«Նոր կառավարության նշանակումն առաջին հերթին նախընտրական քայլ է». Արտակ Կիրակոսյան
Մեր զրուցակիցն է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը
– Պարոն Կիրակոսյան, ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «ակնհայտ է, որ առանց քաղաքական բարեփոխումների՝ տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարարելու»: Ի՞նչ քաղաքական բարեփոխումների մասին է խոսքը, ի՞նչ կարելի է ակնկալել:
– Ինձ թվում է՝ վաղ է դեռ խոսել, մեծ ակնկալիքներ չունեմ: Բնականաբար, ես կարծում եմ, որ ոչ մեկն էլ ակնկալիք չունի, որ քաղաքական դաշտում էական փոփոխություններ կլինեն: Ես ավելի շատ ուշադրությունս կենտրոնացրել եմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա, թե Գյումրիում ու Վանաձորում ինչ արդյունքներ կունենանք: Իրականում այդտեղից կերևա՝ դաշտը գնո՞ւմ է դեպի փոփոխություններ, թե՞ չէ:
– ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ արդեն տեղեկություններ կան, որ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում ավագանու թեկնածուներից մի քանիսին կանչել է իր մոտ և պահանջել թեկնածությունը հանել: Այս հանգամանքն արդյոք չի՞ վկայում, որ իրավիճակն առանձնապես չի փոխվել: Ընդ որում՝ ՀՀԿ խորհրդի նիստից առաջ Սյունիքի մարզպետը վստահորեն հայտարարեց, թե կառավարության փոփոխությունն իր վրա չի ազդելու, և ինքը մնալու է իր պաշտոնում:
– Հենց դրանում է իրականում խնդիրը: Խոսքը այն մասին չէ, որ կամովին պետք է հանձնեն իշխանությունը, խոսքն այն մասին է, թե մրցակցության դաշտը քիչ թե շատ ինչքան արդար կլինի, և Գյումրին ու Վանաձորն ինձ համար օրինակելի տեղ են, որ, եթե խոսում են երկխոսության, արդար մրցակցության ու զարգացման մասին, պետք է լինեն նորմալ ընտրություններ: Դա կրկին չի նշանակում, որ ինչ-որ մի կարդինալ փոփոխություն է լինելու Հայաստանում: Գլոբալ իմաստով համաշխարհային տրենդերի մեջ նման հեղափոխական բան այսօր չկա: Բոլոր տեղերում իշխանության գալիս են կա՛մ կոռումպացված հին ուժերը, կա՛մ ավելի պահպանողական, կա՛մ էքստրիմ ուժեր: Ու չեմ կարծում, որ Հայաստանը մի բացառիկ օրինակ է ցույց տալու, որտեղ գալու են սոցիալական արդարության կամ այլ վեհ նպատակներ ունեցող ուժեր: Մյուս կողմից՝ գլոբալ փոփոխություններ չեն լինելու, լինելու են կոսմետիկ փոփոխություններ, բայց գոնե այդ կոսմետիկն էլ է կարևոր, որ գոնե կոռուպցիայի աստիճանը պակասի, գոնե տնտեսության շնչելու տեղ լինի: Գլոբալ իմաստով ես օպտիմիստ չեմ, բաց կարճաժամկետ օպտիմիստ եմ՝ այն իմաստով, որ ցանկացած փոփոխություն այսօր Հայաստանում լավ է: Սահմանադրական փոփոխություններից ակնկալվող ամենավտանգավոր բանը շարունակական կայուն լճացման ընթացքն էր, որ մենք ունեինք: Այս բոլոր պրոցեսներն ինչ-որ իմաստով թույլ են տալիս հուսալ, որ թեև, բնականաբար, պայծառ ապագա չենք ստանա, բայց ինչ-որ ընթացք կինի, որտեղ քաղաքական դաշտը կկարողանա շնչել:
– Այս ժամանակաշրջանում, երբ մինչև խորհրդարանական ընտրություններ և նոր կառավարության ձևավորում մնացել է 8 ամիս, վարչապետի ու կառավարության փոփոխությունն արդյոք կարո՞ղ է դրական արդյունքներ տալ, կամ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել՝ Կարեն Կարապետյանը կկարողանա՞ դառնալ «փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը» Հայաստանում:
– Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի հին իմիջի պայմաններում շատ դժվար է պատկերացնել, որ նրանք կարող են ընտրություններում հաղթել: Այսինքն՝ իշխանության գալ ոչ թե՝ միայն վարչական ճնշումներն օգտագործելով, այլ՝ գոնե քիչ թե շատ պասիվ ժողովրդին իրենց կողմ տանելով: Բնականաբար, նոր կառավարության նշանակումն առաջին հերթին՝ նախընտրական քայլ է, պետք է ցույց տան, որ զարգացման միտում կա, և իրենց ընտրելու դեպքում այդ միտումը կշարունակվի: Նախագահի և ՀՀԿ-ի վերջին նախընտրական կոչը՝ «Ապահով Հայաստանն» էր և, ըստ էության, մենք հասկացանք, որ այդքան էլ այդպես չէ, այդ «Ապահով Հայաստանը» չի աշխատում, թեկուզ այն տարածաշրջանում ենք ապրում, որ դժվար է այդ կոչով առաջ գնալ: Առաջնային կարգախոսը հիմա ցանկացած ուժի համար պետք է լինի՝ «դեպի զարգացում» տարբերակով, կամ զարգացման ինչ-որ հեռանկարներ բացող: Այլ կարգախոս ես այսօր չեմ տեսնում, որ կարող է աշխատել: Մարդիկ ասում են՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ լույս չկար, բայց հույս կար, այսօր լույս կա, բայց հույս չկա: Այդ հույսի և ինչ-որ որոշակի հեռանկարի կարիքը կա: Դրա համար պետք են փոփոխություններ, թեև, կարծում եմ, դրանք շատ էական լավացումների չեն բերի: Բայց պետք է ցույց տալ դա: Կապրենք՝ կտեսնենք: Այսօր 2 խնդիր է լուծվում՝ մինչև նոյեմբեր ընդդիմության մեջ պայքար է գնում, թե ով է լինելու իրական ընդդիմադիրը, իշխանությունն էլ պետք է իր նոր իմիջով գա և նոր կարգախոսով, որպեսզի կարողանա առաջ գնալ: Այսինքն՝ այս կառավարության փոփոխությունն ամբողջությամբ տեղավորվում է նույն նախընտրական պայքարի տրամաբանության մեջ: