Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց հնչեցնելուց առաջ  ասաց, որ Ա. Դավթյանին ճանաչում է թե՛ ուսանողական տարիներից, թե՛ համատեղ աշխատանքից. «Նա եկել է Դատախազության համակարգ Իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնից  և, ի տարբերություն շատ տեսաբանների, որոնք տեղափոխվել են պրակտիկա, նա կարողացել է շատ արագ իր տեսական գիտելիքները հարստացնել պրակտիկ փորձով»։

Ապա Ջհանգիրյանը նշեց, որ ամեն  դեպքում՝ մի երկու հարց ունի ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին.

«Ներկայացման խոսքում ես զգացի, որ կարծես թե բավարարված եք Քրեական դատավարության նոր օրենսգրքի հիմքում դրված մեր Դատախազության կոնցեպցիայից։ Իմ կարծիքով՝ ՀՀ-ն այդ օրենսգրքով որդեգրել է մի կոնցեպցիա, որի համաձայն՝ դատախազն ու Դատախազությունը պասիվ վարքագծի կրող է դառնում։ Այդպիսի Դատախազությունն իներտ, գրասենյակային մարմին է  դառնում»։
Դրան ի պատասխան՝ Արթուր Դանիելյանն ասաց, որ համակարծիք է՝ պոստֆակտում դատախազական հսկողությունն ավելի քիչ արդյունավետ է.
«Այսօրվա քրեադատավարական լուծումներն էլ հնարավորություն տալիս են՝ համընթաց հսկողություն իրականացնելու։ Բայց ես կարևորում եմ Քրեական դատավարության նոր օրենքի նախագծում առաջարկվող այն դրույթը, որը հնարավորություն է տալու դատախազին՝ թեև սահմանափակ, բայց որոշ քննչական գործողությունների մասնակցել։ Յուրաքանչյուր համակարգ պետք է շահի այդ վստահությունը՝ համապատասխան հնարավորությունը պահանջելու համար։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում կընդունվի քրեադատավարական նոր օրենքը, որում կունենանք այդ համապատասխան կարգավորումը, և գործնականում շատ արագ մենք մեր աշխատանքով կփորձենք նաև օրենսդրին հիմնավորել, որ ավելի բարձրացել է դատախազական աշխատանքի արդյունավետությունը։ Այդ պայմաններում, կարծում եմ, ավելի օբյեկտիվ կլինենք, երբ պահանջենք դատախազական մարմինների լիազորությունների առավել ընդարձակումը»։

Ջհանգիրյանի՝ պետական շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող հարցին Ա. Դանիելյանը պատասխանեց, որ նախորդ տարվա սահմանադրական փոփոխություններով Սահմանադրության մեջ գործածվել է «բացառիկ» բառը, որով՝ բացառիկ դեպքերում դատախազը կարող է պետական շահերի պաշտպանությամբ հայց հարուցել. «Քանի որ առաջիկայում ԱԺ-ին կներկայացվի Դատախազության մասին նոր օրենքը, այնտեղ կփորձենք պետական շահերի պաշտպանության ոլորտի թեկուզ բացառիկ, բայց հստակ լիազորություններն ընդգծել»,- ասաց նա։

Գ. Ջհանգիրյանը շարունակեց. «Այստեղ հարց բարձրացվեց քաղաքացիների անպաշտպանվածության մասին, գլխավոր դատախազի պաշտոնը շատ կարևոր է այս ոլորտում գոնե փոփոխություն մտցնելու համար, և ես լիահույս եմ, որ դուք ձեռնարկելու եք համապատասխան քայլեր։ Ամենակարևորը՝ պետք է բացառել «Քրեական օրենսգիրքը» (ՔՕ) քաղաքական նպատակներով գործադրելը. ՔՕ-ն պետք է հանցագործությունների փաստերով գործադրվի։ Կարևոր խնդիր է, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն։ Եթե մենք չապահովենք օրենքի առաջ բոլորի հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, ոչ մի բանի էլ չենք հասնելու»։

Ա. Դավթյանը նշեց, որ շատ լավ հասկանում է բարձրացված խնդիրների կարևորությունը և տեսնում է այդ խնդրի լուծման կարճ և արդյունավետ ուղիները։

Տեսանյութեր

Լրահոս