«Գործարանատերերը 300% գերշահույթով են աշխատում». Հրաչ Բերբերյան
«Այսօր գյուղացին փաստացի մենակ է մնացել ցորեն գնողների հետ։ Շատ դաժան բան է, որ երբ գյուղացին փորձում է ցորենը հանձնել, տարբեր դրդապատճառներով գործարանների այն լաբորատորիաները, որոնք պատկանում են գործարանատիրոջը, աղտոտվածության ու այլ հարցեր են բարձրացնում և խուսափում գյուղացուց ցորեն գնելուց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ այս տարի մի ուրիշ նեգատիվ երևույթի էլ են հանդիպել, որը նախկինում կաթի գնումների հետ կապված էին տեսնում. «Ինչ-որ անձնավորություններ մեքենաներով գյուղերում պտտվում էին, գյուղացուց էժան կաթ էին ձեռք բերում։
Գյուղացուց 100 դրամով կաթը ձեռք էին բերում, իսկ գործարաններին ասում էին՝ 130 դրամ։ Փաստացի, գյուղացին գործարան չէր հանձնում կաթը, այլ այդ միջնորդ մարդկանց էր հանձնում։ Այս տարի նույն պրոցեսը նկատելի է ցորենի դեպքում։ Մարդիկ կան, որոնք ձեռք են տաքացնում գյուղացու արտադրանքն էժան գնով ձեռք բերելով»։
Նա նաև հիշեցրեց Վարդենիսի դեպքերը, երբ գյուղացուց ցորենը 90 դրամով էին գնել.
«Գործարանատերերը 300% գերշահույթով են աշխատում։ Արդյո՞ք մենք մյուս տարի ցորենի ցանքատարածությունների անկում չենք ունենալու. Իհարկե, ունենալու ենք։ Գյուղացին էլ ցորեն չի ցանելու»։ Ցորենի համար նորմալ գին նա համարում է 140 դրամը։
Ագրարագյուղացիական միավորման նախագահի խոսքով՝ ժողովրդին կասկածելի սննդամթերքով են կերակրում. «Հատկապես՝ կաթնամթերքը»։
Անդրադառնալով խաղողի մթերման խնդրին՝ նա նշեց, որ տեղից վեր կացողը մեղադրում է գյուղացուն, թե՝ շատ է արտադրում, բայց ըստ նրա՝ գյուղացին ոչ մի կապ չունի, գործարանատերերն են մեղավոր. «Ո՞նց կարելի է մեկ դոլար արժողությամբ գինին վաճառել 8 դոլարով։ Դրա համար էլ չի վաճառվում։ Լուրջ պետական գործ ունենք անելու՝ կարգի բերելու տնտեսությունը»։
Իսկ կարտոֆիլի գնի անկման մասով նա նշեց, որ 1-2 օր հետո մեծածախ գինը կրկին կավելանա՝ 70-80 դրամից հասնելով 110-120-ի. «Ռուսաստանում այսօր այնքան կարտոֆիլ չկա, ինչքան անցած տարի, այնպես որ, մենք լուրջ շանս ունենք մեր արտահանումներն ապահովելու՝ 50.000-80.000 տոննայի չափով»։
Նա նաև նկատեց, որ սխալ է հույսը միայն ՌԴ-ի հետ կապելը. «Մենք երկրորդ, երրորդ ուղղություններ պետք է ունենանք»։